Գրող Նորայր Ադալյանի վերջերս Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ լույս տեսած «Մենախոսություն ժամանակի հետ» գիրքը (Երեւան, 2006 թ. «Մուղնի» հրատարակչություն) պարունակում է հրապարակագրական, հուշագրական նյութեր, նամակներ, երկխոսություններ ու հարցազրույցներ:
Գիրքն իր բնույթով առանձնահատուկ է ժամանակը կերպավորելու, անցյալը, ներկան, ապագան պատկերագրելու իմաստով:
Ժամանա՞կն է մենախոսում գրողի հետ, թե՞ ինքըՙ ժամանակի, կարեւոր չէ: Կարեւորը գեղագետի, մշակութաբանի, գրողի բարձր դիրքից մենախոսելն է, որի մեջ ամբարված է ժամանակի հոսքը, կյանքի տարընթացումներն ի մի են բերվել եւ արձագանքվում են «բազմաձայն»: Ադալյանը մենախոսություն-բազմաձայնությամբ ամբողջացնում է մեր ժամանակակցի հասարակական, գեղագիտական, քաղաքական դիմապատկերը: Հեղինակի գնահատականները, եզրահանգումները խորն են, ընդգրկուն է արտաքին երեւույթների արձագանքը ժամանակի ներսում:
Գրքում, ինչպես նկատում ենք, շեշտը դրված է կյանք-գրականություն կապի վրա: «Ամեն գրող ու արվեստագետ միայնակ է ապրում իր ժամանակը», եզրակացնում է հեղինակը:
«Հուշապատում» բաժնի նյութերը սակավ են, սակայն գրքում առանցքային տեղ են գրավում: «Եփրատՙ մայր գետ», «Գուրգեն խանի երջանկությունն ու դժբախտությունը» հուշ-պատառիկները հագեցած են դրամատիկ լիցքերով: Գրողը մենախոսում է իր տոհմածառ-գետի հետ: «Քո կենացը, ձեր կենացը, էլի քո կենացը, մեր կենացը, քո կենացը» բառապտույտը մենախոսության հուզաթաթավ բարձրակետերից մեկն է:
Գրքի առանձնահատկությունը կառուցվածքի միասնականությունն է, տարաբնույթ նյութերի ներթափանցումների հիմամբՙ հրապարակագրության եւ գեղարվեստական խոսքի միասնացումը:
Բազմազան նյութերի մեջ հատկապես առանձնանում են «Գուրգեն խանի երջանկությունն ու դժբախտությունը» հուշագրությունը եւ Գուրգեն Մահարու նամակներըՙ հասցեագրված Ն. Ադալյանին եւ դրանց պատասխանները: Ադալյանը, վերադառնալով 60-ական թթ. վերջին «Այրվող այգեստաններ» վեպի շուրջը ծավալված քննարկումներին, չափազանց ճշգրիտ կարծիքներ է հայտնում վիճելի (դեռեւս այսօր մասամբ վիճելի) հարցերի շուրջը: «Այրվող այգեստանները», ինչպես ասում է Ադալյանը, ոչ թե պատմաքաղաքական վեպ է, այլ ողբերգակատակերգություն («Այրվող այգեստանները» մերձեցվում է Չարենցի «Երկիր Նաիրիին»): Ադալյանը ճիշտ է, երբ վեպը դիտում է պատմական նյութի «տարընթերցում», ցավելով, որ մտավորականության մի ստվար մաս պատրաստ չէր «տարընթերցմանը» (հիշենք Մ. Մխիթարյանի «Գրողը եւ պատմական ճշմարտությունը» ամոթալի հոդվածը. «Բանն այն է, որ մեղանչելով պատմական ճշմարտության դեմ, Գուրգեն Մահարին մեծ հետեւողականությամբ զարգացնում է խնամքով մշակված իր դրույթները եւ մինչեւ վերջ հավատարիմ մնում դրանց (ոչինչ, որ այդ ճանապարհին նա զոհում է Վանի հերոսամարտը եւ սայթաքում մինչեւ թուրք պատմագրության թեզերի դիրքերը»):
Մահարին նամակներում պաշտպանում է իր գիրքը («լավ գիրք եմ գրել», «ես գիտեմ, որ նա (գիրքը) կգտնի իր տեղը»): Սա պետք է լավ իմանան «Այրվող այգեստաններ» վեպի տարբերակները նժարին դնող ընթերցողները:
Գրող Ադալյանն առերեւույթ հանգիստ, սակայն ներքուստ կրքոտ տողերում ամենուր ազգային մտավորականի կողքին է, «նոմենկլատուրայինի», «հակազգայինի» թշնամին, ճշմարիտ գրականության գիտակն ու պաշտպանը: Նա նաեւ գրականության տեսաբան է ու մշակութաբան:
«Մենախոսություն ժամանակի հետ» գիրքը հետամուտ է հայ պետականության, սփյուռքահայության, բարոյական ու քաղաքական կարեւոր խնդիրների: Ժամանակի «հերկը» խորն է «Երկխոսություններ եւ հարցազրույցներ» բաժնում:
Գրողը խոսում է փաստերի լեզվով, որը ուժ է հաղորդում ասածին: ժամանակի հետ մենախոսությունը փոխվում է երկխոսության, որոնց թեման նաեւ ազգային գաղափարախոսությունն է, ժողովրդի գոյապահպանությունը, հասարակության դիմագիծը, «Ոգու էկոլոգիան»:
Հոգեւոր կյանքի լուրջ քննություն է «Կյանքի նկատմամբՙ հոգեւոր կենտրոնացում» հրապարակումը: Ադալյանը գրողին քննադատից չի առանձնացնում, քննադատությունը համարում է «գրողական էության մի արտահայտությունը»: Նա բերում է Պարույր Սեւակիՙ բանաստեղծ-քննադատի օրինակը: Սեւակ քննադատի համար կարեւորը, ըստ Ն. Ադալյանի, սովորույթի ուժի հաղթահարման պահանջի առաջադրումն էր: Թե՛ որպես գրող եւ թե՛ որպես քննադատ Սեւակը, հենված կենսունակ ավանդներին, պաշտպանում էր նորն ու նորարարությունը, արժեքների վերանայումն ու վերակարգումը:
Ն. Ադալյանը գրող-քննադատին բնորոշ է համարում «կյանքի նկատմամբ հոգեւոր կենտրոնացումը», նրան կարգելով մարդու ճակատագրի եւ գրականության ճակատագրի տեր:
Խոսելով գրականության մեջ ազգայինի մասին, նա ճշգրիտ բնորոշում է երեւույթը. «Յուրաքանչյուր սերունդ պահպանելով ազգայինի թթխմորը, թխում է իր նոր հոգեւոր հացը»:
Նշված հրապարակման մեջ Ն. Ադալյանը մեջ է բերել Պ. Սեւակի մի անչափ արդիական դիտողություն. «Քննադատներից ոմանք գրական նոր երեւույթին հաճախ մոտենում են ոչ այլ կերպ, քան դրա մեջ ծանոթ բան փնտրելով, այսինքնՙ նորի մեջ հինն են որոնում, չեն նայում առաջ, այլ աչքերը միշտ դեպի ետ է»:
Անկեղծ ասած, Նորայր Ադալյանը «նորի մեջ հինը չորոնելու» օրինակը իր գեղարվեստական ստեղծագործությամբ ինքն է տալիս: Այս ստեղծագործությունըՙ արձակ ու դրամատուրգիա, արդիական որակական անցման մեջ է:
Հեղինակն իմ այս գրքում ժամանակակիցներիս զգուշացնում է մեծամտությունից, մեծագարությունից, ամբարտավանությունից եւ մեծախոսությունից, որոնք լայնորեն տարածված արատներ են:
«Հրապարակագրությունը, գրում է նա, երեւան է գալիս ոչ լավ կյանքից, եւ քանի որ հայոց կյանքը միշտ ընթացել է սոցիալական, բարոյական, քաղաքական սառն ու պղտոր ջրերում, հրապարակագրությունը մեզանում դարձել է անհրաժեշտ ներկայությունՙ արատներից մաքրել կյանքն ու հասարակությունը, բուժել-առողջացնել նրանց»: Ն. Ադալյանը գրողի «սրբազան դժգոհության» մեջ է եւ բավականին համարձակ է ընդվզման պահին: Նա քաղաքականության դեմ է դուրս գալիս իր կողմից նշանակետ դարձրած «մարդու քաղաքականությամբ»: «Ընդդիմադիր կեցվածքը», սակայն, ոչ այնքան «ընդդեմ»-ին է հարում, որքան «հանուն»-ին, ինչը բնորոշ է գեղագետ գրողին:
«Հանուն»-ը եւ «ընդդեմ»-ը մտքերի լայն ծիրի մեջ են «Ի՞նչ է ուզում հայ ոգին այսօր» զրույցում: Ն. Ադալյանը իր պատասխանն ունի հայ ոգու նորօրյա հարցումներին: Առաջինը մշակույթի, գրականության հանդեպ պետական հոգածության ամրապնդման պահանջն է, համակարգված պայքարը «ոգու սովի» դեմ, որի ներկայությունից «սարսռում ենք ամբողջ հոգով ու գիտակցությամբ»:
Ադալյանը ահազանգում է. «Մենք երկար ուղի չենք կարող անցնել առանց հոգեւոր դաշտի ներկայության, այդ ուղին կհանգի մի անանցանելի պատի...»: Կրել հայոց հոգին ու ոգին. Ադալյանի գիրքը մեկ անգամ եւս հնչեցնում է այս բարձրագույն պատգամը: Հիշենք, թե Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին ազգային ոգու ինչ խիստ պահանջներ էր դնում Կոստան Զարյանը, գրող, որն ապրում էր հայոց միֆերի կենդանի ճակատագրով, («Ինչպես մեր լեզուն իր մեջ պարունակում է ուժգին առասպելներ եւ մեծղի դյուցազներգություններ, պատրաստ երգի վերածվելու...», «Անցորդը եւ իր ճամբան»):
Ադալյանի գիրքը թե՛ տարեգրություն է եւ թե՛ ազգային ոգու վերարծարծումներով փիլիսոփայություն: Հեղինակը նորից ու կրկին խոսում է «ժողովրդի ու նրա մարդու սրտի հետ»: «Գրողի նպատակը մարդն է, նրա դրաման». սա երկխոսություններից մեկի վերնագիրն է, գրքի բովանդակային բանաձեւումը:
Նորայր Ադալյանի «Մենախոսություն ժամանակի հետ» գիրքը հասարակական խղճի քրոնիկոն էՙ ձոնված հոգու եւ ժամանակի համաչափությանը:
ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ