«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2007-04-11 | #67, 2007-04-12 | #68, 2007-04-13


ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՆՈՒՄ ԵՆ ԲԱԺԱՆՎԱԾ»

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը` Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ երկրում փոխվել են խաղի կանոնները, քանի որ նոր սահմանադրությամբ խորհրդարանական ընտրություններն ավելի լայն հնարավորություններ են ձեռք բերում. «Այս ընտրություններով է որոշվելու իշխանության կենտրոնը, եւ նախագահական ընտրություններն ընդամենը ածանցյալն են խորհրդարանական ընտրությունների»: Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ, երկու ֆավորիտ կուսակցություններն ընտրություններին գնում են առանձին-առանձին, ինչը նշանակում է, որ փոխվել են խաղի կանոնները. «Եթե սկզբունքային տարաձայնություններ չկային, թող մի ցուցակով գնային. այսինքն` այն մեղադրանքները, որ ներկայացնում են ընդդիմությանը: Առանձին-առանձին գնալը նշանակում է, որ ներսում չեն կարողացել համաձայնության գալ շատ պարզ հարցերի շուրջը, թե ով դառնա վարչապետ, ով ԱԺ նախագահ, ով նախարար, ով պատգամավոր»:

Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը «Փաստարկ» ակումբում հիշատակեց 4 տարի առաջ, ապրիլի 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայի վրա կատարվածը, երբ ցուցարարներն, այդ թվում նաեւ լրագրողները բռնությունների էին ենթարկվել: Նման դեպքերի կանխարգելման համար եւս Շավարշ Քոչարյանն էլ ավելի կարեւորեց ժողովրդի կողմից իշխանությունների ձեւավորման հանգամանքը:

Ընտրություններին համամասնական ցուցակով մասնակցող ԱԺԿ-ին միավորող նպատակն է «Արդար պետություն, կրթված հասարակություն, վաստակած բարեկեցություն» կարգախոսը: Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Լրագրողի դիտարկմանը, թե օրեր առաջ կեղծ բրոկերներից տուժած կանանցից մեկը ցույցի ժամանակ մեղադրել է նաեւ նրան, ԱԺԿ ղեկավարն ասաց. «Այդ ամենը սեւ փիար է մեր դեմ, մենք սեւ փիարով չենք զբաղվում, սեւ փիարին չենք պատասխանում»: Նա համոզված է, որ նման խոսակցություններն իրենց մասին տարածում են այն քաղաքական ուժերը, ովքեր վախենում են իրենց կուսակցության հավակնություններից եւ փորձում են խանգարել այդ միջոցով: «Ազգի» հավելմանն էլ, թե այդ կինն արդեն երեք տարին աղմկում է իր իրավունքների ոտնահարման մասին, ԱԺԿ ղեկավարը հակադարձեց զարմանալի հարցով. «3 տարի է, այդ կինը չի՞ ցանկանում, որ Հրանուշ Խառատյանն ընտրվի պատգամավոր»:

Շավարշ Քոչարյանն ընտրողներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ այս ընտրություններին` համոզմունք հայտնելով, որ քիչ մասնակցության դեպքում իշխանություններին վերարտադրվելու ավելի լայն հնարավորություններ են ընձեռվում: «Միամիտ կլիներ կարծել, որ մենք այնպիսի ընտրություններ կանցկացնենք, որ համապատասխանի եվրոպական չափանիշներին, բայց նաեւ միամիտ կլիներ չտեսնել այն գործընթացները, որ տեղի են ունենում տարածաշրջանում, աշխարհում: Գոնե իմ համար ակնհայտ է, որ անհնարին է լինելու իշխանությունը փորձել պահել թվեր նկարելով», ընտրությունների անցկացման մասին արտահայտվեց Շ. Քոչարյանը: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա կուսակցության նախագահը համոզված է, որ ժողովրդի գնվող եւ վաճառվող հատվածը շատ քիչ է. «Ուրիշ բան, որ նրանք չեն գնում ընտրություններին, բայց չեն էլ կաշառվում»:

Նախագահական ընտրությունների վերաբերյալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ եթե իրենք թեկնածու չառաջադրեն, ապա կաջակցեն Վազգեն Մանուկյանին: Հիշեցնենք, որ հանրապետության նախագահի ընտրություններում իրենց թեկնածության մասին մինչ այժմ հայտարարել էին Սերժ Սարգսյանն ու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4