«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ»

Համոզված են ավագ գիտաշխատողներն ու փոխտնօրենը

«Բոլոր այն գիտնականները, որ կցանկանան օգտվել Մատենադարանի ձեռագրերի թվային պատկերներից ու նյութերից, պետք է իրավունք ստանան Մատենադարանից»:

«Գիտնականները պետք է համաձայնեն ոչ մի ձեւով չվերարտադրել ձեռագրերի նկարներն առանց Մատենադարանի եւ «Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանի թույլտվության»:

«Երրորդ կողմի հետ առեւտրային կամ ոչ առեւտրային յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է կատարվի կողմերի համաձայնությամբ, միայն նոր պայմանագրով»:

«Մատենադարանին հանձնել այն բոլոր հայերեն ձեռագրերի թվային պատկերները, որոնք արված են աշխարհի այլ հավաքածուներումՙ նախապես համաձայնեցնելով յուրաքանչյուր հավաքածուի սեփականատիրոջ հետ»:

«Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանը կկանխի Մատենադարանի հեղինակային իրավունքը չարաշահելու յուրաքանչյուր փորձ»:

«Յուրաքանչյուր էլեկտրոնային ցածրորակ պատկեր, որ ստեղծվել է գրադարան-թանգարանի աջակցությամբ եւ Մատենադարանի ձեռագրերից, կպահպանվի այդ պատկերների վրաՙ նշելով թանգարանի իրավունքները»:

Այս կետերը քաղված են Մաշտոցի անվան Մատենադարանի եւ Սուրբ Հովհաննես վանք-համալսարանին կից «Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանի միջեւ կնքված համաձայնագրից: Հակառակ մի շարք հայագետների բարձրացրած աղմուկին, Մատենադարանի գիտաշխատողներն այն համարում են հրաշալի մշակված համաձայնագիր, վնասազուրկ թե՛ գիտական, եւ թե՛ ազգային անվտանգության դիտանկյուններից: «Ազգը» երեկ զրուցեց Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանի, գիտնական քարտուղար Շուշանիկ Խաչիկյանի (Մատենադարանի նախկին տնօրեն Լեւոն Խաչիկյանի դուստրը) եւ փոխտնօրեն Արշակ Բանուչյանի հետ:

Արմեն Տեր-Ստեփանյան- Շատ ցավալի է, երբ ազգային արժեքները մի կողմ դրած մարդիկ զբաղվում են բամբասանքով: Այսօր մեծ աղմուկ է դուրս եկել այդ հարցի շուրջը: Աղմուկ բարձրացնողներից ո՞վ է եկել Մատենադարան, տնօրենից խնդրել պայմանագրի մեկ օրինակ ու կարդացել: Սա իրոք շատ ցավալի երեւույթ է:

Ես պատիվ եմ ունեցել Մատենադարանում աշխատելու Լեւոն Խաչիկյանի օրոք: Երջանկահիշատակ Լեւոն Խաչիկյանը բացառիկ գիտնական լինելուց բացի, հրաշալի կազմակերպիչ էր եւ 30-40 տարի առաջ տեսնում էր այն, ինչ այսօր շատերը չեն տեսնում: Նա գտնում էր, որ, աստված մի արասցե, բնական կամ արհեստական աղետի ժամանակ կարող է հանկարծ ոչնչացվել մեր ձեռագրային հավաքածուն: Նա ցանկանում էր մանրաժապավենների վերածել Մատենադարանի ողջ հավաքածուն ու պահ տալ աշխարհի 2-3 երկրներում: Եվ ահա այսօր ի վերջո իրականանում է Խաչիկյանի երազանքը: Ցավալի է նաեւ այն, որ աղմուկ են բարձրացրել մի քանի հայագետներ: Չի կարելի անձնական դրդապատճառներից ելնելով, համազգային հարց դարձնել այն, ինչն իրոք համազգային է դրական առումով: Չի կարելի անընդհատ ծուռ հայելու մեջ նայել ու չի կարելի անձնական շահերով մոտենալ ազգային հարցերին:

Ծիծաղելի եմ համարում այն հայագետներին, ովքեր չեն հասկանում հարցի բուն էությունը: Ոչ ոք չի կարող ինտերնետի միջոցով օգտվել ձեռագրերից, որովհետեւ դրանք չեն տեղադրվելու այնտեղ, ընդամենը 1-2 էջանոց գովազդային նմուշներ, ոչ թե ամբողջական նյութեր: Ձեռագրերը լինելու են DVD-ների վրա եւ առանց Մատենադարանի թույլտվության իրավունք չունեն տրամադրելու:

Շուշանիկ Խաչիկյան.-Մատենադարանը կնքեց հիանալի համաձայնագիր, որի բոլոր կետերը մանրակրկիտ քննարկել են թե՛ իրավաբանները, թե՛ գիտնականները: Փառահեղ համաձայնագիր է, որն, անշուշտ, ձեռագրական ֆոնդի պահպանման փայլուն հնարավորություն է տալիս: Ամենակարեւորն այն է, որ պահպանվում է Մատենադարանի հեղինակային իրավունքըՙ ոչ ոք իրավունք չունի առանց Մատենադարանի տնօրենության համաձայնության անգամ մեկ բառ օգտագործել ձեռագրերի թվայնացված ընդհանուր հավաքածուից: «Հիլլը» հոգալու է ամբողջ ծախսերը եւ թվայնացված բարձրորակ օրինակները պահպանվելու են Մատենադարանում, իսկ կրկնօրինակները` իրենց թանգարանում: Բայց դրանցից օգտվելու կամ մեկ ուրիշի տրամադրելու ոչ մի իրավունք չունեն. պայմանագրով հաստատագրված է, որ յուրաքանչյուր օգտագործման դեպքում տվյալ գիտնականը պետք է խնդրանք-դիմում ներկայացնի մեզ եւ պատասխան ստանա 14 օրվա ընթացքում: Մատենադարանի տնօրենությունն ինքն է որոշում թույլատրել այդ գիտնականին, թե՞ մերժել: Այնպես, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ, իսկ «Հիլլ» թանգարանը իրավունք չունի ձեռագրի ոչ մի էջ կամ նկար օգտագործել գիտական, առեւտրային եւ ոչ մի այլ նպատակներով: Որեւէ մտավախություն չկա ո՛չ գիտական աշխատանքների, ո՛չ պահպանման ու օգտագործման առումներով, որովհետեւ դրանք ամրագրված են համաձայնագրով:

Արշակ Բանուչյան- Ամենացավալին այն է, որ մտավորականը երբեք չպետք է հանդես գա այնպիսի ելույթներով, որ ժողովրդին ավելի հիասթափեցնի իր մտավորականներից, հաստատություններից, պետականությունից: Սա շատ վատ բան է: «Ազգում» նշվել է, որ ձեռագրերի հավաքածուն վաճառվել է 5 մլն դոլարով: Ո՞վ է ստացել այդ գումարը, անունն ասեք, առաջինը ես նրան դատի տամ: Ով այդպիսի բան ասելու քաջություն ունի, թող իր անունը հրապարակի, որ բոլորն իմանան: Դա ի՞նչ անհեթեթություն է: Անտեղյակ, տգետ մարդու խոսք է:

Վերջին 7- 8 տարիների ընթացքում Մատենադարանը ձեռագրերը թվայնացնելու բազմաթիվ առաջարկներ էր ստացել: Բայց մենք ընտրեցինք ամենանպաստավորը Հայաստանի համարՙ հաշվի առնելով այդ հաստատությանը ճանաչող հայ բարերարների ու գիտնականների կարծիքները: «Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանը ոչ առեւտրային կազմակերպություն է, վանական միաբանություն, որն իր գործունեությունը ծավալում է բարերարների օգնությամբ: Կոնկրետ մեր ձեռագրերը թվայնացնելու համար նրանց աջակցելու են նաեւ ամերիկահայ բարերարները: Նրանց նպատակը արեւելա-քրիստոնեական մշակույթն արխիվացնելն է, որի համար օգնում են այդ հաստատություններին ունենալու իրենց սեփական արխիվները: Իրենք նկարել են ավելի քան 100 հազար ձեռագիրՙ շուրջ 40 երկրում: Աշխատանքները սկսել են Եվրոպայից ու հասել մինչեւ Միջին Արեւելք եւ Աֆրիկա: Թվային լուսանկարների հսակայական հավաքածու ունեն ղպտերեն, ասորերեն, արաբերեն, հունարեն լատիներեն ձեռագրերի: Հայերեն ձեռագրեր նկարել են Մ. Նահանգներում, Լիբանանումՙ Զմմառի եւ Անթիլիասի հավաքածուները, շուտով աշխատանքներ կսկսեն Հալեպում: Ունեն նաեւ Վիեննայի հավաքածուի 2/3 -ը:

Մատենադարանի բոլոր ձեռագրերը համառոտ նկարագրված են, դրանց բովանդակությունը մեզ հայտնի է: Կարծում եմ, ազգային անվտանգության տեսակետից ավելի վտանգավոր է դրանք փակի տակ պահելը: Այս համաձայնագրից հետո ստորագրվելու են գործնական փուլի անցնող եւս 3 փաստաթղթեր:

ՌՈւԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4