«Ազգը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Տալլինի «Արարատ» ֆուտբոլային թիմի հաջողություններին: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում հանդես գալով Էստոնիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ խմբում, Ավետիք Հայրապետյանի սաները մեծ վերելքով անցկացրին հանդիպումները եւ նվաճեցին 2-րդ խմբում հանդես գալու իրավունք:
Եվ ահա նոր մրցաշրջանի շեմին ակումբի ղեկավարությունը հանդիպում էր կազմակերպել թիմի երկրպագուների հետ: Այն սկսվեց ֆուտբոլային մրցախաղով, որում «Արարատը» մրցեց իր երկրպագուներից կազմավորած թիմի հետ: Հանդիպումն անցկացվեց 5 աստղանի «Կոտկա» ծածկած մարզադաշտում, որի սեփականատերն է Գարիկ Իկնոյանը: Հետաքրքրական մրցապայքարում անցած խաղում 12-9 հաշվով հաղթեցին արարատցիները: Հանդիպման լավագույն խաղացողներ ճանաչվեցին Միխայիլ Բելովը («Արարատ») եւ Հարություն Հարությունյանը (երկրպագուների թիմից):
Խաղից հետո կայացավ թիմի երկրպագուների հետ «Արարատի» ֆուտբոլիստների հանդիպումը, որի ժամանակ ակումբի նախագահ Ալբերտ Ստեփանյանն ու գլխավոր մարզիչ Ավետիք Հայրապետյանը ծանոթացրին նոր մրցաշրջանում թիմի ծրագրերին ու խնդիրներին: Արարատցիներին ողջունեցին եւ նոր մրցաշրջանում հաջողություններ մաղթեցին Էստոնիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Գառնիկը, Տալլինի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, «Նաիրի» հայկական ընկերության անդամ Վալենտինա Ազարումյանը: Էստոնիայի հայերի ընկերության նախագահ Գարիկ Իկնոյանն «Արարատ» ակումբին պարգեւատրեց հուշադիպլոմով, իսկ «Արարատ» ընկերությունը ոսկե կրծքանշաններ հանձնեց ակումբի նախագահ Ալբերտ Ստեփանյանին ու գլխավոր մարզիչ Ավետիք Հայրապետյանին:
Ապրիլի 7-ին մեկնարկում է ֆուտբոլի Էստոնիայի 2-րդ խմբի առաջնությունը: Այսօր անդրանիկ խաղում Տալլինի «Արարատը» հյուրընկալվելիս կմրցի «Նիմմե Կալյու-2» թիմի հետ: Ապրիլի 15-ին արարատցիները սեփական հարկի տակ կհյուրընկալեն Տալլինի «Դինամոյին», ապա ապրիլի 22-ին մրցակցի դաշտում կմրցեն «Կալեւի» հետ: Ապրիլի վերջին հանդիպումն «Արարատը» կանցկացնի «Կիվիլի Տամե» թիմի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ