«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2007-04-14 | #70, 2007-04-17 | #71, 2007-04-18


«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՂՔ Է, ՉԳԻՏԻ ՈՒՄ ԸՆՏՐԻ»

Մինչ սոցհարցումներն այլ տվյալներ են հրապարակում, շարքային քաղաքացին շփոթության մեջ է

«Ես ընտրություններին էս իշխանություններից ոչ մեկի օգտին չեմ քվեարկելու: Ինչի՞ համար պիտի ընտրեմ, աղջիկ ջան, ասա, ի՞նչ են արել էս երկրի համար: Ես էնպիսի մարդու օգտին եմ քվեարկելու, որ չի անցնելու, բայց գոնե գիտեմ, որ իմ ձայնը ուրիշներին չի գնա», «Ազգի» հետ զրույցում իր կատարելիք առաջիկա ընտրության մասին այսպիսի բավական ուշագրավ տեսակետ հայտնեց երեւանաբնակ Կարապետյան Անահիտը: Երկրի շարքային ընտանիքներից մեկի ներկայացուցիչը շատերի նման դեռ կողմնորոշված չէ, թե ինչ ընտրություն է կատարելու, բայց մի բանում վստահ է, որ այս իշխանություններին իր ձայնը չի տալու:

72-ամյա Անահիտ Կարապետյանն ապրում է որդու, հարսի եւ երեք թոռների հետ: Հյուրընկալվեցինք նրանց բնակարանում` պարզելու, թե մոտավորապես ինչ են մտածում այս ընտրություններում «մեծ շահագրգռություններ» չունեցող շարքային ընտանիքները (մեծ շահագրգռություն ասելով նկատի ունենք, որ պաշտոններ կամ բիզնեսներ չեն խոստացվել, իսկ ընդհանրապես յուրաքանչյուրս էլ պետք է շահագրգռված լինի սեփական երկրի ընտրություններով):

72-ամյա Անահիտը, իր հասկանալով, քիչ թե շատ վստահում է Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին` թեեւ անգամ չգիտեր, թե նրանք որ քաղաքական ուժերի ղեկավարներն են: Տկն Անահիտն այնքան էլ լավատես չէ. «Էս ընտրություններից հետո ավելի վատ է լինելու: Եթե սրանք անցան, էլ ինչ լավ մեզ»: Տարեց կինը իր մասնակցությունն ընտրություններին բացատրում է հետեւյալ կերպ. «Բոլորը գնում են ընտրություններին, ես էլ եմ գնալու: Եթե ես չգնամ, իմ տեղը ուրիշը կընտրի»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է քիչ թե շատ համակրում Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին, տկն Անահիտը պատասխանեց. «Որովհետեւ քիչ թե շատ նրանց մեջ մարդկություն կա: Բա ո՞ւմ ընտրեմ, դու ասա»:

«Արթուր Բաղդասարյանին ընդհանրապես չեմ ընտրի, եթե մի տեղ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ընտրեմ, նրան ընդհանրապես չեմ ընտրի. էդքան ժամանակ կառավարեց, ի՞նչ արեց էս ժողովրդի համար: Երեկ բանկում մի աղջկա տեսա, լացում էր, ասում էր մայրս մահացել ա` իրա ավանդն ինձ չեն տալիս: Էդ չե՞ն արել: Ինչ ունեինք չունեինք ծախեցին, մի հատ համալիր ունեինք, էն էլ ծախեցին», ասում է տարեց կինը: Չկարողանալով կողմնորոշվել իր կատարելիք ընտրության հարցում` նա ասաց. «Ճիշտն ասած, էս ժողովուրդը մեղք ա, չգիտի ում ընտրի, չգիտի ով ա լավը, ում կողմից լինի»: Հետո էլ բարձրաձայն մտորելով ավելացրեց. «Նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ, որ ավելի լավ ա ըսենց մնա, քան թե ուրիշը գա: Երեւի էդպես ավելի լավ լինի»:

Տարեց կնոջ որդին ավելի ագրեսիվ է տրամադրված. «Գնալու եմ ընտրություններին, բայց ոչ մեկին չեմ ընտրելու` բոլորի վրա մի մեծ խաչ եմ քաշելու»: Մեր հետաքրքրությանը, թե ինչու է այդպես տրամադրված` պատասխանեց. «Ո՞ւմ ընտրեմ, ո՞ւմ վստահեմ, հըլը մեկի անունը դու ասա»: Իրենց թաղապետի ընտրությունից հիասթափված` Արսենը նկատեց. «Էս ամեն ինչը իրենց շահերի համար ա: Թաղապետի ընտրության ժամանակ էլ ասացին սրան ընտրի, լավ կլինի, ընտրել եմ ու ի՞նչ եղավ: Ով էլ ընտրվի, պետք ա իրա բարեկամներին, իրա թայֆային բերի ու սկսի նրանց ապահովել: Է իմ օգուտը ո՞րն է: Ոչ մեկը ժողովրդի մասին ռեալ չի մտածում: Մեր ազգն է մեղավոր, միասնական չէ: Եթե էս նույն խաղը ուրիշ երկրի գլխին խաղային, ժողովուրդը կելներ, կխեղդեր»:

Տան հարսն ավելի կոնկրետ էր. «Ի՞նչ պետք ա, որ գնամ ընտրություններին: Ես էսքան ժամանակ, որ չեմ գնացել, իրենք չե՞ն ընտրվել»:

Որ փող տան, կվերցնե՞ք, իմ հարցին տկն Անահիտը կրկին յուրօրինակ պատասխան տվեց. «Եթե իմ ուզած թեկնածուն տա, կվերցնեմ, բայց որ ուրիշը տա, չեմ վերցնի: Իսկ եթե հանկարծ վերցնեմ էլ, իրեն չեմ ընտրի»: «Թող 30 հազար դրամ տան, գնամ իրենց ասածին ընտրեմ», վրա բերեց Արսենը` իր նշած գինը պատճառաբանելով հետեւյալ կերպ. «Էդ որ մեզ 5 հազար դրամ են տալիս, հո էդքան չէ: Ուղղակի մինչեւ գալիս, մեզ ա հասնում, էդքան ա դառնում»:

Փաստորեն, այս ընտանիքում ընտրելու իրավունք ունեցողներից ոչ մեկը տրամադրված չէ ընտրության, հետո էլ անկեղծ մտահոգված են ընտրանք չունենալու հանգամանքով: Խորհրդարանական ընտրապայքարի այս շրջանում ստեղծվել է մի հակասական իրավիճակ, երբ քաղաքական ուժերն ամեն օր այս կամ այն ամբիոնից հայտարարում են իրենց ստվար ընտրազանգվածի մասին, իսկ հռչակավոր սոցիոլոգները հրապարակում են տվյալներ` այս կամ այն ուժի կամ գործչի վարկանիշի մասին: Այս պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ ժողովուրդը կամ էլ գոնե նրա զգալի մասը պատրաստ է ընտրություններին, արդեն կողմնորոշվել է եւ անխոս մասնակցելու է դրանց: Իսկ իրականում հոծ է ժողովրդի այն հատվածը, որը ոչ մի հաշվարկում ներկայացված չէ եւ ոչ մի սոցիոլոգիական հարցումում չի տեղավորվում: Այդ զանգվածն իսկապես չգիտի ում ընտրի:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի հրապարակած մեկ տվյալին կարելի է վերապահումներով համաձայնել: Նրա խոսքով, ժողովրդի 40 տոկոսը չի մասնակցելու ընտրություններին, 30 տոկոսն էլ կողմնորոշված չէ: Շարքային քաղաքացիների հետ հարցուփորձից սկսում ես մտածել, որ չկողմնորոշված մարդկանց տոկոսն իրականում շատ ավելի բարձր է, քան կանխատեսում է սոցիոլոգը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4