Հայաստանի ազգային կամերային նվագախումբը (ՀԱԿՆ) իր հոբելյանը շքեղությամբ տոնեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի դահլիճում: Ըստ էության, կար երկու հոբելյան: Մեկը ՀԱԿՆ-ի 10-ամյակն էր նվագախմբի նոր կազմը ստեղծած Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ (ներկայումս նվագախումբը միջազգային կարգի բարձրորակ երաժշտական կոլեկտիվ է), մյուսըՙ 1962 թ. Զարեհ Սահակյանցի հիմնած հանրապետությունում առաջին լարային կամերային նվագախմբի 45-ամյակը (այն ժամանակ կոչվում էր Հայաստանի կամերային նվագախումբ): Խմբի պատմության մեջ պատվավոր տեղ է գրավում նաեւ Ռուբեն Ահարոնյանը, որը 13 տարի գլխավորել է նվագախումբը...
Դժվար է գերագնահատել մաեստրո Արամ Ղարաբեկյանի արածը, որի հիմնած արդիական նվագախումբն ունի ճկուն, շարժական, մշտապես նորացվող նվագացանկ, բազմաոճ եւ բազմաժանր ամպլուա, միջազգային լայն շփումներ, որոնք թույլ են տալիս ազատորեն համագործակցել աշխարհի տարբեր երկրների երաժիշտների հետ: Հանրապետությունում եւ արտերկրում պլանաչափորեն իրականացվող համերգային գործունեության քաղաքականությունն անհրաժեշտ դարձրեց ՀԱԿՆ-ի հիմքի վրա Կամերային երգչախմբի ստեղծումը (խմբավար Ռոբերտ Մլքեյան), որը նվագախմբի հետ մեկտեղ կամ ինքնուրույնաբար ակտիվ աշխատանք է ծավալել խմբերգային երաժշտության, հատկապես հայ կոմպոզիտորների երաժշտության տարածման ուղղությամբ:
Առհասարակ Հայաստանի եւ սփյուռքի կոմպոզիտորների ստեղծագործական կապերը ՀԱԿՆ-ի գործունեության գերակայություններից են: Դրա շնորհիվ կատարվել են հին ու նոր բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հաճախ եղել են գեղարվեստական ղեկավարի հատուկ պատվերները: Թողարկման պատրաստվող եւ երեք խտասկավառակից կազմված հայ կոմպոզիտորների երաժշտության հավաքանին ազգային նվագացանկի ընդլայնման արդյունքն է:
ՀԱԿՆ-ի կատարողական ոճի առանձնահատկություններից մեկը մաքուր, այսպես կոչված, բացարձակ երաժշտության սահմաններից դուրս գալն է: Նվագացանկն ընտրելիս Ղարաբեկյանը, որպես կանոն, դիմում է գրական տեքստ, սյուժե կամ թաքուն ծրագիր ունեցող ստեղծագործություններին կամ էլ բեմական առանձնահատկություն եւ թատերական մարմնավորում ունեցող գործերին: Պատահական չէ բացօթյա համերգների կազմակերպումը: Շուշիում, Գառնիում, Զվարթնոցում նվագախմբի ելույթները դառնում էին գունագեղ ու հանդիսային, թատերականացված. երաժշտությունը, ճարտարապետությունը եւ հենց բնապատկերը միախառնվում էին համատեղ գործողության մեջ:
Սլավոնական համալսարանում կայացած հոբելյանական երեկոն եւս աչքի ընկավ բեմական շեշտադրմամբ: Այստեղ Յ. Ս. Բախի երաժշտության տակ ամերիկահայ պարուհի Աիդա Ամիրխանյանը կատարեց սեփական պարային իմպրովիզացիաներ: Թավջութակի մենանվագը կատարում էր նվագախմբի կոնցերտմայստեր Աշոտ Այվազյանը: Անհրաժեշտ լուսավորության բացակայությունն, անկասկած, թուլացրեց այդ համարի տպավորությունը: Առավել համոզիչ էր պարում Ամիրխանյանը Զվարթնոցում, որի վկայությունն են արդեն DVD-ով գոյություն ունեցող ցուցադրված ֆիլմ-համերգի հատվածները:
Երեկոյի երաժշտական մասը լի էր բազմազանությամբ: Դրան նպաստեց նաեւ իտալացի հրաշալի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Նա նվագեց նաեւ ակադեմիական երաժշտությունՙ Ա. Գլազունովի Սաքսոֆոնի ու նվագախմբի կոնցերտը (ի դեպ, դա կոմպոզիտոր վերջին ստեղծագործությունն է), Մայքլ Նիմընի, Նինո Ռոտայի (Ֆելինիի «Ամարկորդ» ֆիլմից), Լեոնարդ Բերնստայնի («Վեստսայդյան պատմություն») եւ, իհարկե, Աստոր Պյացոլլայի («Մեղեդի», «Մոռացում», «Լիբեր-տանգո») երաժշտությունը: Մոնդելչին «բիսով» կատարեց Կոմիտասի «Պատարագի» հատվածներ (փոխադրումը լարային նվագախմբի համար իրականացրել է Զ. Սահակյանցը):
Մոնդելչիի նվագը դարձավ համերգի բարձրակետը: Ֆրանսիացի նշանավոր սաքսոֆոնահարների (նրանցից մեկը Մոնդելչիի դասատու Ժան-Մարի Լոնդեն է) արժանավոր ժառանգորդը վիրտուոզ կերպով կերտում էր բազմապիսի հոգեզգայական նրբերանգներ, վշտից, թախծից մինչեւ ցնծություն ընկած տրամադրություններ: Սաքսոֆոնն անհատական էներգիայով «ոգեշնչելով», Մոնդելչին բառացիորեն հիպնոսային ազդեցություն էր գործում ունկնդիրների վրա:
Չնայած ծրագրի խայտաբղետությանը, ողջույնի խոսքերին եւ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հոբելյանական պարգեւներին, Լ. վան Բեթհովենի թիվ 11 Լարային կվարտետի (երկ 95, «Serioso») կատարումը լսվեց հետաքրքրությամբ: Գ. Մալերի կողմից այդ կվարտետի նվագախմբային փոխադրումը երաժշտությանը հաղորդեց ծանրակշռություն եւ ծավալայնություն: Դիրիժորը երաժշտությունը մեկնաբանեց որպես վերապրածի ինչ-որ պատում (դրանով հատկապես աչքի ընկավ կվարտետի երկրորդ մասը), զուտ երաժշտական արտահայտչականությունը հմտորեն զուգորդելով թատերայնության հետ, ինչը տեսանելի դարձրեց կերպարը: Կվարտետի յուրօրինակ կառուցված վերջնամասըՙ դանդաղ մուտքը դեպի հիմնականՙ արագ մաս, լրիվ չափով բացահայտեց նվագախմբի բոլոր երաժիշտների վիրտուոզ հատկանիշները, որոնք իրենց վարպետությունն Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ կատարելագործում են ի նպաստ ազգային երաժշտական մշակույթի զարգացման:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր