Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը նամակով հորդորել են Ջորջ Բուշինՙ ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում վերահաստատել Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը որակել ցեղասպանություն: Անցյալ տարի ԱՄՆ նախագահն իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը նշել էր որպես ողջ մարդկության ողբերգություն, որը Նահանգները եւ ողջ աշխարհը չպետք է երբեւէ մոռանան:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները հորդորելով օգտագործել ցեղասպանություն բառը, իրենց նամակում նշել են նաեւ, որ Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որպեսզի հանցագործություններն ընդդեմ մարդկության անցնեն առանց հիշատակման եւ դատապարտման: Նամակում կարեւորվում է նաեւ Միացյալ Նահանգների մասնակցությունն ապագայում ցեղասպանության դրսեւորումների կանխարգելման հարցում: