«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ՀԻՄՆՎԵՑ ԱՐԱԳԱՎԱԶՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Այն եւս գլխավորում է ձիասպորտի նվիրյալ Հայրապետ Հայրապետյանը

Երեկ «Արարատ» հյուրանոցում ձիասպորտի հանրապետական ֆեդերացիայի ղեկավարությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել: Առիթը նոր` արագավազքի Հայաստանի ֆեդերացիայի ստեղծումն էր: Ֆեդերացիայի հիմնադիր նիստում կազմակերպության ղեկավար էր ընտրվել ձիասպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, փոխնախագահ` Արմեն Քալանթարյանը, պատասխանատու քարտուղար` Գագիկ Վարադյանը: Նաեւ ընտրվել էր 9 հոգուց բաղկացած գործկոմի կազմ:

Ինչպես տեղեկացրեց նորընտիր ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, արագավազքը ձիասպորտի չորս մրցաձեւերից մեկն է եւ մեծ մասսայականություն է վայելում աշխարհում: Հայաստանում այս մրցաձեւից մրցումներ են անցկացվել նախորդ դարում` 1949-1959 թթ.: Հետագայում ձիարշավարանում ծագած հրդեհը պատճառ դարձավ, որ մարզաձեւը մոռացության տրվի անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով: Չնայած բուն պատճառն այլ էր: Խորհրդային տարիներին սովորաբար էլիտար մարզաձեւերը բուրժուական էին համարվում եւ ամեն կերպ խոչընդոտում էին դրանց զարգացմանը:

Նշենք, որ արագավազքը զգալիորեն տարբերվում է արգելքների հաղթահարում մրցաձեւից: Երկու մրցաձեւում սովորաբար տարբեր ձիեր են օգտագործվում: Արագավազքում օգտագործվող ձիերի տարիքը տատանվում է 2-5 տարեկանների սահմանում: Իսկ նժույգավարներն էլ որպես կանոն թեթեւ քաշայիններ պետք է լինեն, ինչը եւս նպաստում է արագությանը:

Ի դեպ, արագավազքից այսօր ձիարշավարանում անդրանիկ մրցումներն են անցկացվելու: Կտրվի երեք մեկնարկ: Մարզիկները կմրցեն 1000, 1200 եւ 1400 մ մրցատարածություններում: Նշենք, որ մեր ձիարշավարանի վազքուղին համապատասխանում է միջազգային չափանիշներին. երկարությունը 1800 մետր է, լայնությունը` 16 մետր: Առայժմ հանդիսականների համար նախատեսված տրիբունան պատրաստ չէ: Մինչեւ սեպտեմբեր շահագործման կհանձնվի 1500 տեղանոց տրիբունան:

Թեեւ արագավազությունն օլիմպիական մարզաձեւ չէ, սակայն հետաքրքրասիրությունը դրա նկատմամբ աշխարհում շատ մեծ է: Սովորաբար նման մրցումներում խաղադրույքներ են կատարվում, ինչը Հայաստանում դեռեւս ընդունված չէ: Արագավազության մրցումներն անցկացվելու են միջազգային ֆեդերացիայի կանոններով, տարիքային տարբեր խմբերով եւ տարբեր ցեղատեսակներով: Ակումբներն իրենք են մրցումներին ներկայանալու ձիերով:

Նորաստեղծ ֆեդերացիայի առաջնահերթ խնդիրը մարզաձեւը Հայաստանում արմատավորելն ու դրա մասսայականացումն է: Արդեն այժմ ձիասպորտի գործող ակումբներում այդ մարզաձեւով սկսվելու են պարապմունքները եւ երեխաները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու: Ֆեդերացիան նաեւ հայտ է ներկայացնելու մարզաձեւի միջազգային ֆեդերացիային անդամագրվելու:

Ասուլիսում խոսք գնաց նաեւ ձիասպորտի ֆեդերացիայի, մեր մարզիկների առաջիկա խնդիրների մասին: Նշվեց, որ այժմ ձիասպորտի Հայաստանի ֆեդերացիան մարզաձեւի ասիական միջազգային ֆեդերացիայի անդամ է, որի նախագահն է Ղազախստանի ներկայացուցիչը: Սակայն ինչպես նշեց Հայրապետ Հայրապետյանը, այս չորս տարիների ընթացքում ինքը դեռեւս չի հանդիպել միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ եւ անձամբ չի էլ ճանաչում նրան: Ասիայում կազմակերպվելիք մրցումներին մեր մարզիկների մասնակցությունը նպատակահարմար չէ: Ուստի մեր ֆեդերացիան ցանկանում է անդամագրվել եվրոպական ֆեդերացիային: Շուտով կայանալու է եվրոպական ֆեդերացիայի համաժողովը, որին մասնակցելու է նաեւ մեր ֆեդերացիայի պատվիրակությունը, որը դիմելու է եվրոպական ֆեդերացիային անդամակցելու խնդրանքով: Մանավանդ, որ Փարիզում մենք ունենք մարզաբազա, հիմնվել է «Արարատ» ակումբը, որտեղ մարզվում են մարզիկներն ու նախապատրաստվում մրցումների: Ըստ Հայրապետ Հայրապետյանի, ունենք պրոֆեսիոնալ լավ մարզիկներ, որոնցից լավագույնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականում: Մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորաստեղծ ֆեդերացիային իր նոր ձեռնարկումներում: Ձիասպորտը շնորհիվ գործարար Հայրապետ Հայրապետյանի հանրապետությունում նոր զարթոնք է ապրում եւ աստիճանաբար վերականգնվում են բարի ավանդույթները: Կասկած չկա, որ նրա ղեկավարած նոր ֆեդերացիան էլ կնպաստի արագավազության զարգացմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4