Անցյալ տարեվերջին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցած հայ գրքի փառատոնին, որն անցավ Շառլ Ազնավուրի հովանավորությամբ, Պերճ Զեյթունցյանը պարգեւատրվեց «Արարատ» մրցանակովՙ իր գրական վաստակի համար: Եվ ահա երեք ամիս անց Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնը նրան հրավիրեց ԱՄՆՙ դարձյալ գրականության եւ թատերական արվեստին մատուցած վաստակի համարՙ պարգեւատրելով «Գրիգոր Նարեկացու» անվան մեդալով: Երեկոն անցավ համալսարանի սրահներից մեկում, բազմամարդ հասարակության ներկայությամբ: Հատվածներ արտասանեցին գրողի պիեսներիցՙ հայերեն եւ անգլերեն, իսկ հայտնի հայագետ պրոֆեսոր Փիթըր Քաուին անդրադարձավ գրողի անցած ճանապարհին, բարձր գնահատելով նրա ծառայությունը հայ մշակույթին: Ընթերցվեցին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի շնորհավորական հեռագրերը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Պ. Զեյթունցյանը:
Այս տարվա օգոստոսի 13, 14, 15-ին Լոս Անջելեսի «Ֆաունտեն» ամերիկյան թատրոնում անգլերեն լեզվով կներկայացվեն Պերճ Զեյթունցյանի երեք պիեսներըՙ «Ամենատխուր մարդը», «Ծնվել է ու մահացել» եւ «Անավարտ մենախոսություն»: Դրանք կլինեն սովորական ներկայացումներ դեկորացիայով, միզասցենաներով: Անսովորն այն է (մեզ համար), որ դերակատարները տեքստը ոչ թե անգիր կարտասանեն, այլ կընթերցեն: Թարգմանությունները կատարել են հանրածանոթ հայագետ Փիթըր Քաուին եւ Այովայի համալսարանի համեմատական թարգմանության մասնագետ, պրոֆեսոր Դանիել Վեյզբորդը:
Այս ակցիան կազմակերպել է «Դրամատիկական արվեստի հայկական միությունը», որը նպատակ ունի հայ թատերարվեստը ներկայացնել ամերիկացի հանդիսատեսին: Միությունը Պ. Զեյթունցյանին ուղղված իր գրավոր ուղերձում նշում է. «Հայ դրամատիկական արվեստի միությունը պատիվ ունի այս գրությամբ արտահայտելու իր հարգանքը Հայաստանիՙ մեր սերնդի ամենամեծ եւ բեղմնավոր գրողներից մեկի հանդեպ:
Հաճախ չես հանդիպի մի մարդու, որն ընդունակ է այսպիսի բարձր վարպետությամբ ուսումնասիրելու մարդու նկարագիրը եւ այն մեկնաբանելու դրամատիկական ժանրի միջոցով: Շնորհակալ ենք դրա համար, եւ պատիվ ենք համարում առնչվել Ձեզ հետ որպես XX եւ XXI դարի գրչակցի»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ