«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ԻԲՐ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ ԽԱԲՎԵԼ Է...

Թուրքերի հերթական ապակողմնորոշումը հրեական ռաբբիի միջոցով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Ապրիլի 24-ից առաջ թուրքերը կրկին անցնում են հարձակման, ցանկանալով միջազգային հանրությանը ապակողմնորոշել հայոց ցեղասպանության հարցում:

Չեխական ազդեցիկ «Մլադա ֆրոնտա Դնես» օրաթերթը ապրիլի 5-ին երկու ուշագրավ թղթակցություններով անդրադարձել է հայոց ցեղասպանության խնդրին: Մասնավորապես առաջին հոդվածում հեղինակ Լյուբոմիր Հեգելը վերլուծել է Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հնարավորությունը եւ դրա հավանական ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: «Ինչպես մխիթարել հայերին եւ չվիրավորել թուրքերին» այսպես է վերնագրել իր հոդվածը «ՄՖ Դնեսի» թղթակիցը:

«Ջարդեր, անսահման ողբերգություն, աղետ, զանգվածային սպանություններ: Այս բոլոր բառերը հնչել են Ջորջ Բուշի շուրթերից, երբ նա նկարագրել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում 1.5 միլիոն հայերի մահը»: Սակայն, ըստ հեղինակի, ամեն անգամ Բուշի խորհրդական-հեղինակները զգուշացրել են, որ նա չարտասանի չորս վանկանոց բառը` գենոցիդա (չեխերեն այսպես է գրվում):

Այս տարի էլ, Բուշը կրկին պետք է այնպիսի բառախաղի դիմի, որ խոսի ցեղասպանության մասին առանց այդ բառը ասելու, եզրակացնում է հեղինակը:

Այնուհետեւ նկարագրելով Կոնգրեսի եւ Սպիտակ տան հարաբերությունները, հոդվածագիրը ներկայացնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսիի հաստատակամ դիրքորոշումը ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու մասին, Միացյալ Նահանգների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հորդոր-դիմումները` բանաձեւ չընդունելու մասին, թուրքական լոբբիստական պատվիրակությունների Միացյալ Նահանգներ կատարած այցերը:

Չնայած այս ամենին, հեղինակը կանխատեսում է, որ կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է, քանի որ ուժեղ է Հայաստանի բնակչությունից երեք անգամ ավելի մեծ հայկական սփյուռքի ազդեցությունը: Միաժամանակ հեղինակը հանգստացնում է թուրքերին, գրելով, թե ամերիկյան բանաձեւը սիմվոլիկ բնույթ կկրի եւ չի ունենա Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի ազդեցությունը:

Ավելի անհավասարակշիռ բովանդակություն ունի «ՄՖ Դնեսի» երկրորդ հոդվածը` Լոս Անջելեսից ուղարկված անստորագիր թղթակցությունը, որն ըստ էության թուրքերի կողմից համացանցում դրված մի սուտ հոդվածի կարճ արտատպումն է` «40 օ՞ր. Վերֆելը հավանաբար խաբվել է» վերնագրով:

Հիմնական գաղափարն այն է, որ Ֆրանց Վերֆելն իր հրեա ընկերներից մեկին ` ռաբբի Ալբերտ Ամաթյուիին խոստովանել է, թե ինքն իրեն խաբված է զգում «Մուսա լեռան 40 օրը» գիրքը գրելուց հետո: Վերֆելը գրքում նշված փաստերի համար հիմք է ընդունել Վիեննայի ինչ-որ հայ եպիսկոպոսի պատմությունները, իսկ երբ տարիներ անց ինքն իբր ծանոթացել է անկախ հետազոտողների գործերին, հասկացել է, որ եպիսկոպոսն իրեն խաբել է եւ ամաչում ու ափսոսում է իր գրած գրքի համար: Այս մասին 1989 թվականի հոկտեմբերին ռաբբին նոտարի մոտ վկայություն է տվել, բայց վախեցել է բարձրաձայնել, վախենալով հայկական ահաբեկչական կազմակերպություններից: Ահա սրանով էլ ավարտվում է թղթակցությունը: Նախ, եթե նման բան լիներ, Վերֆելն ինքը կգրեր այդ մասին կամ գոնե ինչ որ գրառում կթողներ իր հուշերում, որը չի եղել եւ չկա: Վերֆելի կենդանության օրոք հայերը նման կազմակերպություններ չունեին, որ նրան վախեցնեին կամ ահաբեկեին: Եվ հետո վեպը ստիպողաբար չի գրվում, դա երկար տարիների աշխատանք է, որի ընթացքում Վերֆելը բազմիցս ճշտել է իր ձեռքի տակ եղած փաստերը: Ավելին, 1929 թ.-ին Վերֆելը եղել է Սիրիայում եւ այցելել է գաղթական հայերի վրանաքաղաքները, այրիանոցներն ու որբանոցները, լսել ու տեսել է ամեն ինչ անձամբ: Ինչպես վկայում են Ավստրիայի մեր աղբյուրները, հրեա ռաբբիի վկայության մասին որեւէ փաստ հայտնի չի, ավելին` նմանատիպ սուտ վկայությամբ տարիներ առաջ հանդես է եկել մի թուրք պատմաբան, որի ասածներին, սակայն, ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Ուստի հիմա էլ փորձում են Վերֆելին վերագրվող սուտը հրեա ռաբբիների միջոցով տարածել, շատ լավ հասկանալով, որ «Մուսա լեռան 40 օրը» վեպի ազդեցությունը Եվրոպայում շատ ավելի մեծ է, քան տարբեր երկրների կողմից ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերը: Դրա վառ վկայությունն է Չեխիան, ուր ողջ մտավորական վերնախավը հայոց ցեղասպանության թեմային ծանոթ է Վերֆելի գրքով: Չեխական ռադիոյով ժամանակին նույնիսկ հնչել է «Մուսա լեռան 40 օրը» ռադիոբեմադրությունը: Այս իմաստով, հայկական սփյուռքի եւ լոբբիստական կազմակերպությունների համար ամենակարեւոր աշխատանքներից մեկը կլինի արագ ֆինանսավորել եւ եվրոպական տարբեր լեզուներով հրատարակել նմանատիպ գրքեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4