«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2007-04-14 | #70, 2007-04-17 | #71, 2007-04-18


«ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԹԵՎՈՒՄ»

Գլխավոր մարքսիստի պատմաքաղաքական եւ ինտուիտիվ «պռոգնոզները»

Հնարավոր չէ պատկերացնելէ, թե մեզ բոլորիս որքան են պակասում ուրախությունները` հատկապես ընտրությունների այս անուրախ ժամանակներում: Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալվել էր Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար, թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Հակոբյանը, որը ներկայացրեց իր պատմական, քաղաքական, գիտական եւ ինտուիտիվ կանխատեսումները` շաղախված պատմության դասերով, հիշատակումներով, անգամ երգերից ընտրված հատվածների մեջբերումներով: Երգերի հարցն իհարկե հասկանալի է` հաշվի առնելով Դավիթ Հակոբյանի մասնակցությունը «Երկու աստղ» երաժշտական նախագծին:

Կանգնած հարգելով Կարեն Դեմիրճյանի հիշատակը` Դավիթ Հակոբյանը ազգին նման անհատներ ծնելու նոր երկունքներ մաղթեց, իսկ որդուն` Ստեփան Դեմիրճյանին մաղթեց, որ հոր արժանի հետնորդը լինի:

Դավիթ Հակոբյանը պատմեց Արտաշես Գեղամյանի հետ Տավուշի մարզ, իր խոսքով, պատմական Ուտիք կատարած իր այցի տպավորություններից: Զարմացած ժողովրդի հյուրընկալությունից` նշեց. «Արտաշես Գեղամյանի քաղաքական աստղը, ինչքան էլ ոռնահաչեն, չի խամրում, այլ բարձրանում է: Այդ ընդունելությունն ինձ համար հանելուկ էր: Այն աստիճան էի ես ինձ կորցրել, որ երբ ժողովուրդը գրկախառնվում էր, ես այնքան էի ինձ կորցնում, որ մի պահ մոռանում էի, որ այդ նույն ժողովուրդը ինձ է ուզում գրկախառնվել, ինձ հետ շփվել»: Լրագրողի հիշեցմանը, թե մարքսիստը հեռուստաընկերության եթերից նույն Գեղամյանի մասին ասել է «մուժիկ տը մուժիկ, նո նի արյոլ», Հակոբյանն արձագանքեց, որ Գեղամյանն իրեն չարդարացրեց, մարտավարական, ռազմավարական առումով, երբ 2003 թ. չկանգնեց Դեմիրճյանի կողքին` իշխանությունը վերցնելու: Բայց հիմա վստահ է, որ երկրի երեք կարեւոր` նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոններից որեւէ մեկը պետք է տրվի Գեղամյանին. «Ազգը չի կարող չօգտագործել պատմական պահը»: Դավիթ Հակոբյանը, ելնելով իր պատմական, քաղաքական եւ «ինտուիտիվ պռոգնոստիկայից», կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը եւս, իշխանությունը վերցնելու իմաստով, կորցրել է պատմական պահը:

Դավիթ Հակոբյանը ցավով արձանագրեց, որ Տավուշի մարզում «հանրապետական խունտայի թաղապետները եւ համապատասխան ոհմակների ներկայացուցիչներն ահաբեկում են ժողովրդին»: Ինչ վերաբերում է մարզերի եւ շրջանների բնակչությանն, ապա «պրովինցիայի ազգաբնակչության թշվառությունն ու ընչազրկությունը կենսաբանական անվտանգության սահմանից դուրս է»: «Ընտրական արդյունքների խեղաթյուրում ես ավելի շատ կասկածում եմ պրովինցիայի ղեկավարների կողմից», ասաց նա` միաժամանակ եզրակացնելով. «Պատմական պահը իշխանափոխություն է պահանջում պառլամենտական թեւում: Գործադիր իշխանության նոր դերակատարությունն անհրաժեշտություն է»:

Հարցին, թե նա հաղթանակի ինչ հույսեր ունի, հետեւեց ակումբի հյուրի պատասխանը Հուլիսոս Կեսարի ոճով. «Հաղթանակ ո՞ւմ հանդեպ, յուրայինների՞: Յուրայինների հանդեպ հաղթանակ չեն տանում, նրանց նկատմամբ առավելության են հասնում»:

Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ եթե ինքը չընտրվի այս ընտրություններում, հեռանալու է քաղաքականությունից` նեղանալով այն քաղաքական ուժերից, ովքեր փորձեցին ստերջացնել քաղաքական դաշտը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4