Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունն աստիճանաբար արագություն է վերցնում: Այսօր երկու հանդիպումներով կմեկնարկի պատվավոր մրցանակի քառորդ եզրափակիչ փուլը: «Հրազդան» մարզադաշտում «Բանանցը» կհյուրընկալի «Կիլիկիային», իսկ Ոսկեհատում ուժերը կչափեն Աշտարակի «Միկան» ու Գյումրիի «Շիրակը»:
Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հաջորդ օրը կայանալիք հանդիպումները: «Նաիրի» մարզադաշտում երկրի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի նորաստեղծ «Բենտոնիտին»: Վերջինս 1/8 եզրափակիչում անակնկալի հեղինակ դարձավՙ պայքարից դուրս մղելով բարձրագույն խմբում հանդես եկող Կապանի «Գանձասարին»: Հիշեցնենք, որ «Բենտոնիտի» կազմում ներկայումս մեծ թվով լեգեոնականներ են ընդգրկված եւ թիմն արդեն ապացուցել է, որ բավական մարտունակ կոլեկտիվ է: Կարծում ենք, որ «Փյունիկին» լուրջ փորձություն է սպասում:
Հայաստանի քառակի գավաթակիր Երեւանի «Արարատը» ապրիլի 6-ին Արարատի «Արաքս» մարզադաշտում կհյուրընկալի «Ուլիսին»: Հանդիպումները կսկսվեն ժամը 16-ին: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 10-ին: «Կիլիկիան» ու «Բանանցը» կրկին կմրցեն «Հրազդանում», «Շիրակը» «Միկային» կհյուրընկալի Գյումրիում, իսկ «Բենտոնիտ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա Արարատում: Առայժմ որոշված չէ «Ուլիս»-«Արարատ» հանդիպման մրցավայրը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ