Երկու աշխարհների միջեւ
Հակոբ Սարգիսյանի բանաստեղծական աշխարհին պատկերային մտածողությունն է բնորոշ` բառի թեթեւ գծագրումներով ու զգացմունքային-քնարականությամբ: Բանաստեղծությունների ներքին տրամաբանությունը ներաշխարհի մի ուրույն կենսագրություն է ուրվագծում: Բնությանը ներդաշնության ձեռք մեկնած ներքին հավասարակշռությամբՙ բանաստեղծը թեեւ իր բազմաթիվ անհանգստություններին, թեթեւություն ու անդորրություն է ստեղծում բառերի տարածքներում:
Ժնեւաբնակ մեր հայրենակցի` Հակոբ Սարգիսյանի բանաստեղծությունների երրորդ ժողովածուն` «Բողբոջին կայծը», լույս տեսավ 2006-ին Անթիլիասում (Բեյրութ)` արժանանալով Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Գէորգ Մելիտինեցի» գրական մրցանակային հրատարակության: Գիրքը պատվավոր այս մրցանակաբաշխության թվով 66-րդ տպագրությունն է:
Ժողովածուի խորագիրը գեղարվեստական այս նոր հղացումների բանալին է թերեւս. բողբոջի կայծը` կյանքի մեջ կյանք վերստեղծելու-վերընձյուղելու մի փորձ է, որն արված է բառի գեղագիտական արժեքի նուրբ զգացողությամբ, դրա իմաստային ներքին շերտերի ճանաչողությամբ եւ գեղարվեստական պատկերաստեղծման վարպետ համադրությամբ: Կյանքը (առօրեականությունը) այնպես գեղեցկորեն է շաղախված աշխարհի էսթետիկ ընկալումներին, որ դժվարանում ես հավատալ, թե հեղինակը մասնագիտությամբ, զբաղմունքով ու հասարակական գործունեությամբ գրական բուն կյանքի մեջ չէ, թեեւ հայտնի են իր մտավորական հետաքրքրությունները, մշակութային, գրական իրողությունների ու երեւույթների նկատմամբ իր վերաբերմունքն ու իմացությունները: (Նա պարբերաբար աշխատակցել է Հայաստանի եւ սփյուռքի մամուլին` «Շիրակ», «Առագաստ», «Կամար», «Գարուն», «Զարթօնք», «Գրական թերթ», «Պայքար», «Նոր օր»... Այժմ ղեկավարում է շվեյցարական առեւտրային մի հաստատություն, միաժամանակ վարում է Իզմիրլյան հիմնադրամը, որի ավագ փոխնախագահն է):
Հայերենով ստեղծագործելը բանաստեղծի համար կենսականորեն անհրաժեշտ ներքին մթնոլորտ է: Այդ մենախոսություններն օտար լեզվական միջավայրում մայրենիով շփման եզրեր չունեցող հայ մարդու համար մարմնավորում ստանում են բանաստեղծական մտաձեւերում ու գունալեցուն պատկերակառույցներում: Իր հարցազրույցներից մեկում տաղանդավոր գրող Կարիկ Պասմաճյանն ասում էր. «Հայ գրողն այն հազվագյուտ թռչունն է, որ օր մը պիտի սպառի, պետք է այժմեն գուրգուրանք անոր վերջին ներկայացուցիչներուն վրա: ... Ամիսներով կը նստեի ու գրաստային աշխատանքի կլծվեի մեկ գրքի համար, որպեսզի ամսվան վերջը տան վարձքն ալ չկարենայի տալ: Կ՛ըլլա՞յ, ըլլալիք բա՞ն է: Ինչո՞ւ: Որովհետեւ հայ գրող էի: Որովհետեւ համառ էի, կ՛ուզեի մայրենի լեզվով գրել»:
Հայերենով խոսելն ու մտածելը լռեցնելու պարտադրված հոգեվիճակ. դժվար է հասկանալ: Հայրենիք ամեն անգամ վերադարձին Հակոբ Սարգիսյանն էլ նման խոստովանություններ հաճախ է անում: Սակայն բանաստեղծական ինքնադրսեւորումները միայն հարազատ լեզվական միջավայր ստեղծելու անհրաժեշտությունից չեն, այլեւ աշխարհին ու կյանքին գեղարվեստորեն արձագանքելու մտածողությունից ու պահանջից: Նրա գրելաոճը, արտահայտչաձեւերը միանգամայն հարազատ են ժամանակակից պոեզիային: Շատ հետաքրքրականորեն զուգակցված ու լրացնում են միմյանց միտքն ու զգացմունքը, փիլիսոփայությունն ու ապրումը, կյանքն ու գեղագիտությունը, տիեզերքի ամբողջությունն ու մարդկային «ես»-ի մասնիկը. «Տիեզերքին պաշտօնը չէ երկրագունտին ընթացքը փոխել/ այդ կը պատկանի մարդուն մէջ ապրող կաթիլ մը յոյսին»: Վերջալույսի մակույկի տխուր գոյների փոխարեն նա ակնկալում է «մէկ հատ բառէն ծլող բողբոջը/ պոռթկացող բոյրը/ բողբոջին կայծը»:
Բանաստեղծությունների զգալի մասը հայաստանյան արձագանքներ են, որոնցում հայրենիքի ներկայությունը հուշի ձեւով վերապրվում, վերակենդանանում է. ահա «Քարերու երկիր»-ըՙ սքանչելի մի բառաքանդակ, որ թեեւ թվագրված չէ, բայց Մեղրիի ուղեւորության տպավորությամբ է ասես գրվելՙ մոխրագույն սրածայր ժայռերի մտազբաղ, խստահայաց արտահայտություններով: «Քարերը իմ տունս են/ իմ օդս/ շիրիմս/երբ աշխարհը լքեմ քարերու հրաւէր կը ստանամ»: Երկիրը քարերի հետ ասոցացվում է նաեւ «Կը պակսինք» բանաստեղծության մեջ. քարի հետ զրույցի բռնված բանաստեղծը նրա անշարժ ձեւերում տոկունության ջիղ է որոնում, իրեն չլքող մշտական տագնապովՙ «թէ ինչու/ նոյն հինաւուրց հողին վրայ/ նոյն կապտաւուն երկինքին տակ/ քարերը շարունակ կ՛աւելնան/ իսկ մենք... կը պակսինք»:
Հայրենիքի ներկան ու ապագան խորապես ապրողի, հոգու զինվորի լուռ աղոթք է «Այցելութիւն Եռաբլուր» բանաստեղծությունըՙ ժողովրդի պատմության ու նախնիների կենսագրության մեր ժամանակակցի մի վերագնահատում: Այնտեղ հանգչող մահն իմաստավորում է ապրողների երազը, բայց սթափությունն իրականության է կոչում. «Գիտցի՛ր որ գերեզմաններդ լայնցան բայց ոչ երկիրդ/ գիտցի՛ր, որ դրօշակներու գոյները կը փոխուին/ ոչ թշնամիդ/ բարեկամներդ համակրութիւն ղրկեցին քեզի/փոխան փամփուշտի/ գիտցի՛ր թէ դուն բարեկամն ես/ միայն դուն քեզի»: Ահավասիկ պատգամ հարուստ կենսագրության փորձառությունից:
Ահա Արարատի առեղծվածային կերպափոխումների խորհուրդ- ժամանակի մեր ճանապարհը եւ նրա լանջերին ու շուրջը ժողովվածներիս սարսուռը. «անյուսութեան ձորին մէջ առանձին չեմ/ դեռ սաւառնելու տենչ մը կայ/ որ քեզմէ մեծ է/ քեզ դիտելով գրի կ՛առնեմ յաւերժին գիծերը/ քեզ կը գծեմ ցաւի շուքերով»:
Հայրենակարոտությունը հեռավորության պաստառներին ստեղծում է Հայաստան երկրի ճշմարտակերտ մի համապատկեր, ուր իբրեւ բառաքանդակ ու խոսքանկար գունագեղվում է Հ. Սարգիսյանի հայրենիքը, որի լեռներն ու լեռնագոգերը հաճախ հիշեցնում են իր բնակավայրիՙ շվեյցարական բնությունը: Ահա ինչպես է «նկարում» Մեղրին, որտեղ քարերն անձրեւի պես են կաթկթում. «Եկեղեցին ժայռերու վրայ ժամանակի պահակն է/ իր գմբէթը կը նոյնանայ աստուծոյ հետ», իսկ Արագածը «սառած երաժշտություն է», որի «եռացող սրտի» ունկնդիրն է ինքը:
Բազմաճառագայթ կյանքը մայրամուտի մակույկին է հասնում ու հետ դառնում, զգում բողբոջի կայծն ու բույրը, հետո նիրհում իր պատյանի մեջ, որովհետեւ միեւնույն է, անխուսափելիորեն իջնելու է առօրեականության ձանձրույթը, որն, ասես, դանդաղ մահ է, անշարժություն, որտեղ իրերի լռությունըՙ ներքին ամլության է դատապարտում. «արեւի մեկնումէն եւ ծերացած մայթին միջեւ բնակարան/ ծեփի փոխան պատերուն մէջ զայրոյթ բողոք եւ սէր/ երակներու պէս/ հոսող/ յորդող/ անընդմէջ գոյութիւն/ երազի պէս հեղասահ/ սրտին արձակուած գնդակի պէս քանդիչ առօրեայ»:
Բանաստեղծի գտած իրականությունը ճանաչողության ներքին կտավներին այլ նշանագրեր ու հետքեր է թողնում, ստեղծում բացակա ու ներկա մի աշխարհՙ նույնքան իրական ու մտացածին, հեշտանում է բանաստեղծելը, որովհետեւ «թուղթի բարիքին պէտք չունիս/ օդին մէջ ամպերու մելանով կը գրես», եւ դյուրացնում է ապրելը, որովհետեւ «լոյսին ձեռքը մեզ վերստին ստեղծեց»:
Երկարատեւ ներսուզումներն ու խոկումները գերիրապաշտական տրամադրություններ ու վիճակներ են արձանագրում. այստեղ բանաստեղծական պատկերները տարածաչափական այլ բնույթ են ձեռք բերում, իմաստային նոր երանգներն ավելի բազմաշերտ են դառնում: Դրա լավագույն արտահայտություններից է «Գերիրապաշտը», երբ քայլերի արձագանքն իր ընկալումից հեռանում է այնքան, որ արեւի սրինգով է հմայում իր ներկայությունը հանդուրժողներին. «Դուն ժամանակի տան մէջն ես միայն դուն քեզի հետ/ բայց իրերը լքեցին իրենց մարմինը»:
Իրավիճակ. կյանք, ժամանակի ավերակների մեջ հին ժամացույցի ճռինչ. «Ծառերուն աշունը բանտարկած է յառաջիկայ կանաչը/ եւ հողէ երկինքը ճակատագրին քրքիջն է/ քմծիծաղը պատանդ կ՛առնեմ որպէս ապրելու ոճ/: Շատ հարազատ է ինքն իրեն, իր պահվածքին, ներաշխարհին, իր մտածումներին: Հ. Սարգիսյանին բնորոշ խոսքի լրջախոհությունն ու ինքնահատուկ լռությունը հավասարակշիռ բառի բանաստեղծական դրսեւորումներում գեղարվեստական արժեք են ստանում: Իր բանաստեղծությունների արդեն երեք ժողովածուներըՙ «Մկրատի շեղբին վրայ» (Բեյրութ, 1995), «Անկշռելին» (Երեւան, 2004) եւ «Բողբոջին կայծը» (Անթիլիաս, 2006) վստահաբար հարստացնում են ժամանակակից հայ պոեզիան նոր եւ թարմ մտածողությամբ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ