«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2007-04-14 | #70, 2007-04-17 | #71, 2007-04-18


«ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԾ-ՄԵԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐ ԱՆՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՔ Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ»

Թեեւ «Ուրբաթ» ակումբը նախաձեռնել է մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների բանավեճեր, սակայն, երեւում է, դրանք չեն տեղավորվում հայկական մենթալիտետի շրջանակներում, որովհետեւ, օրինակ, Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքում 5 առաջադրվածներից հրավերին արձագանքել էին ընդդիմադիր թեկնածուները` Թաթուլ Մանասերյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հայկ Բաբուխանյանը: Չէր եկել Համլետ Հովսեփյանը, իսկ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները հանդիպումը վարող Գոհար Վեզիրյանին ասել էին, որ այլեւս չանհանգստացնի իրենց «շեֆին»:

Նախ առաջադրվելու նպատակը. Թ. Մանասերյան. «Ինչ որ արել եմ, պիտի շարունակեմ... համամիտ չեմ, որ մի քանի սերունդ է պետք` երկիրը վերափոխելու-զարգացնելու... ես տնտեսագետ եմ եւ ամեն ինչ տեսնում եմ փաստերի եւ թվերի մեջ»:

Հ. Հովհաննիսյան. «Ինձ համար խորհրդարան գնալն ինքնանպատակ չէ, համաձայն չեմ, որ խորհրդարանը օրենք գրելու տեղ է միայն, քաղաքական մարմին է նաեւ, խորհրդարան պետք է գնան քաղաքական գործիչներ, որ իրենց վրա քաղաքական բեռ կամ քաղաքական պատասխանատվություն կրեն... փորձենք ձեւավորել մի խորհրդարան այնպիսի կազմով, որ ունենա իր տեսքը, դեմքը, իսկապես ծառայի այն նպատակներին, որոնց կոչված է»:

Հայկ Բաբուխանյան. «Խոսակցությունը պետք է լինի գաղափարների, տեսակետների վերաբերյալ, ոչ թե տրված ընտրակաշառքի, ասֆալտի... Ես շարունակելու եմ պայքարը մարդու իրավունքների եւ ազատությունների համար, որպեսզի ազատություններն արտացոլվեն օրենքներում, այդ օրենքներն էլ կիրառվեն կյանքում... պայքարելու եմ լրագրողների իրավունքների, փոքր եւ միջին բիզնեսի ազատության համար»:

Որքան էլ զարմանալի է, բանավեճով սակավաթիվ լրագրողներ էին հետաքրքրվել: Բայց նայելու եւ լսելու բան կար, որովհետեւ մեկ ընտրատարածքում միանգամից երեք ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը պետք է որ լրագրողների մեջ հարցեր առաջացներ: Եվ առաջացրեց. իրար դեմ թեկնածություն դնելով` նրանցից ո՞վ է արդյոք իշխանության դաշտում խաղում: Վերջապես` ինչո՞ւ չմիավորվեց ընդդիմությունը: Հ. Հովհաննիսյանն անձամբ մասնակցել էր ընդդիմության միավորման բանակցություններին: 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը լուրջ ազդեցություն կունենար ընտրությունների ընթացքի վրա, եւ իր առաջադրումն այդ ընտրատարածքում այդ նախագծի արդյունք է: Բայց, ցավոք, ընդդիմությունը դրանից հետո հայտնվեց ցայտնոտային իրավիճակի մեջ եւ 2 խնդիր չկարողացավ լուծել` քաղաքական միավորում չստեղծեց, մեծամասնականով չառաջադրվեց: «Իրականում ես եմ մնացել միայն»:

Իրենց ընդդիմադիր կոչող որոշ լիդերներ, ըստ Հ. Բաբուխանյանի, գնացին ստվերային համաձայնությունների իշխանությունների հետ, արդյունքում ստացվեց փոշիացված տարբերակը, որ կա այսօր: Թիվ 5 ընտրատարածքում առաջադրվելը Բաբուխանյանն, իր խոսքերով, միշտ էլ բացատրել է` այստեղ է ծնվել-մեծացել, այստեղ է ընտրվել մի անգամ:

Թեկնածուները խուլ կռվում էին, եղավ մի պահ, որ Հ. Հովհաննիսյանը Թ. Մանասերյանին զգուշացրեց խորհուրդներ չտալ եւ կոռեկտության սահմաններում լինել, իսկ Մանասերյանն էլ պահանջեց չընդհատել իրեն. «Եթե ընդդիմությունն այդպիսի պրոյեկտ ուներ` ես ո՞ր դաշտից եմ, իշխանական դաշտի՞ց եմ: Եթե ես իմ թեկնածությունը դրել եմ մինչեւ իմ ընդդիմադիր ընկերների գրանցվելը` սա խորհելու առիթ պետք է տար», նկատեց նա, փաստորեն մյուսների առաջադրումը իշխանական ջրաղացին ջուր լցնել անվանելով:

Հ. Հովհաննիսյանն իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք համարեց. «Կա քաղաքական որոշում, ես կուսակցության ղեկավար եմ եւ քաղաքական որոշում եմ կատարել: Ես էլ եմ ծնվել Արաբկիրում, ավարտել: Եթե ընդդիմությունը չի միավորվել, դա չի նշանակում, որ ընդդիմություն չկա Հայաստանում: Եվ պետք չէ պատեհ-անպատեհ վարկաբեկել ընդդիմությանը: Աշխարհը չի վերջացել, պրոցեսները գնում են, եւ ես շատ կարեւորում եմ հետընտրական պրոցեսները: Մայիսի 12-ից հետո կարեւոր է, որ ընդդիմությունը կատարի լուրջ քայլեր, եւ արդյունքները վիճարկի... Հիմիկվանից ասել` ընդդիմություն չկա` չի կարելի: Մենք ասում ենք, Եվրոմիությունը կրկնում է, այ երեկ էլ Եվրոմիության ներկայացուցիչը հայտարարեց` ջլատված ընդդիմություն. Եվրոմիության ներկայացուցիչները, որ էդպես մեծ-մեծ հայտարարություններ են անում` իրենք ի՞նչ են արել, որ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների հարցերում Հայաստանում տեղաշարժ լինի, ոչ մի բան, ոչ մեկը մատը մատին չի խփել»:

Ժողովրդավարությունը մենք պետք է հաստատենք, նրա հետ չհամաձայնեց Թ. Մանասերյանը:

Ըստ Հ. Բաբուխանյանի` ընտրատարածքը «կաբինա» չէ, որ ով առաջինը գնաց-այնտեղ գրանցվեց, էլ ոչ մեկը չպիտի գնա:

Թ. Մանասերյանը հանդիպմանը ներկա մրցակիցների հետ մրցել պատրաստ է, բայց ոչ ՀՀԿ թեկնածու Լեւոն Սարգսյանի. «Ես չեմ կարող մրցել ուրվականների հետ: Անցած չորս տարում չեմ հիշում, որ բացակա մրցակիցներս ինչ-որ բանով աչքի ընկած լինեն»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4