Մեր թերթի մարտի 23-ին հրապարակված «Հերթական հոշոտումը «օրենքով եւ «քրիստոնեաբար» հոդվածին արձագանքել է ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ ներկայացրել էինք «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից Թեղուտի հանքավայրի բաց եղանակով շահագործման դեպքում բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքների վերաբերյալ մեր դիտողությունները, որպես ապացույց բերելով նույն ընկերության կողմից շահագործվող Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջն ստեղծված իրավիճակը: Մեր հավելյալ հարցերին պատասխանելով, Վալերի Մեջլումյանը շարադրել է ընկերության մոտեցումները, որոնցից երեւում է, որ մեր հոդվածում հրապարակված տեղեկությունները մեծամասամբ համապատասխանում են իրականությանը:
Հարցեր ուղղված պրն Մեջլումյանին
- 1998 թ.-ից սկսած ե՞րբ եք առաջին անգամ խոստացել տեղադրել զտիչ սարքավորումներ եւ քանի տարվա ընթացքում դրանք պետք է տեղադրված լինեին: Մինչ 2008 թ.-ը դրանք կտեղադրվե՞ն:
- 1997 թվականին Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկումից հետո ընկերության համար ամենաառաջնահերթ խնդիրների շարքում մշտապես եղել է մթնոլորտային արտանետումների նվազեցման ուղիների որոնումը: Պետք է խոստովանել, որ, ցավոք, մինչ այժմ այդ որոնումներն հաջողությամբ չեն պսակվել, չնայած եղել են պահեր, երբ այդ հաջողությունը շատ մոտ է թվացել (ինչը, չեմ թաքցնում, որոշ դեպքերում հանգեցրել է խոստումների վերաճած ոգեւորության): Ուսումնասիրված բազմաթիվ տարբերակները ներառել են ինչպես տարածված մոտեցումներ (օրինակ` ծծմբաթթվի արտադրության կազմակերպումը), այնպես էլ ոչ ավանդական տեխնոլոգիաներ (մասնավորապես` գազերի խոնավ մաքրմամբ գիպսի արտադրություն, հիդրոմետալուրգիական եղանակներով խտանյութերի վերամշակում): Այդ նպատակով «Վալլեքս» ընկերությունների խումբը կատարել է նաեւ զգալի ներդրումներ, ինչպիսիք են Ալավերդու պղնձաձուլական գործարանում առկա չոր էլեկտրաֆիլտրի (որն անհրաժեշտ է գազերի մաքրման տարբերակների ընտրության համար) վերականգնումը, Եվրոպայից ծծմբաթթվի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների (մոտ մեկ մլն դոլար արժողությամբ) գնումն ու ներկրումը Հայաստանի Հանրապետություն: Միաժամանակ ինչպես հայաստանյան առաջատար, այնպես էլ օտարերկրյա փորձագետների հետ ուսումնասիրվել են հնարավոր բոլոր տարբերակները: Ի վերջո, այդ տարբերակներից ամենաիրատեսականները հանգում են ծծմբաթթվի արտադրությանը: Վերջինս ունի կարեւոր մի առանձնահատկություն. առանց ծծմբաթթվի հուսալի եւ կայուն շուկայի հնարավոր չէ ծավալել դրա արտադրություն, քանի որ այս ապրանքատեսակն ըստ էության պահեստավորման ենթակա չէ: Նկատի ունենալով նաեւ տրանսպորտային կապուղիների սահմանափակումներն ու դրանցով պայմանավորված ծծմբաթթվի արտահանման դժվարությունները, այժմ արդեն կարող ենք փաստել, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական խնդրի լուծումը տեսանելի հեռանկարում պայմանավորված է Հայաստանում (գուցե նաեւ` սահմանակից երկրներում) ծծմբաթթվի սպառման կայուն եւ հուսալի շուկաների ապահովմամբ: Այս առումով ընկերությունն այժմ իր ջանքերը կենտրոնացրել է հանրապետության պղնձի տարբեր հանքավայրերում առկա օքսիդացված հանքաքարի` ծծմբաթթվի օգտագործմամբ լուծազատման միջոցով պղնձի կորզման հնարավորությունների գնահատման վրա: Մեր պատվերով այժմ լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ-ում կատարվում են տեխնոլոգիական փորձարկումներ, որոնց արդյունքում տարեվերջին հնարավոր կլինի գնահատել քննարկվող այս տարբերակի իրատեսականությունը: Ցանկացած պարագայում մեզ համար անկհայտ է, որ Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում (2008 թվականից հետո) կախված է լինելու բնապահպանական այս խնդրի արմատական լուծումից:
- Ծծմբի երկօքսիդը Ալավերդու մթնոլորտում ըստ Ձեզ գտնվում է թույլատրելի՞ նորմայի սահմաններում:
- Բնականաբար ոչ. ծծմբի երկօքսիդի արտանետումները Ալավերդիում բազմաթիվ անգամ գերազանցում են դրա սահմանային թույլատրելի մակարդակը:
- Դուք ունեք ծրագիր սեւ պղինձ ստանալուց անցում կատարել նախ մաքուր պղնձի ձուլմանը, ապա պղնձե սարքավորումների արտադրությանը: Եթե այո, ապա ե՞րբ դա պետք է տեղի ունենար: Դրան զուգահեռ որքանո՞վ պետք է ավելանային աշխատատեղերը:
- Պղնձի վերամշակման խորացումը հանրապետությունում կարող է արդարացված լինել մի քանի նախապայմանների առկայության դեպքում: Նախ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերամշակման յուրաքանչյուր հաջորդ փուլում ավելացվող արժեքը թողարկվող արտադրանքի արժեքում, որպես կանոն, կազմում է ավելի փոքր տեսակարար կշիռ: Թեեւ ընդհանուր առմամբ վերամշակման խորացումը նպաստավոր է երկրի համար, սակայն այսօր հարկային վարչարարության կիրառվող մեխանիզմները չեն նպաստում տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ ուղղությամբ որոշումների ընդունմանը: Մասնավորապես արտահանող ընկերություններին ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձման անկատար համակարգի (որն, ըստ էության, արտահանողներին խրախուսելու փոխարեն վերածվել է արտահանողներին պատժող մեխանիզմի) պայմաններում վերամշակման շղթայի ցանկացած խորացում ընդամենը բազմապատկելու է այդպիսի վերամշակում իրականացնող ընկերության շրջանառու միջոցների պահանջը եւ դրանով հանդերձ գործարար ռիսկերը: Մյուս կողմից, պղնձի վերամշակման հաջորդ` ավելի խոր փուլերի ներդրման համար հզոր խթան կարող էր լինել վերջնական արտադրանքի համար ներքին պահանջարկի առկայությունը (որի պարագայում փոխադրման ծախսերի երկակի տնտեսումն արդեն իսկ կարող էր բավարար տնտեսական հիմնավորում լինել): Նման պահանջարկի բացակայության պայմաններում Հայաստանում ներկայումս արտադրվող պղնձի համեմատաբար փոքր ծավալների պարագայում պղնձի վերամշակման խորացումը արդարացված չէ:
Ինչ վերաբերում է այդպիսի խորացված վերամշակման դեպքում հնարավոր աշխատատեղերի ծավալին, ընդամենը կարող եմ նշել, որ եվրոպական առաջատար պղնձաձուլարաններից մեկում, որտեղ պղնձի զտման (մաքուր պղնձի ստացման) արտադրամասում ցանկացած պահի վերամշակվում է այնքան պղինձ, որքան Հայաստանի տարեկան ամբողջ արտադրանքն է (շուրջ 20 հազար տոննա), աշխատում է ոչ ավելի, քան 100 մարդ: Այսինքն, պղնձի զտման ժամանակակից արտադրությունները չեն առանձնանում բարձր աշխատատարությամբ:
- Որքա՞ն ներդրումներ է կատարվել Ալավերդու կոմբինատի վերագործարկման եւ սեւ պղնձի ստացման համար:
- Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման համար կատարված ներդրումները սկզբնական փուլում կազմել են մոտ 3 մլրդ դրամ: 2006 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության սեփական կապիտալը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ, իսկ ակտիվները` 13 մլրդ դրամ:
- Ո՞ր թվականից սկսած «Էյ-Սի-Փի» ընկերությունն սկսեց շահութահարկ վճարել:
- Շահութահարկի համեմատաբար փոքր գումարներ ընկերությունը վճարել է հիմնադրման հաջորդ տարվանից սկսած: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ մինչեւ 2003 թվականը ընկերության գործունեությունը շահութաբեր չի եղել` հիմնականում շրջանառու միջոցների բացակայության պայմաններում հումքի մատակարարման էական խափանումների պատճառով: 2003 թվականից սկսած, երբ ընկերությունը կարողացել է ներգրավել նոր ֆինանսական ռեսուրսներ եւ դրա շնորհիվ ապահովել արտադրության համար անհրաժեշտ հումքի անխափան մատակարարում, ընկերությանը հաջողվել է ապահովել հիմնականում շահութաբեր գործունեություն (թեեւ հարկ է նշել, որ ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձման համակարգի անկատարությունը մնում է այդ ճանապարհին առկա էական խոչընդոտ):