Մեր երկրում ապրում են 60-ից ավելի այլազգի ներկայացուցիչներ, որոնց բաժին է ընկնում մեր երկրում եղած անարդարությունների այն բաժինը, ինչը եւ տարածվում է մեզ վրա: Երեկ «Տեսակետ» ակումբում այս կարծիքը հայտնեց կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը, որը գիտության, կրթության, ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գծով նախագահի խորհրդական Սերգո Երիցյանի հետ խոսում էր խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության մասին:
Հրանուշ Խառատյանի խոսքով, մեր երկրում ազգային փոքրամասնությունները բազմազանությամբ շատ են, բայց քանակով փոքր են, ուստի նրանցից խորհրդարանում պատգամավոր ունենալու հարցն էլ դժվարություններ է առաջացնում: Նա ներկայացրեց Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններից պատգամավոր ունենալու բարդությունները, ապա նշեց, որ իրենք, համայնքների հետ քննարկելով, էթնիկ համայնքների ներկայացուցիչների խնդիրներն իշխանություններին հասցնելու մեկ այլ տարբերակ են ընտրել: Պատրաստվում է օրենքի նախագիծՙ ըստ որի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից նրանց խնդիրները քննարկելու եւ երկրի ղեկավարությանը հասցնելու համար պետք է կազմվի ընտրովի մարմին: Իսկ այն բնակավայրերում, որտեղ որեւէ ազգային փոքրամասնություն կազմում է բնակչության 15 տոկոսը, նախատեսվում է ներկայացուցիչ ընդգրկել տեղական ինքնակառավարման մարմնում, որտեղ էլ վերջինս կներկայացնի համայնքի խնդիրները: Հրանուշ Խառատյանը համոզված է, որ օրենքի նախագծի մշակումը արտացոլում է երկրի ղեկավարության քաղաքականությունը իր երկրում ապրող փոքրամասնությունների նկատմամբ:
Սերգո Երիցյանն էլ, համաձայնելով իր գործընկերոջ հետ, ընդգծեց, որ աշխարհի շատ երկրներում, որտեղ փոքրամասնությունները քիչ են, չեն ընդգրկվում խորհրդարանում, այլ կառավարման մարմիններում ներկայացուցիչ են ունենում: Հանրապետության նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ իրենք Հայաստանում ազգային փոքրամասնությունների հետ քաղաքական խնդիրներ չունեն, սակայն անելիքներ կան համայնքներին իրենց կրթամշակութային ծրագրերն իրականացնելու հնարավորություն ընձեռելու իմաստով: Խորհրդականը նշեց, որ 2008 թ. բյուջեով այս խնդիրների լուծման համար կազմված ծրագրի ֆինանսավորում է նախատեսվում:
Ակումբի երկու բանախոսներն էլ համակարծիք էին, որ մեր երկրում ապրող փոքրամասնությունները մեր երկրի ժողովրդի պես ապրում են գրեթե նույն կենցաղում, հնարավորություն ունեն մեզ հետ սովորելու, իսկ իրավունքների ոտնահարման հարցերում նրանց իրավունքներն էլ ոտնահարվում են այնքան, որքան բոլորինս. «Ցավոք, այսօր մենք դեռ չենք հասել երկրի քաղաքացիների իրավունքների փաստական պաշտպանության, այն դեռեւս միայն իրավական է»: Հրանուշ Խառատյանի խոսքով, էթնիկ համայնքներում այլ է իրավունքների հարցը, մեկ այլ բարդություն է իրավունքների իրացման հնարավորությունը: Նա հավաստիացրեց, որ իրենք համայնքներին պատշաճորեն տեղեկացնում են իրենց իրավունքների մասին, սակայն դրանց իրագործման որակը կախված է համայնքի կառուցվածքից, ներքին համախմբվածությունից եւ այլ հարցերից:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ