«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2007-04-12 | #68, 2007-04-13 | #69, 2007-04-14


ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ, ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈՒՅՍՈՎ ԿՍՊԱՍԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ազգ»-ը, վարչապետ Սերժ Սարգսյանը խոստացել էր լսել կենտրոնի բնակիչներին: Վերջապես հանդիպումը տեղի ունեցավ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

Բնակիչների հավաստմամբ, անկեղծ, բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կենտրոն տարածքի բնակիչները կանոնակարգված ձեւով վարչապետին բացատրել են իրենց խնդիրները օտարման գործընթացի ժամանակ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների, տասնյակ տարիներ գույքը սեփականացնելու հնարավորություն չունենալու, տարիներ շարունակ սեփականությունները բարելավելու հնարավորություն չունենալու մասին, նախկինում իրացված տարածքներում պայմանագրերը առ այսօր չկնքած անօթեւան մնացած բնակիչների մասին:

Վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարական տվեց քաղաքապետ Երվանդ Զախարյանին ողջամտությամբ լուծել քաղաքապետարանի հետ կապված բնակիչների բոլոր խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց բնակիչների եւ քաղաքապետի հանդիպման մասին, խնդիրներին առավել հանգամանորեն ծանոթանալու համար: Սերժ Սարգսյանը խոստացավ հետամուտ լինել կենտրոնի բնակիչների բոլոր խնդիրներին, հավաստիացրեց, որ ոչ մեկը դժգոհ չի լինի, դժգոհ կլինեն միայն քառապատիկ փոխհատուցում ստանալու ախորժակներ ունեցողները: Վարչապետը խոստովանեց, որ առավել հեշտ լուծելի է այն տարածքի խնդիրը, որ դեռ չի իրացվել, իսկ արդեն իրացված տարածքների խնդիրներին խոստացավ անդրադառնալ մայիսի 12-ից հետո, որպեսզի արվածը որպես նախընտրական քարոզչություն չդիտվի:

ԿԱՐԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4