Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավունքի դիտանկյունից է քննվում «Հայկական հարցը միջազգային դիվանագիտության ակունքներում» վերնագրով համառոտ ձեռնարկում, որի հեղինակը Հայաստանի փորձագետների միության վարչության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, Երեւանի դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի հիմնադիր ռեկտոր Ազատ Թադեւոսյանն է: Գրքի հրատարակումը, ինչպես նա նշեց Ազգային գրադարանում երեկ տեղի ունեցած շնորհանդեսից հետո, ժամանակի պահանջն էր, քանի որ 2 շաբաթ հետո աշխարհի առաջադեմ մարդկությունը նշելու է Մեծ եղեռնի 92-րդ տարելիցը: Ցեղասպանության թեմային անդրադառնալու հիմնական դրդիչ գործոններն են նաեւ պատմության ու գրականության նկատմամբ անտարբեր ներկայիս երիտասարդությանն արթնացնելն ու հայրենիքի իրական տերը դարձնելը:
«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ օսմանյան Թուրքիան նպատակ ուներ ոչնչացնելու ու բնաջնջելու հայ ժողովրդին ամբողջապես: Մեր սերունդները պետք է իմանան պատմական իրականության ողջ իմաստն ու ճշմարտությունը:
Այսօր Թուրքիան քրիստոնեական կոթողներ է բացում, սակայն չի տեղադրում դարեր շարունակ Սուրբ Խաչ եկեղեցու վրա եղած հայկական խաչը: Մեր թուրք բարեկամները որքան էլ ձգտում են իրենց նորովի ցույց տալ, միեւնույն է, չեն կարողանում ձուլվել քաղաքակիրթ ժողովուրդներին», ասաց Թադեւոսյանը:
«Վերստին ահազանգ ենք հնչեցնում միջազգային հասարակայնությանը, Հայոց ցեղասպանության հարցին անտարբեր տերություններին ու կառավարություններին հասկացնելով, որ ցեղասպանությունը համաշխարհային ծանր հանցագործություն էՙ խստագույնս քննադատվելու արժանի: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապագայում կանխել ցեղասպանության երեւույթն ընդհանրապես»:
Գրքում հեղինակն այն միտքն է հայտնում, որ միջազգային իրավունքի պրոֆեսորներ Տատրյանի եւ Սմիթի պայքարը օգտաբեր կլինի Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդման եւ արեւմտյան տերությունների հետ Հայաստանի բարեկամական լայն կապերի զարգացման համար:
Հայաստան-Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վերաբերյալ նա նշում է, որ այսօրվա Գերմանիան Թուրքիայի նկատմամբ պահպանում է «կրիտիկական հեռավորություն: Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական դաշինք ունեցող Թուրքիան Գերմանիայի համար ավելի կարեւոր է Հայաստանից: Այս իրադրությունը նրան որոշ չափով հիշեցնում է Բիսմարկի եւ Վիլհելմ 2-րդի ժամանակները, միակ տարբերությունն այն է, ինչ գոյություն ունի վելհելմյան ռեյխի եւ ներկայիս Գերմանիայի միջեւ: Մինչ օրս դաշնակիցներ ընտրելիս առաջնորդվում են պատմական գերակշռող հատկանիշներով: «Նախկին Հարավսլավիայի իրադարձություններն ակներեւ դարձրին մեծ տերությունների, առաջին հերթին պատմական դաշնակիցների նկատմամբ Գերմանիայի կողմնորոշումները, որ ուղեկցվում են «պատմական թշնամիների հրեշացմամբ»:
Հաջորդ տարի լույս կտեսնի գրքի երկրորդ հրատարակությունըՙ ավելի հարստացած նոր փաստերով ու մեկնաբանություններով: Գիրքը հրատարակվել է «Գասպրինտ» հրատարակչությունումՙ սրբագրական, ուղղագրական ու շարահյուսական թերություններով, ինչը, ցավոք, նվազեցնում է ընթերցելու ցանկությունն ու հետաքրքրությունը: Ժամանակն է ի վերջո, որպեսզի մեր հրատարակիչները պահանջեն գիտական ու ոչ գիտական գրքերի բծախնդիր սրբագրում, ելնելով եթե ոչ հայոց լեզվի հանդեպ պատասխանատվության զգացումից, գոնե իրենց հրատարակչության հեղինակությունը բարձր պահելու մղումից:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ