Ապրիլի 9-16-ը հայկական գրադարանի ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ազգային գրադարանի շաբաթ» միջոցառումը, որի կարգախոսն էր. «Գրադարանՙ գիտելիքի տուն»:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ-ի եւ սփյուռքի շատ գրադարաններ: Գիր ու գրականությունը եղել է հայ ժողովրդի հոգեւոր մշակույթի կարեւորագույն մասերից մեկը: Եվ միջոցառման նպատակն էր վերաիմաստավորել գրքի, գիտելիքի, գրադարանի եւ ընթերցանության խորհուրդը: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն ընդլայնել էր իր շրջանակները: Նախատեսված էր հանդիպումներ գիտության, մշակույթի նշանավոր անձանց հետ: Կազմակերպվել էին ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառ, միջոցառումներՙ նվիրված մայրենի լեզվին, շարադրության մրցույթ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», «Ինչ է ընթերցանությունը» թեմաներով: Գիրքը լավագույն նվերն է: Վերականգնենք միմիայն գիրք նվիրելու ավանդույթը: Եվ Ազգային գրադարանի տնօրենությունը Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ գրադարանի հսկայական գանձարանից 500 անուն գիրք նվիրեց Ավանի ոստիկանության զորամասին: Թիվ 1031 զ/մ հրամանատարըՙ Աշոտ Թարվերդյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպողներին: Միջոցառմանը մասնակցեցին մի շարք գիտական, ստեղծագործական եւ մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ:
Գրքերն ամեն մեկից պահանջում են նրանց անձնական վերաբերունքը եւ արձագանքը: Նրանք օգնում են կյանքում ճանաչել աշխարհն ու մարդկանց: Մարդը գիտելիքներով է հզոր լինում:
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ