Պատրանք, թե՞ իրականություն
Տղամարդու եւ կնոջ հավասարությունը հասարակական-քաղաքական կյանքում շարունակում է մնալ թերի: Տղամարդկանց մի մասը թերագնահատում է կանանց ընդունակությունները, նրանց համարելով «զգացմունքային էակներ»: Իսկ կանայք համոզված են, որ կարող են աշխատել պետության կառավարման յուրաքանչյուր օղակում եւ աչքի ընկնել բարձր արդյունավետությամբ: Մեր զրուցակիցըՙ Ջեմմա Հասրաթյանը, համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահն է: Ասոցիացիան ստեղծվել է 1995 թ. դեկտեմբերի 13-ին` Պեկինի 4-րդ համաշխարհային խորհրդաժողովից հետո, երբ մի խումբ բարձրագույն կրթությամբ կանայք հասկացան, որ պետք է կարողանան իրենց տեղը գտնել նոր ձեւավորվող հասարակարգում: Տարիներ անց ասոցիացիան ոչ միայն ձեւավորվեց որպես կառույց, այլեւ գտավ իր տեղը հասարակական-քաղաքական կյանքում: Ներկայում ունի 32 մասնաճյուղ:
- Շատերը պնդում են, թե չկան ուժեղ կամքի տեր ու վճռական հայուհիներ` քաղաքականությամբ զբաղվելու համար:
- Դա սխալ կարծիք է: Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կինը ունի բարձրագույն կրթություն: Դա լուրջ հայտ է: Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել այդ փաստը: Չէ՞ որ հրաժարվելով կանանց օգնությունից երկիրը կորցնում է մեծ ներուժ: Իսկ գուցե դա մրցակցության վտա՞նգ է:
- ՀՀ ԱԺ-ում կանայք կազմում են 5 տոկոս:
- Հայ կանայք ունեն գիտելիքներ, բայց չունեն քաղաքական պայքարի կայուն փորձ: Սա հայ կնոջ համար նորություն է: Եթե սկանդինավյան երկրներում իրավահավասարության պայքարը սկսվել է 20-30-ական թվականներին, ապա Հայաստանում այդ պայքարը ավելի ուշ է սկսվել: Խանգարող գործոնները շատ են: Բացի տղամարդկանցից հայուհիներին խանգարում են գենդերային կարծրատիպն ու հասարակության կարծիքը:
- Ի՞նչ ակնկալիքներ կան մոտակա ընտրություններից: Կարո՞ղ են կանայք մեծ տոկոս կազմել ԱԺ-ում:
- Հավանականությունը զրոյական է: Մեծամասնական ընտրական համակարգում առաջադրված է 10 կին` 8 ընտրատարածքում: Կուսակցությունները կանանց չեն աջակցում: Օրինակՙ Շվեդիայում ընտրական թերթիկներում տղամարդու եւ կնոջ անունները գրվում են հերթականությամբ: Հայաստանում հակառակ պատկերն է:
- Կինը կարո՞ղ է մենակ հաղթահարել խոչընդոտները, թե՞ նրան անհրաժեշտ են տղամարդու վստահությունն ու աջակցությունը:
- Հայ տղամարդիկ քաղաքականության մեջ էլ պետք է լինեն ջենթլմեն: Նախ կանանց պետք է աջակցեն իրենց ամուսինները: Կան տղամարդիկ, ովքեր լոյալ են մոտենում կին քաղաքական գործիչներին: Նրանք չեն խոչընդոտում, բայց չեն էլ աջակցում: Անհրաժեշտ է աջակցել եւ համատեղ ջանքերով հասնել արդյունքի:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ