«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2007-04-14 | #70, 2007-04-17 | #71, 2007-04-18


ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ

Նախապես որոշել էի անտարբեր ու անմասնակից մնալ ընտրական այս գործընթացներին` ժողովրդավարացման հիմնաքար համարվող այս իրողության բոլոր փուլերին անգամ իրազեկ լինելու ցանկության բացակայությամբ: Բայց այնքան կարեւորեցին, այնքան բարձրաձայնեցին այս խորհրդարանական ընտրությունների նշանակության եւ ունենալիք դերակատարության մասին, որ անդարդ գլուխս առա ձեռքերիս մեջ ու մտածեցի, թե ինչով կարող եմ գոնե օգտակար լինել նախ ինքս ինձ, ապա, եթե հաջողվի (քաղաքական ո՞ր ուժից եմ պակաս), նաեւ ուրիշներին:

Մտածեցի ու եկա այն եզրակացության, որ Հայաստանն ու հայ ժողովրդին հետագա մի քանի տարիներին «ստրկացնելու» երազներ ու միջոցների մեջ խտրականություն չդնող կոնկրետ ծրագրեր ունեցողներից մի առանձնակի տարբերվելու հնարավորություն չեմ ունենա, եթե ես էլ իմ քարոզարշավը սկսեմ: Համ էլ քանի որ մեր ամենաարդար ու ամենաթափանցիկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ վերջ է դրել ընտրապայքարին մասնակցելու ցանկություն, բայց գրանցում չունեցողների ձգտումներին, որոշեցի գոնե դիտորդի կարգավիճակով խառնվել ընտրական գործընթացին: Բայց քանի որ դա էլ դրոշմի առկայության խնդիր ունի, իսկ ժամկետներն ինձ նմանը վաղուց խախտել է, առանց գրանցման դիմելու էլ որոշեցի իրագործել իմ «բարձր» առաքելությունը, զուտ դիտորդական:

Որոշումս ու կարգավիճակս ինձ համար ճշտելուց հետո նստեցի հեռուստացույցի առաջ ու միացրեցի առաջին իսկ պատահած ալիքը: Էկրանին համակարգչային շարվածքով «հրաշք» մտքեր հայտնվեցին: Ու միանգամից կարգախոսը տեղեկացրեց, որ աչքերիս առաջ «թրթռում» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական գովազդը: Էդ գովազդը միայն չէր «թրթռում». նաեւ թռնում էր, ձի քշում, տեղ-տեղ պարում, մի խոսքով, հայն ու ոչ հայը ինչ կարող են անել, տեսահոլովակի մեջ ռեժիսորական ու օպերատորական երեւի հրաշագործ հանճարով «տեղավորվել» էին իրար կողքի, ըստ էության, ոչ խանգարելով, ոչ էլ փոխլրացնելով:

Կրթական ցենզս շատերի համար կարող է երազանքների շարքից լինել, բայց ԲՀԿ նախընտրական խոստումների պատկերումը մատուցող տեսահոլովակից զարգացած համարվող գլուխս ոչ մի գաղափար չմտավ, ոչ մի ծրագիր չբացահայտվեց «5 րոպե պակաս» գիտությունների թեկնածու իմ ուղեղի համար: Էդպես էլ չհասկացա, թե ինչու էին երկուսը իրենց կյանքը վտանգելով մեր օրերում նստել «կուկուրուզնիկն» ու եղած-չեղած մի քանի հարյուր կիլոմետր շառավիղ ունեցող Հայաստանի սարերի գլխին «թառել»: Ու թեեւ գեղագիտական ճաշակ ունեցողը կասի, թե հայկական մենթալիտետում պինդ «նստած» Սիս ու Մասիսի ֆոնին «կուկուրուզնիկի» թռիչքի կադրը բավականին գեղեցիկ է դիտվում, մեկ է, մուգ ու բաց գույնի ձիերի հեծյալուհիների ալեծածան մազերի թռիչքը մեզ ո՞ւր է տանումՙ չգիտեմ:

Իսկ այն, որ ամբողջ հոլովակի մեջ ամեն ինչ շատ տխուր է, էն ատոմակայանն էլ մինչեւ «Բարգավաճի» հայտնվելը` խուճապի մեջ, իրականություն չէ, վատ երազ էլ չէ: Դրա փոխարեն ուղղակի հրաշալի է, որ մեր ցամաք դաշտերը մի հարվածով կանաչ են ներկվում: Միայն թե այդ բոլորն այնքան արագ է կատարվում, որ մի քիչ կասկածելի է թվում դրա իրականացումը: Բայց որ Երեւանն էլի տուժում է, իսկ երեւանցիներից էլի քանիսը պիտի տուժեն, որ տեսահոլովակի երազ-այլմոլորակային քաղաքը կառուցվի, դժվար չէ հաշվել` նկատի ունենալով արդեն իսկ առկա փորձը մեր քաղաքի կենտրոնում:

Քանի որ ամբողջ տեսահոլովակից շատ բան չի հասկացվում, գոնե էն փոքրիկի գեղեցիկ կադրը Գագիկ Ծառուկյանի հետ թողնեին վերջում. ժպիտը դեմքիս, անտեղյակ ու անընդունակ հասկանալի մնացածը գուցե դրական ասոցիացիաներով հիշեի ամբողջ տեսահոլովակը:

Ինչեւէ, էդ մեկը դեռ չէր ավարտվել, մեկ էլ տարի, ամսաթիվ մոռացած` ինձ միանգամից պատկերացրեցի 88-ականների Ազատության հրապարակում, որտեղ բարձրախոսն ամուր բռնած ու մի քիչ ճղճղան ձայնով բոլորի ականջների «թողունակությունն» էր փորձում Աշոտ Մանուչարյանը: Աչքերս լայն բացեցի, ու հետո էլ, ստիպված եղա կողքիս նստածին բզել, որ տեղեկանամ, թե ով է Մանուչարյանին այդքան հիշեցնող տղան: Պարզվեց, բարձրախոսավորը Նիկոլ Փաշինյանն է, ու եզակի է թեկուզ այն առումով, որ խորհրդարանական այս ընտրություններում իր համար խոսելու թեմա է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին, ներեցեք արտահայտությանս, իմփիչմենթ հայտարարելը:

Այն, որ երկրի նախագահին իմփիչմենթ են հայտարարում, թերեւս կարելի է, սահմանադրական իրավունքի ոչ ուժեղ մասնագետիս կարծիքով, ընդունել, չնայած էս մեր բարեփոխված, կրկին ներողություն եմ հայցում արտահայտությանս համար, սահմանադրությունը նման գործընթաց սկսելու համար բավականին հիմնավոր պատճառների անհրաժեշտություն է նշում: Բայց թե վարչապետին կամ պատգամավորին ինչպես է «Իմփիչմենթը» պատրաստվում հեռացնել, այնքան էլ թվաբանական գործողության մակարդակի խնդիր չէ, եթե, իհարկե, այստեղ տեղ չունի հեղափոխությունը: Իսկ դա, ներող եղեք համարձակությանս համար, լուրջ գործ է, հրապարակներում գոռալով չէ, որ իրագործվում է: Չնայած հանուն արդարության պիտի ասել, որ ապրիլյան դեպքերի հիշատակումը շշերի «սիմֆոնիայով», որ տեղի ունեցավ նախորդ շաբաթ (հարեւանիս լավատեղյակության շնորհիվ իմացա, որ դա էլ «Իմփիչմենթի» «ձեռքի», կասեի, նաեւ մտքի գործն է), հրաշալի մտահղացում է, յուրօրինակ ու հիշարժան:

Միեւնույն ժամանակ զարմանալի է, թե շշերի հարցում խելացի ու հնարամիտ գտնված «Իմփիչմենթը» ինչու է հայտարարում, թե մրցակից չէ: Ո՞ւմ մրցակից չէ` մե՞զ, ինձ նման դիտորդների՞ն, թե ընտրական գործընթացի մասնակիցներին: Է, պատվելիս, եթե մրցակից չես, ապա քաղաքական հարցերում բավականին «ծեծված» էս ժողովուրդը ո՞ւմ հետ համեմատի (չնայած սա էլ մի քաղաքական կատեգորիա չէ հայաստանյան ընտրություններում, միայն եթե համեմատելու չլինենք փոքրիկ կաշառքները, որ իրականում քվեի գին են):

Հարեւանս շատ բանիմաց դուրս եկավ. նաեւ տեղեկացրեց, որ մեր հեռուստաընկերությունները բավականին «շուստրիացել են», ու քանի որ «Իմփիչմենթին» չեն սիրում, հանրահավաքների մասին անընդհատ ու անընդմեջ նշող դաշինքի մասին հաղորդումներում ցուցարարների թիվը, օպերատորական «լուծումներով», քիչ են ցույց տալիս` ասենք, մի քանի հարյուր: Բայց դե, հարեւանս մի ցույցի ներկա էր եղել ու պատմեց, որ Փաշինյանն էլ հակառակ ծայրահեղության մեջ է` հազարներից է խոսում, երբ հազիվ հազար մարդ է մասնակցում: Դե, փաստորեն ստի հավասարակշռումը կարելի է համարել քաղաքական կատեգորիա:

Ի դեպ, ես իմ առաքելությունը սրանով չավարտեցի, դեռ հեռուստացույց էլ եմ նայելու, ուրիշ բաներ էլ:

ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԱԾ ԴԻՏՈՐԴ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4