Գրում է թուրքական «Զաման» թերթը
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը ժխտողականությունն է: Սակայն ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը հանգեցնում է ժխտողականության դիրքերի սպառմանը: Դրա հետ սպառվում են նաեւ ժխտողականությունը թմբկահարելու թուրքական մամուլի դիրքերը, իսկ դա ի չիք է դարձնում ճշմարտությունը թուրք հասարակությունից ժխտողականությամբ քողարկելու նկրտումները:
Ապրիլի 16-ի համարում «Զաման» թերթը «Թուրքական մամուլի մեծ մեղքը Հայկական հարցում» վերնագրով անդրադարձել է ճշմարտության քողարկման միտումներին: Անդրադարձը խոստովանության բնույթ է կրում: Խոստովանության պարագայում «Զամանի» խնդիրն, ինչ խոսք, ճշմարտության բացահայտումը չէ, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անդառնալիության գիտակցումը: Որքան էլ պաշտոնական Վաշինգտոնը հակադրվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դրանում մեծ է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված բանաձեւերի դերը:
Ահա թե ինչ է գրում «Զամանը». «Առաջին անգամ էի Բրյուսելում, քաղաքավարության այց էի կատարել Բելգիայում Թուրքիայի դեսպանին: Հիշում եմ, թե ինձ ինչպես էին ցնցել դեսպանի խոսքերը, երբ նա ասել էր, որ Հայկական հարցում Թուրքիան այլեւս հակաքայլեր չունի, որովհետեւ հայերի «ցեղասպանության» ճշմարտացիությունը Եվրոպայի համար «հավատք» է դարձել:
Թուրքիայից դիտարկելիս մեզ թվում էր, թե «ցեղասպանությունը» մեծ սուտ է, Եվրոպան եւ ԱՄՆ-ն քաջ գիտեն այդ մասին, սակայն քաղաքական շահարկումների համար չիմանալու տեղ են դնում: Ինչպե՞ս չթվա: Չէ՞ որ ամեն անգամ, երբ եվրոպական խորհրդարանները օրենքներ էին ընդունում, մեր ազդեցիկ թերթերը խոշոր տառերով գրում էին. «Արժե՞ր մի քանի քվեի համար»: Այլ կերպ, մեր խոշոր թերթերն, ինչպես Թուրքիայի համար կենսական նշանակության, այնպես էլ այդ հարցում, առանց անդրադառնալու դրա պատմաքաղաքական նշանակությանը, դա վերագրում էին քվեորսության: Այսպիսով, ժողովուրդը հանգիստ շունչ էր քաշում: Տարիներ շարունակ հետ էին պահում նրանց, ովքեր տեսնելով, որ հայ ահաբեկիչներն սպանում են մեր դիվանագետին, շփոթված որոնում էին. «Ի՞նչ են ուզում այս հայերը մեզնից» հարցի պատասխանը:
«Խոշոր թերթերի» հավաստմամբ, ամեն անգամ ընտրություններին եվրոպացի գործիչները հայերի քվեներն ստանալու մղումով կառչում էին ցեղասպանության ստից, ընդ որում այս ստին ո՛չ իրենք էին հավատում, ո՛չ էլ տվյալ երկրի ժողովուրդը: Սակայն համանման որոշումներ սկսեցին ընդունել նաեւ Լեհաստանի, Սլովակիայի պես հայ բնակչություն գրեթե չունեցող երկրները եւ պարզ դարձավ, որ «խոշոր թերթերի» ժողովրդին ասածները թյուրիմացություն է, եւ խնդիրը ոչ մի կերպ չի պայմանավորվում քվեորսությամբ:
Մի քանի օր առաջ Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, նկատի ունենալով արեւմտյան գործիչներին, հեռուստաէկրանից բացականչում էր. «Նրանք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել»: Հակառակ դրան «Նյու Յորք թայմսն» ապրիլի 13-ի համարի խմբագրականում հայտնեց հետեւյալ սարսափազդու կարծիքը. «Աշխարհն զգացել էր (նկատի ունի հայերի «ցեղասպանությունը»), սակայն մատը մատին չխփելով խրախուսեց նախ Հիտլերին, ապա 1994 թ. Ռուանդայում թութսիների առաջնորդներին, իսկ ներկայումս խրախուսում է Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրին»: Սա նշանակում է, որ աշխարհի ամենաարյունարբու մարդասպանները, Հիտլերըՙ ներառյալ, առաջնորդվել են հայերի դեմ Օսմանյան կայսրության իրագործած «ցեղասպանության» օրինակով: Հայերի ողբերգությունը դեռեւս 2004 թ.-ին իբրեւ «ցեղասպանություն» բնութագրող «Նյու Յորք թայմսին» մնում էր ասել. «Եթե օսմանցիները ցեղասպանության չենթարկեին հայերին, ապա չէին լինի ո՛չ հրեաների, ո՛չ Ռուանդայի, ո՛չ էլ այլ ցեղասպանությունները»:
Այդպիսի մի խայտառակություն էլ մի քանի ամիս առաջ կատարվեց «Թայմ» հանդեսում: Ներողություն խնդրելով ընթերցողներից անցյալ տարի Անկարայի առեւտրի պալատի պատրաստած հայերի ցեղասպանությունը հերքող լազերային սկավառակը տարածելու համար, այս հանդեսը ողջ Եվրոպային անվճար բաժանեց մեկ այլ սկավառակ, որը հաստատում է Հայոց ցեղասպանության իրողությունը:
Այս մոտեցումները բոլորովին նման չեն «ցեղասպանության» սուտը գիտակցող հասարակական կարծիքի մոտեցումներին: Նույնիսկ Թուրքիայի ամենամերձավոր դաշնակիցներիՙ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատասխանատուներն են հրապարակավ ասում, որ եթե հայերի ցեղասպանությունը չեն բնութագրում իբրեւ ցեղասպանություն, ապա դա արվում է Անկարային չկորցնելու նկատառումով:
Հայկական հարցում քվեորսությունը, Թուրքիայի դեմ քաղաքական շահարկումները փաստ են: Դրանով հանդերձ փաստ է նաեւ այն, որ թուրքական «խոշոր» մամուլը հարցին ցուցաբերելով մակերեսային եւ խիստ կողմնակալ մոտեցում, խոչընդոտել է դրա խորքային ըմբռնումը: Հետեւաբար «Որտե՞ղ ենք սխալ գործել» հարցին պատասխանելիս առաջին հերթին պետք է զղջա այդ մամուլը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ