Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Արարատում Երեւանի «Արարատը» հյուրընկալել էր երկրի չեմպիոն «Փյունիկին»: Բավական հետաքրքրական ու համառ մրցավեճում արարատցիներին հաջողվեց հաղթանակ տոնել: Միակ գնդակը «Փյունիկի» դարպասն անցկացրեց «Արարատի» բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոսը: Ընդ որում, մինչ այդ «Փյունիկը» հիանալի հնարավորություն էր ստացել բացելու հաշիվը, սակայն թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը չէր կարողացել իրացնել 11 մ հարվածը: Այդ դրվագում իրեն հիանալի դրսեւորեց «Արարատի» դարպասապահը:
Կիսաեզրափակիչի մյուս հանդիպումը կայացավ «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ «Բանանցը» հյուրընկալել էր երկրի հնգակի գավաթակիր «Միկային»: Հարկ է նշել, որ առաջին անգամ հանդիպումը սպասարկելու համար մրցավարական բրիգադ էր հրավիրվել Մոսկվայից Իգոր Նիկոլաեւի գլխավորությամբ: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին, սակայն հաջող խաղաց «Բանանցի» դարպասապահ Նենադ Ռադաջանՙ հետ մղելով Մելոյանի, Դավթյանի, Շահգելդյանի վտանգավոր հարվածները: 42-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել «Միկայի» լեգեոնական Լուիս Կլեբերը, սակայն մոտ տարածությունից նրա հարվածը շեղ ստացվեց:
Ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն ակտիվացավ, բայց կրկին հաջողությանն ավելի մոտ էր «Միկան»: 56-րդ րոպեին Տիգրան Դավթյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ հարվածեց դարպասին: Ռադաջան հետ մղեց գնդակը, իսկ Դավթյանի երկրորդ հարվածը շեղ ստացվեց: Ճիշտ է, ի վերջո «Միկային» հաջողվեց գրավել «Բանանցի» դարպասը, բայց Տալեսը խաղից դուրս վիճակում էր, ուստի գոլը չարձանագրվեց: Իսկ ահա «Բանանցի» հակագրոհներից մեկը դիպուկ հարվածով եզրափակեց Սամվել Մելքոնյանըՙ հաղթանակ պարգեւելով իր թիմին:
Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 1-ին: Այդ օրն էլ հայտնի կդառնան պատվավոր մրցանակի հավակնորդները, որոնք մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կվիճարկեն Հայաստանի գավաթը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ