«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Դրեզդենում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթարշավն է շարունակում Էլինա Դանիելյանը: Երրորդ տուրում նա նոր հաղթանակ տարավՙ առավելության հասնելով Օքսանա Վոզովիչի նկատմամբ: Այժմ Դանիելյանը 3 միավորով Տատյանա Կոսինցեւայի, Զեյնաբ Մամեդյարովայի, Կարմեն Վոիչուի, Անտոնետա Ստեֆանովայի, Աննա Մուզիչուկի, Եկատերինա Աթալիկի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կանանց մրցաշարի մեր մյուս երկու մասնակիցները միասին ընդամենը կես միավոր վաստակեցին: Այն իր օգտին գրանցեց Լիլիթ Մկրտչյանըՙ ոչ-ոքի խաղալով Թուրկան Մամեդյարովայի հետ: Իսկ ահա Սիրանուշ Անդրեասյանը սպիտակներով զիջեց Էլիզաբեթ Պյոտչին: Լիլիթն իր օգտին 2 միավոր է գրանցել, իսկ Սիրանուշն ունի մեկ միավոր:

Տղամարդկանց մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող են խաղում Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանն ու Սերգեյ Մովսիսյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Վահանյանը ոչ-ոքի խաղաց Տիգեր Հիլարպի հետ, իսկ Մինասյանը հաղթեց Էդուարդ Պորպերին: Սերգեյ Մովսիսյանն էլ իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Երրորդ տուրը հաջող էր նաեւ Արման Փաշիկյանի համար, որը սպիտակներով հաղթեց Յակուպ Էրթուրանին: Անդրեասյան-Լազնիկա, Լանդենբերգուե-Սարգսյան, Սանիկիձե-Ասրյան, Անաստասյան-Ռոչա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Անհաջողության մատնվեցին Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը, որոնք զիջեցին համապատասխանաբար Անդրեյ Վոլոկիտինին ու Ալեքսանդր Մոիսեենկոյին:

Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հինգ շախմատիստներՙ ուկրաինացիներ Անդրեյ Վոլոկիտինը, Ալեքսանդր Մոիսեենկոն, Ալեքսանդր Բերելովիչը, ռուսաստանցի Ալեքսանդր Գալկինն ու ռումինացի Քրիստիան Ժիանուն: 56 շախմատիստներ, որոնց թվում են Վահանյանը, Մինասյանը, Մովսիսյանը, վաստակել են 2,5-ական միավոր: Պետրոսյանը, Անդրեասյանը, Քոթանջյանն ու Փաշիկյանը ունեն 2-ական միավոր: Նրանցից կես միավոր պակաս են վաստակել Ասրյանը, Սարգսյանն ու Անաստասյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4