Ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերության մամուլի բաժնից տեղեկացրին, որ մայիսի 23-ից ընկերությունը վերսկսում է իր կանոնավոր չվերթերը Երեւան-Բեյրութ-Երեւան ուղղությամբ: Շաբաթական մեկ անգամ իրականացվող չվերթի օրը չորեքշաբթին է: Նոր չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել արդեն այսօրվանից: Ավիաընկերության հիշյալ բաժնից հիշեցրին նաեւ, որ «Արմավիան», հավատարիմ մնալով նոր չվերթեր բացելու իր որդեգրած քաղաքականությանը, մարտի 29-ից իրականացնում է Երեւան-Քյոլն-Երեւան չվերթը: «Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ուղեւորներին հնարավորություն է տալիս շատ ավելի արագ եւ շատ ավելի մատչելի ձեւով հասնել եվրոպական այլ քաղաքներ: Բացի այդ, Քյոլն-Բոնն օդանավակայանն այն քիչ օդանավակայաններից մեկն է, որն ունի բարձրակարգ, զարգացած երկաթգիծ, ինչն օդանավակայանն ուղիղ կապում է Գերմանիայի հյուսիսի, հարավի, արեւմուտքի եւ արեւելքի հետ», տեղեկացրեց ավիաընկերության մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ