«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


ՍՐԲԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ՄԱՐԶԻԿԸ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ

Ապրիլի 16-ի երեկոյան Մոսկվայի շրջաններից մեկում տեղի էր ունեցել հարձակում հայաստանցի 46-ամյա Կարեն Աբրահամյանի վրա: Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել էր, Աբրահամյանին գտել էին դանակի բազմաթիվ հարվածներով վիրավորված, որոնցից հիվանդանոցում նա մահացել էր: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ իր աղբյուրների համաձայն, ապրիլի 17-ին ձերբակալվել են Մոսկվայի երկու բնակիչներ, որոնք խոստովանել են, որ իրենք են իրագործել հարձակումը Կարեն Աբրահամյանի վրա:

Երկու երիտասարդները քայլել են նույն փողոցով, որով Կարեն Աբրահամյանն աշխատանքից տուն էր վերադառնում: Նրանցից մեկին թվացել է, թե Աբրահամյանը կասկածանքով է իրեն նայում: Հանցագործներն Աբրահամյանին հնարավորություն են տվել անցնելու առաջ, եւ մինչ նա կհասներ իր տան մուտքին, հարձակվել են եւ դանակահարել:

Դեպքի վայրից ոչ հեռու գտնված պարեկային ծառայության ջոկատն արագորեն ստուգումներ է անցկացրել եւ շուտով ձերբակալել երկու երիտասարդների: Պարզվել է, որ հանցագործներից մեկը եղել է Ռուսաստանի ֆիզկուլտուրայի պետական համալսարանի ուսանող 18-ամյա Պավել Սկաչեւսկին, իսկ մյուսըՙ Կիսելյովի անվան սրբանկարչության դպրոցի աշակերտ եւ ընկերոջ հասակակից Արտյոմ Ռինոն:

Խոստովանության ընթացքում երիտասարդները նշել են, որ ոչ վաղ անցյալում են մտերմացել եւ «զբոսանքները» բավականին հաճախակի են իրականացրելՙ այլազգիների վրա հարձակման համար: Հիմքեր կան կասկածելու, որ օրերս 26-ամյա տաջիկի սպանությունն իրագործել են նույն երիտասարդները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4