«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է

Հայաստանի քաղաքական ղեկավարներից մեկիՙ յոթ տարի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահը ծանր կորուստ դարձավ հանրապետության համար:

Ներկայումս Հայաստանում ծավալվում է հետխորհրդային տարածքի 2007 թ. առավել նշանակալի ընտրարշավներից մեկը: Եվ մեր երկրի համար քաղաքական այդ ընտրարշավն ունի հսկայական կարեւորություն:

Հայաստանը մեր ամենահուսալի գործընկերն է Անդրկովկասում: Տարածաշրջանը միակ երկիրն է, որը չի մտնում Եվրասիայում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակող նախագծիՙ ՎՈՒԱՄ-ի մեջ: Հայաստանն ամբողջ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենահուսալի դաշնակիցներից մեկն է, մտնում է ԱՊՀ միջուկի, Եվրասիական տնտեսական համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ: Ընդսմին նա անկեղծ գործընկեր ու դաշնակից է, որի հասարակական գիտակցության մեջ հակառուսական տրամադրությունները երբեք լուրջ արձագանք չեն գտել: Թվով Հայաստանի բնակչությանը գերազանցող հայկական սփյուռքն ազդեցիկ գործոն է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ ուրիշ կարեւոր երկրներումՙ Իրանից մինչեւ ԱՄՆ:

Գաղտնիք չէ, որ վերջերս Անդրկովկասն ավելի ու ավելի մեծ չափով դառնում է մեծ տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ: ԱՄՆ-ն առավելագույնս ամրապնդել է դիրքերը Վրաստանում, ամրանում է Ադրբեջանում, նշանակալի գործոն դառնալով նաեւ Հայաստանի քաղաքական բեմում: Որոշակի դեր են խաղում Իրաքի եւ Իրանի խնդիրները: Եվրոմիությունը եւս կարեւորում է Անդրկովկասի դերը:

Նման բարդ իրավիճակում Ռուսաստանի համար շատ կարեւոր է Անդրկովկասում իշխանություններին տեսնել իր հետ կառուցողական փոխգործողության հակված քաղաքական ուժերի: Հայաստանում մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհաջորդեն նախագահական ընտրությունները: Ռուսաստանի հետ դրական հարաբերությունների անկեղծ կողմնակից Ռոբերտ Քոչարյանը, ինչպես եւ Վլադիմիր Պուտինը, չի կարող հաջորդ ժամկետով վերընտրվել: Թե շարքային քաղաքացիները եւ թե ընտրախավը որպես նրա իրավահաջորդ են ընկալում Սերժ Սարգսյանին: Նա կրթությամբ բանասեր է, բայց ճակատագրի կամոք դարձավ Ղարաբաղի բանակի հրամանատարներից մեկը, իսկ վերջին տարիներին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ անվտանգության խորհուրդը: Սարգսյանին կողմ է նաեւ Ռուսաստանը: Այդ ուժեղ եւ ճկուն քաղաքական գործիչը կայուն կապեր է հաստատել ՌԴ ղեկավար շրջանակների հետ: Ընդսմին նա լուրջ հակակրանք չի առաջացնում նաեւ Արեւմուտքում: Բայց նախ եւ առաջ ընտրություններում պետք է հաջողության հասնի «Հանրապետական» կուսակցությունը:

Ինչո՞վ կարող ենք օգնել Հայաստանին: Նախ եւ առաջՙ մեր գործընկերոջ հանդեպ պատասխանատու եւ ուշադիր վերաբերմունքով, հաշվի առնելով հայկական կողմի քաղաքական եւ նույնիսկ կենցաղային մտահոգությունները: Ռուսաստանից են կախված իր տարածքում ապրող եւ աշխատող հայերի իրավունքների պահպանությունը, ազգային կամ քաղաքացիական խտրականության կանխումը, նրանց անվտանգության ապահովումը: Էթնիկական հողի վրա կատարվող հանցագործությունները պետք է միանշանակ կերպով դատապարտվեն:

Կարեւոր է հնարավորինս արագ ներդրումներ կատարել եւ գործարկել այն ձեռնարկությունները, որոնք ՌԴ իրավաբանական անձանց սեփականությունն են դարձել արտաքին պարտքի մարման հաշվին եւ մասնավորեցման ընթացքում: Հակառակ դեպքում հնարավոր է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական բացասական արդյունք:

Հայաստանում ակնհայտ դժգոհություն են առաջացրել բնական գազի թանկացման քայլերը: Անշուշտ, շուկայական գնագոյացմանն անցնելը անխուսափելի է, բայց Ռուսաստանը կարող է քննարկել դաշնակից երկրներին որոշակի փոխհատուցում տալու հնարավորության հարցը: Այս տարի առաջին անգամ միջոցներ են հատկացվում արտասահմանին օգնելու ծրագրին, եւ Հայաստանը պետք է համարվի նման օգնութուն ստացողներից մեկը:

Եթե դա արվի, ապա մենք կօգնենք Հայաստանի ռուսամետ ուժերին, հետեւաբարՙ նաեւ ինքներս մեզ:

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՆԻԿՈՆՈՎ, «Իզվեստիա», 04.04.2007 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4