«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ», ԲԱՅՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՎ

«Արմենտելի» կողմից Հայաստանի 800 գյուղերին թվային հեռախոսակապով ապահովելու պարտավորությունը, ընկերության վաճառքից ի վեր, փաստորեն, չի կատարվել: Նախկին սեփականատեր հունական ՕՏԵ-ն, առանց արմատական տեղաշարժի, այդ պարտավորությունը փոխանցեց նոր սեփականատիրոջըՙ «Վիմպելկոմին»: Վերջինս էլ, «Արմենտելը» ձեռք բերելուց հետո, ի պատասխան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բացատրություն պահանջող գրության, դիմել էր նրան, խնդրելով երկարաձգել այդ պարտավորության կատարման ժամկետը 2006 թ.-ի դեկտեմբերի 31-ից նախ մինչեւ ապրիլի 1-ը, ապաՙ մինչեւ հունիսի 30-ը: Բացի այդ, «Արմենտելին» տրված թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված տարբերակով, ընկերությունը պարտավոր էր արդիականացնել մարզերում տեղադրված անալոգային հեռախոսագծերըՙ հնարավորություն ընձեռելով միջքաղաքային եւ միջազգային զանգեր կատարելու ավտոմատ եղանակով: Եվ ահա երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկեց «Արմենտելի» պարտավորությունների կատարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ դիմումը:

Համաձայն հանձնաժողովի որոշման, «Արմենտելը» պարտավոր է մարզերում տեղադրված 70 հազար անալոգային հեռախոսագծերն արդիականացնել մինչեւ 2007 թ.-ի դեկտեմբերի 31-ը, հնարավորություն ընձեռելով այդ գծերով միջքաղաքային եւ միջազգային զանգեր կատարելու ավտոմատ եղանակով: Համաձայնվելով ընկերության այս առաջարկին, հանձնաժողովը նաեւ պահանջեց, որպեսզի մինչ 2008 թ.-ի դեկտեմբերի 31-ը «Արմենտելն» այդ հնարավորությունը ստեղծի Հայաստանի տարածքում գործող բոլոր անալոգային հեռախոսագծերի համար:

Ինչ վերաբերում է 800 գյուղերի թվայնացմանը, ապա այդ պարտավորության կատարման վերջնաժամկետ սահմանվեց 2007 թ.-ի հունիսի 30-ը: Ի հավելումն վերոնշյալ 800 գյուղերի, հանձնաժողովն «Արմենտելին» պարտավորեցրեց այդ ժամկետում թվայնացնել եւս 10 գյուղեր: Որոշման մեջ նշվում է, որ «Արմենտելը» պարտավոր է 15 օրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել թվայնացվող գյուղերի ցանկը, ինչպես նաեւ պարբերաբար, եռամսյակը մեկ, գրավոր տեղեկատվություն հաղորդել անալոգային գծերի արդիականացման վերաբերյալ պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Ընդառաջելով «Արմենտելին», հանձնաժողովը միաժամանակ նախազգուշացրեց ընկերությանն այն մասին, որ սա նրա վերջին հնարավորությունն է ժամկետին եւ ամբողջությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Մասնավորապես որոշման վերջին կետում նշվում է, որ «Արմենտելի» կողմից «սահմանված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կամ կատարման ժամկետների խախտումը կդիտվի որպես լիցենզիայի կոպիտ խախտում»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4