Բուհերում տիրող կաշառակերության, ուսանողների կրթական իրավունքների ոտնահարման դեմ, որակյալ կրթության իրավունքի պաշտպանության համար պայքարի ձայն է բարձրացնում «Հույս» նորաստեղծ երիտասարդական շարժման նախաձեռնող խումբը, որի մասին երեկ «Ազդակ» ակումբում հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները: Երեւանի պետական համալսարանի ուսանողներից բաղկացած նախաձեռնող խումբն ունի 1000 համակիրներ, այդ թվում նաեւ տարբեր բուհերից, եւ հուսով է համակիրների թիվն ավելացնել, որի համար արդեն գրավոր կոչով դիմել են տարբեր բուհերի:
Շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժաննա Բադալյանը նշեց, որ իրենք հետեւողական են լինելու իրենց պայքարում: «Բուհական կոռուպցիան չի կարելի վերացնել, գիտենք, բայց կարելի է հաղթահարել», ասաց նա: Որակյալ կրթության առնչությամբ նշեց. «Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը նախ պետք է լինի անկուսակցական, դա շատ է խանգարում, պետք է վերահսկվեն ընդունելության քննությունները: Համալսարանն իր ռեսուրսներով այսօր կարող է սպասարկել ամենաշատը 8 հազար 5 հարյուր ուսանողի, բայց համալսարանում սովորում են շուրջ 13 հազար ուսանողներ: Ոտնահարվում են որակյալ կրթություն ստանալու իմ իրավունքները»:
Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Գրիգոր Գրիգորյանն էլ նշեց, որ իրենք հույս ունեն, որ այս նախընտրական զգայուն ժամանակաշրջանում իրենց ձայնը տեղ կհասնի: Բացի այդ, պատրաստվում են բոլոր բուհերի համակիրների հետ մեկտեղ առաջարկությունների փաթեթ ստեղծել ու ներկայացնել կառավարությանը: Խմբի անդամ Արշալույս Գոգորյանն էլ համոզված է, որ պետք է տեր կանգնել կրթական իրավունքներին. «Գիտելիքն է ապագայի հենասյունը»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ