«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2007-04-11 | #67, 2007-04-12 | #68, 2007-04-13


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ԱՅՍ ԱՆԳԱՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՉԵԶՈՔ ԵՆ»

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ իրականացրել է հայաստանյան վեց հեռուստաալիքիՙ Հ1, ԱԼՄ, «Շանթ», «Երկիր մեդիա», «Արմենիա», «Կենտրոն» եւ երկու ռադիոընկերությանՙ Հանրայինի եւ «Ազատության» քաղաքական հաղորդումների մոնիտորինգ: Համաձայն իրականացված մոնիտորինգի արդյունքների, հայաստանյան հեռուստա եւ ռադիոընկերությունների քաղաքական թեմաներով հաղորդումներն այս տարվա նախընտրական շրջանում անհամեմատ ավելի չեզոք են, քան նախորդ տարիներին: Այս եզրահանգումը երեկ «Ֆորում» ակումբում ներկայացրեց ԼԿԻ տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Մոնիտորինգը սկսվել է փետրվարի 6-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 11-ը, որի արդյունքները կհրապարակվեն տասը օրը մեկ: Դիտարկված ԶԼՄ-ներն, ըստ Իսկանդարյանի, մեծ մասամբ տեղեկատվությունը փոխանցում են առանց մեկնաբանության, ասենք, հայտնելով, որ այսինչ կուսակցությունը Երեւանի այնինչ թաղամասում մրգեր ու բանջարեղեն է բաժանելՙ լսարանին հնարավորություն տալով մերկ փաստը վերլուծելու:

Հայաստանում կուսակցությունների մասին նյութերին հատկացվող եթերաժամանակը քիչ է եւ բխում է իրադարձությունից ու ոչ կուսակցությունը ներկայացնելու մոտեցումից: Գերակշռող է անդրադարձը Հայաստանի հանրապետական կուսակցությանըՙ «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրության քաղաքական հաղորդումների եւ լրատվական թողարկումների 46 տոկոսը նվիրված է եղել ՀՀԿ-ին: Պատկերը թվային որոշակի տարբերություններում նույնն է եղել դիտարկված մյուս ԶԼՄ-ներումՙ բացառությամբ ԱԼՄ եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների, որոնց դեպքում խնդիրը պատկանելությունն է: Մոնիտորինգը հայտնի է դարձրել, որ «ԱԼՄ»-ի եթերի 78 տոկոսը նույնանուն հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի, իսկ «Կենտրոն»-ի լրատվության 48 տոկոսըՙ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանն է նվիրված եղել: «Երկիր Մեդիան» առանձնանում է քաղաքական հաղորդումների բազմազանությամբ եւ լուսաբանման դաշտում ընդգրկված կուսակցությունների բազմաքանակությամբ մյուս բոլոր ԶԼՄ-ների համեմատությամբ: «Արմենիան» այդ խնդրում նույն մոնիտորինգի տվյալներով ամենապասսիվն է ի հաշիվ քաղաքական հաղորդումների եթերը «TV5» տեղափոխելու:

Առանց տրամադրվող տեղեկատվության բովանդակային դրական-բացասական գնահատման, ողջ նախընտրական քարոզչության ընթացքում էլ, ինչպես հավաստեց ԼԿԻ տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մոնիտորինգը շարունակվելու է:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4