«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն աապրիլի 6-ին մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի 2006 թ. գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության արդյունքները: Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը առաջիկայում ծրագրում է հանդիպել Ակադեմիայի գիտնականների եւ հանրապետության մտավորականների հետ` նրանց հուզող հիմնախնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով:

Ժողովից հետո, պատասխանելով ՀՀ կառավարության եւ վարչապետի հետագա գործունեության հետ կապված լրագրողների հարցերին, Ս. Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Չեմ կարծում, որ պիտի հիմա լուրջ փոփոխություններ լինեն կառավարության կազմում, որովհետեւ մնացել է համարյա 40 օր աշխատելու, եւ մեր կարեւորագույն խնդիրը պիտի լինի ապահովել կառավարության աշխատանքների շարունակականությունը: Որեւէ փոփոխություն, համենայն դեպս, այս պահին նախատեսված չէ»:

Ս. Սարգսյանը չի կարծում, որ կառավարության գործունեության ծրագրում ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն: Համենայն դեպս, ըստ նրա, կառավարությունը ծրագիրը պետք է ուղարկի Ազգային Ժողով: Վարչապետը նշել է, որ ընտրություններից հետո այն քաղաքական ուժը, որը կկազմի կառավարություն, արդեն նոր ծրագիր պետք է ուղարկի ԱԺ:

Անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ պաշտպանության նախարարի նշանակումների հարցին, Ս. Սարգսյանը ձեռնպահ է մնացել կանխատեսումներ անելուց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4