Դրեզդենում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրը բավական հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Միակ պարտությունը կրեց Ռաֆայել Վահանյանը` զիջելով Ֆլորիան Հանդկեին: Վահանյանը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը շարունակում է առաջատարների հետապնդումը: Հերթական տուրում նա ոչ-ոքի ավարտեց պարտիան Տրանգ Հոանգի հետ: Էլինան 9 տուրից հետո 6,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Առաջատարների խմբին է մոտենում Լիլիթ Մկրտչյանը: Սվետլանա Չերեդնիչենկոյի նկատմամբ տոնած հաղթանակը հնարավորություն ընձեռեց վաստակել 5,5 միավոր: Նրանից մեկ միավոր է հետ մնում Սիրանուշ Անդրեասյանը, որը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի շախմատիստուհի, գրոսմայստեր Փիրուզա Վելիխանլիի հետ:
Կանանց մրցաշարային աղյուսակը 8 միավորով շարունակում է գլխավորել ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան: 9-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց իր քրոջ` Նադեժդայի հետ, որն այդ պահին ընթանում էր 2-րդ տեղում եւ առաջատարից հետ էր մնում մեկ միավորով: Նադեժդային միավորներով (7-ական) հավասարվեցին Եկատերինա Աթալիկն ու Եկատերինա Կորբուտը: Աթալիկը հաղթեց Ռայլիխին, իսկ Կորբուտը պարտության մատնեց Լելա Ջավախիշվիլուն:
Տղամարդկանց մրցաշարում էլ առաջատարը նույնն է` ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինը, որը ոչ-ոքի ավարտելով պարտիան Վլադիմիր Մալախովի հետ, վաստակեց 7 միավոր: Շախմատիստների մի ստվար խումբ 6,5-ական միավորով հետապնդում է առաջատարին: Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր: 5,5-ական միավոր ունեն Աշոտ Անաստասյանը, Արման Փաշիկյանը եւ Զավեն Անդրեասյանը: Գաբրիել Սարգսյանի, Կարեն Ասրյանի եւ Տիգրան Քոթանջյանի հաշվին գրանցված է 5-ական միավոր, Վահանյանն ունի 4 միավոր: Նշենք, որ Սարգսյանն ու Մինասյանը մեր պատվիրակներից միակն են, որ դեռեւս չեն պարտվել:
9-րդ տուրում իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը եւ Արման Փաշիկյանը: Պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սարգսյանը, Մինասյանը, Պետրոսյանը, Քոթանջյանը եւ Անդրեասյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ