Անվանի հայագետի գիտական ուսումնասիրությունների կենտրոնում հայոց վանքերն էին, գիտնական վարդապետների կյանքի ու հոգեւոր գործունեության ուսումնասիրությունը, նաեւ գրաբարի, միջին հայերենի եւ արդի հայոց լեզվի քերականությունը, հայոց լեզվի պատմության հանգուցային հարցերը:
Նա հեղինակ է տասնյակից ավելի գիտական աշխատությունների, հարյուրավոր հայագիտական հոդվածների, մասնակցել է միջազգային գիտաժողովների:
Նա ծնվել էր 1924 թվականին, Կիպրոսի Նիկոսիա մայրաքաղաքում, հետո տեղափոխվել Սիրիա, Լիբանան, ապա նորից Կիպրոս, որտեղ 1946 թվականին միացել էր հայրենադարձների քարավանին եւ եկել Հայաստան: Աշխատել է Մատենադարանում, դասախոսել Երեւանի պետհամալսարանում: Անխնա քննադատում էր Հայաստանը լքողներին, սակայն 1981 թ. ինքը մեկնեց հայրենիքից եւ հաստատվեց Մ. Նահանգներում, որտեղ հրատարակեց մի քանի ստվար հատորներ: