«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է, ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳԱԼ»

Մայիսի 12-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններն ունեն 4 կարեւոր առանձնահատկություն: Դրանք 1990 թվականից հետո Հայաստանում առաջին անգամ են դրսեւորվելուՙ ընտրությունների արդյունքում հնարավոր է իշխանափոխություն արձանագրենք, խորհրդարանական ընտրությունն ընթանալու է նախագահի լիազորությունների երկրորդ ժամկետի սպառմանը զուգընթաց, ընտրվելու է իշխանություն ձեւավորելու իրավասություն ունեցող խորհրդարան, միջազգային հանրությունն էլ այս անգամ արդեն ավելի մեծ հետեւողականություն է ցուցաբերելու ընտրությունների որակի առնչությամբ: Այս նկատառումները երեկ «Փաստարկ» ակումբում ներկայացրեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Այդուհանդերձ, նրա գնահատականով, իշխանությունն այսօր հոգեբանորեն պատրաստ չէ զիջելու զբաղեցրած դիրքերը եւ ազատ, արդար ընտրությունները կարեւորելու բարձրաձայնումները հիմնականում անկեղծ չեն. «Այդ մասին բարձրաձայն խոսում են մարդիկ, որոնք մասնագիտացել են խորհրդարանական, նախագահական ընտրությունները եւ հանրաքվեները կեղծելու մեջ»: Բանախոսի կարծիքով, քաղաքական կամքի երկու կարեւորագույն բաղադրիչներըՙ ե՛ւ իշխանությունը թողնելու, ե՛ւ ընտրական հանձնաժողովները հավասարակշռված կազմավորելու կամքը բացակայում են, բայց առկա է «Ռոբերտ Քոչարյանը հեռանում է, իսկ Սերժ Սարգսյանը չի կարողանում գալ» իրավիճակը: Վիկտոր Դալլաքյանի դիտարկմամբՙ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելը կարելի է մեկնաբանել որպես վարչական լծակները ընտրությունների ընթացքում օգտագործելու հնարավորություն եւ որպես դանայան նվերՙ ընտրությունների նախօրյակին, ամբողջ ընդդիմադիր էլեկտորատն ու ընդդիմադիր կուսակցությունները կարող են իրենց քննադատությունն ուղղել նախագահական հավակնություններ ունեցող նորանշանակ վարչապետին: Վերջինը, բնականաբար, ավելի վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար, ըստ բանախոսի, եւ անկախ դրանից նվազագույն են Սերժ Սարգսյանի շանսերը. «Հիմնական պրոբլեմը, կարծում եմ, ներսում է, որովհետեւ արտաքին աշխարհը ուսումնասիրում է, թե ներքին ինչ պրոցեսներ են տեղի ունենում ՀՀ-ում: Եվ ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ովքեր են ձեւավորում իր իշխանությունը, հակառակ պարագայում մենք կունենանք խամաճիկային իշխանություն»: Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հեռանկարի մասին հարցը Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Նախագահ կդառնա այն անձը, ում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությամբ կընտրի ժողովուրդը, կամ ինչպես ասել է ԱՄՆ նախագահներից Աբրահամ Լինկոլնը. «իրադարձություններն են դարձնում պրեզիդենտ»:

Բանախոսի տեսանկյունից ՀՀ նախագահ Քոչարյանն ազատ, արդար ընտրություններին նպաստելու եւ որպես ռեֆորմատոր հեռանալու հնարավորություն ունի: «Խորհրդարանի ընտրության կեղծումը կարող է հանգեցնել նախագահի պաշտոնանկության: Չեմ կարծում, թե Քոչարյանը կցանկանա հեռանալ ժողովրդի բացասական գնահատականին արժանանալով: Գուցե, դա արդեն նրա խնդիրն է, նա կարող է ցույց տալ, որ ինքը հեռանում է որպես ռեֆորմատոր»: Բացի այդ, Վիկտոր Դալլաքյանը կարեւորեց, որ չի անտեսվի նաեւ ընտրությունների կեղծման դեպքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում լուրջ ճնշումնեի հեռանկարը: Զերծ մնալով մինչեւ այսօր Ռոբերտ Քոչարյանի կատարած քայլերի ազատ, արդար ընտրություններին ուղղվածությունը գնահատելուց, բանախոսն ընդգծեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին Հայաստանի օրինական ընտրություններն են. «Գուցե Քոչարյանն առաջնորդվի նաեւ հայրենասիրական մղումներով: Այլ մոտիվացիաներ նույնպես կարող են լինել, բայց ուզում եմ ընդգծել, որ այդ շանսը ես տեսնում եմ»:

Իսկ եթե իրադարձություններն ընթանան խորհրդարանական ընտրությունների կեղծման ուղիով, ապա ընտրությունները տեղի կունենան մայիսի 13-ից հետո, ըստ Վիկտոր Դալլաքյանի, եւ ժողովուրդն ու միջազգային հանրությունը կցուցաբերեն համարժեք արձագանք. «Այն կարծիքին եմ, որ հիմա նույնպես, եթե ընտրությունները կեղծվեն, ժողովուրդը դուրս կգա եւ կպաշտպանի իր իրավունքը: Ժողովրդի մոտ 75-80 տոկոսն ունի ընդդիմադիր մոտեցումներ, եւ արդեն ընդդիմության վարպետությունից եւ գրագետ քայլերից է կախված, թե ինչպես կարող է ընդդիմությունը առաջնորդել ըմբոստ 70-80 տոկոսանոց զանգվածը»: Միջազգային հանրության արձագանքի համարժեքության ակնկալիքն էլ Վիկտոր Դալլաքյանը բացատրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հնարավորությունների մեծացման եւ խորհրդարանի ընտրությամբ իշխանության հարցը առաջիկա 10 տարիների նկարագիրը որոշելու հանգամանքներով: Վերջինը բանախոսի հավաստմամբ նաեւ մի շարք լուրջ երկրների դեսպանատների ներկայացուցիչների գնահատականն է: Իշխանություններից դժգոհ զանգվածին առաջնորդելու զորու ուժերն էլ Վիկտոր Դալլաքյանին հայտնի են. «Ընդդիմադիր ուժեր կան, որոնք կարող են առաջնորդելՙ «Արդարություն» դաշինքի բոլոր կուսակցությունները, ՕԵԿ-ը, «Ազգային Միաբանությունը», «Ժառանգությունը», «Նոր Ժամանակները»:

Վիկտոր Դալլաքյանը մրցակցության սկզբունքով եւ լուրջ քաղաքական ուժերի պաշտպանությամբ առաջադրվել է Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում եւ բացի 32 էջից բաղկացած ծրագրից, ներկայացրել է նաեւ «Մեր ապագայի բանալիները» գիրքը, որ երեկ բաժանվեց նաեւ լրագրողներին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4