Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այսուհետեւ տեղադրված կլինեն բոլոր դիմում բողոքները եւ դրանց պատասխանները: Ընտրություններից 24 օր առաջ ԿԸՀ-ն որոշեց հրապարակել ստացված դիմում բողոքներն ու տեղեկությունները դրանց տրված ընթացքի վերաբերյալ: Ստացված դիմում-բողոքներին ԿԸՀ-ն պետք է պատասխանի 5 օրվա ընթացքում:
Մինչեւ երեկ 10 դիմում- բողոք է եղել, տարբեր բնույթի, կան նաեւ տարբեր առաջարկներ ներկայացնող դիմումներ: Դիմում-բողոքների մեջ առավել ակտիվ են «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանն ու «Իմպիչմենտը»: Անդրադառնալով դահլիճներ չտրամադրելու մասին ՕԵԿ բողոքին, Գ. Ազարյանը մեջբերեց Ընտրական օրենսգրքից` քարոզարշավի մասնակիցներին հայտնելով, թե դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրվում են ԸԸՀ դիմում ներկայացնելով, այնուհետեւ դիմումն ուղարկվում է պետական մարմին, որից հետո տրամադրվում են անվճար դահլիճներ: Մնացած դեպքերում անվճար դահլիճներ չեն տրամադրվում: Իսկ տեղական ինքնակառավարման մասին օրենքում էլ ամրագրված է, որ համայնքային սեփականությունն առանձնացված է պետական սեփականությունից եւ ընտրական օրենսգիրքը չի պարտադրում համայնքային սեփականության շինությունները տրամադրել հանդիպումներ անցկացնելու համար. մասնավորապես Սպիտակի եւ Վանաձորի քաղաքապետների գրություններից ԸԸՀ-ներին եզրակացվում է, որ ՕԵԿ-ը դիմել է ԸԸՀ-ներին` քաղաքապետարաններին պատկանող անվճար տարածքներ ստանալու դիմումներով: ԿԸՀ նախագահը քաղաքապետների մերժողական պատասխանները պատշաճ համարեց: Տեղյակ պահվեց, որ այս երկու քաղաքներում էլ ՕԵԿ անդամների հանդիպումները կայացել են ընտրողների հետ` մեկ դեպքում վճարովի, երկրորդ դեպքում պետական սեփականություն հանդիսացող տարածքում:
ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաեւ լրագրային հրապարակումներին` խոստանալով, որ այսուհետեւ օպերատիվ արձագանքելու են դրանց: Անձնագիր հավաքելու վերաբերյալ լրագրային հրապարակումների տեղեկությունները ուղարկվել են դատախազություն, դատախազությունն էլ ավելի օպերատիվ է արձագանքել` կոնկրետ փաստեր չգտնելով այդ տեղեկություններում: Իսկ, օրինակ, թիվ 9 հանձնաժողովի անդամն, ըստ Գ. Ազարյանի, չի տարբերում քարոզչությունը կրպակի վրա կպցված պաստառից` պաստառն իր կողմից քարոզչություն ընկալվելուց վախենալով: ԿԸՀ նախագահին այդ մեկնաբանությունը հեռուն գնացող մեկնաբանության տեղիք էր տվել` ԸԸՀ անդամի մակարդակի վերաբերյալ «Նոր ժամանակների», «Իմպիչմենտի», «Հանրապետության» ներկայացված դիմում-առաջարկը` Հ1-ով սկսվող քարոզչության ժամն ավելի ուշ տեղափոխելու վերաբերյալ, մերժվել էր, քանի որ այդ որոշումը ժամանակին ԿԸՀ-ն ընդունել է միաձայն, իսկ 10 օր անց քարոզարշավից, երբ ընտրողները սովորել են այդ կարգին, հանկարծ ժամ փոխելը ոչ նպատակահարմար համարվեց, մանավանդ որ որոշ դեպքերում հեռուստաքարոզարշավը նաեւ «Հայլուրից» այն կողմ է անցնելու` եթերաժամանակը բոլոր թեկնածուների կողմից լրիվ ծավալով օգտագործելու խնդիր ունենալով:
Պաստառների հարցին անդրադառնալով` քարոզչության մասնակիցների մեջ որոշ շփոթություն է առաջացել. փողոցներում տեղադրված մեծ պաստառները եւ քարոզչական պաստառների տեղերի հատկացումը համայնքի ղեկավարների կողմից որոշ դեպքերում նույնացվում են, մինչդեռ մեծ ցուցատախտակները գովազդի մասին օրենքով են տեղադրվում, վարձակալելու համար էլ անհրաժեշտ էր վաղօրոք դիմել համայնքի ղեկավարներին, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներից տարածքներ վարձակալեին (Երեւան քաղաքում դրանք երեքն էին), բացատրեց ԿԸՀ ղեկավարը, քաղաքական փորձ ունեցողները վաղօրոք պետք է մտածեին այդ մասին: Այնպես որ ԿԸՀ դիմելն ու հարց բարձրացնելը, թե տնտեսվարող սուբյեկտների կողմից տարածք չի տրամադրվում, անօգուտ է:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ԿԸՀ-ն ինչպե՞ս է վերաբերվում պաշտոնեական պարտականություններ կատարելու ընթացքում պաշտոնյաների քարոզչությամբ զբաղվելու փաստին` ԿԸՀ նախագահը նկատեց, թե օրինակՙ կառավարության նիստի ժամանակ վարչապետն իրավունք չունի ներկաներին կոչ անել` քվեարկելու որեւէ մեկի օգտին. «Աշխատանքային այցի ժամանակ, ավարտելով աշխատանքային պարտականությունները, քաղաքական պաշտոն զբաղեցնողը կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Բայց համատեղել չի թույլատրվում», ասաց` միաժամանակ քաղաքական պաշտոնի առանձնահատկությունները եւս հաշվի առնել առաջարկելով: Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ էլ դիտարկումների առիթով Գ. Ազարյանը գրազ եկավ. եթե որեւէ երկրում հարյուր տոկոսանոց ընտրացուցակներ լինեն` ինքը հրաժարական կտա, հնարավոր չէ դրանք լիովին մաքրել մահացածներից, մինչդեռ մեր ընտրացուցակներն, ըստ նրա, երբեք այդքան մատչելի չեն եղել, որքան հիմա: Թեեւ լրագրողները հարցեր էլի կտային, սակայն ԿԸՀ նախագահը շտապում էր գնալ դիմավորելու Սիրիայից եկող եւ երեկ արդեն Երեւան հասած 5 հազար քվեատուփերը: Դրանց կեսը սպիտակ, մյուս կեսը նարնջագույն փականներով են` համամասնական եւ մեծամասնական քվեարկությունների համար: «Լցված են բերում, թե՞ դատարկ են», կատակեց լրագրողներից մեկը: Հայաստանում 1820 ընտրատեղամաս կա, որոնցից ամեն մեկում պետք է տեղադրվեն երկու քվեատուփ (սպիտակ եւ նարնջագույն փականներով), այնպես որ` «զապասով» ենք աշխատում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ