1999 թ. առողջապահության նախարարության կողմից Հայաստանում ներդրվել է ընտանեկան բժշկությունը, հաստատված «Ընտանեկան բժշկի դրույթների» միջոցով: Մշակվել ու բարեփոխվել է ընտանեկան բժշկության կանոնակարգման դաշտը, դարձել ըմբռնելի ողջ հանրապետության մասշտաբով: Ներկայումս արդեն 700 մասնագետ վերապատրաստվել են որպես ընտանեկան բժիշկներ եւ մինչեւ տարեվերջ 150 բժիշկներ կհամալրեն այդ շարքերը: Սակայն մինչեւ 2010 թվականը անհրաժեշտ կլինի մոտ 2000 ընտանեկան բժիշկ, որպեսզի հնարավոր լինի քիչ թե շատ մարզերում ու համայնքներում բնակչությանը ապահովել ընտանեկան բժիշկներով: Ընտանեկան բժիշկների ինստիտուտի ներդրումն այսօր կարեւոր է հատկապես Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգի զարգացման եւ բժշկի ընտրության, նրա մոտ պարտադիր գրանցման համակարգի ներդրման համար:
Հենց այս ԱԱՊ համակարգի ներդրման թեմային էր նվիրված ապրիլի 12-13-ը Ծաղկաձորի գրողների տանը կազմակերպված տեղեկատվական սեմինարը ԶԼՄ-ների համար: ՀՀ առողջապահության նախարարության եւ USAID-ի համատեղ ծրագիրը ներկայացրինՙ նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը, առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոց. ապահովության վարչության պետի տեղակալ Ռոբերտ Սուքիասյանը, Ջրաշենի ամբուլատորիայի տնօրեն Արտավազդ Թոսունյանը եւ ուրիշներ: Առողջության առաջնային պահպանման բժշկի ընտրության եւ նրա մոտ գրանցման համակարգի ներդրման թիմի ղեկավարՙ ԱԱՊԲԾ Գայանե Ղարագեբակյանը տեղեկացրեց Հայաստանում 2008 թ. հունվարի 1-ից ներդրվող ծրագրի մասին: Ապրիլի մեկից յուրաքանչյուրը կարող է իր տարածքային պոլիկլինիկայում ընտրել բժշկին ու գրանցվել: 18 եւ ավելի տարիք ունեցող բնակիչները կարող են ընտրել թերապեւտ եւ ընտանեկան բժիշկ, իսկ 18-ից ցածր տարիքի բնակիչները կարող են ընտրել մանկաբույժ եւ ընտանեկան բժիշկ: Բնակիչը ընտրում եւ պարտադիր գրանցվում է ԱԱՊ բժշկի մոտ, այլ ոչ թե բուժհաստատությունում: Յուրաքանչյուր բնակիչ անձամբ եւ կամավոր է ընտրում ԱԱՊ բժիշկ իր համար: Այդ բոլոր գրանցումները դառնում են ունիվերսալ համակարգ եւ տվյալների բազան կենտրոնացվում է ու ստուգվում, որպեսզի այցելուն երկու բժշկի մոտ չգրանցվի: Ընտրելով ԱԱՊ բժշկին, այցելուն սպասարկվում է անվճար: Ամեն մի այցելուի անվճար բուժօգնության համար կառավարության կողմից ընտանեկան բժիշկը ֆինանսավորվելու է: Հնարավոր է նաեւ, որ ընտանեկան բժիշկը կազմի բժիշկների խումբ տարբեր պրոֆիլներից, ստանա նաեւ լիցենզիա լաբորատոր հետազոտություններ կատարելու համար եւ այս ամենի համար ընտանեկան բժիշկը կվարձատրվի լրացուցիչ, իսկ այցելուն ամբողջությամբ կսպասարկվի անվճար: Այս նոր համակարգը դեռ բարեփոխումների լայն ճանապարհ ունի անցնելու եւ դրա համար սկսվել է նաեւ ընտանեկան բուժքույրերի հատուկ վերապատրաստում: Համակարգը ամբողջովին ֆինանսավորվելու է պետության կողմից եւ արդեն այսօր անհրաժեշտ է, որ ամեն ոք գնա ու իր ընտրած ընտանեկան բժշկի, թերապեւտի կամ մանկաբույժի մոտ գրանցվի, որպեսզի դուրս չմնա անվճար բուժման ողջ համակարգից, որտեղ սոցիալական խմբերի որեւէ տարանջատում չկա եւ պարտադիր է բոլորի համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ