Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատու Նաթելլա Հովասափյանից, ՀՀ սպորտպետկոմի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ռեգբիի եվրոպական միության տեխնիկական բաժնի պետ Պասկալ Լեբրոյին: Նա առաջին անգամ է լինում Հայաստանում, գործուղվել է տեսնելու, ուսումնասիրելու մարզաձեւի վիճակը մեզանում: Ռեգբիի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Յուրի Բեգլարյանն ասաց, որ Երեւանից բացի ռեգբիի խմբեր կան Լոռու, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: Կա ազգային հավաքական, որը տեղացիներից բացի համալրված է նաեւ սփյուռքահայ փորձառու վարպետներով: Պասկալ Լեբրոն որոշ խորհուրդներ տվեց մարզաձեւը Հայաստանում մասսայականացնելու նպատակով: Նա ասաց, որ եվրոպական ֆեդերացիան համապատասխան մասնագետներ կգործուղի Հայաստան, մասնագիտական, մրցավարական սեմինարներ կազմակերպելու, տեսական եւ գործնական պարապմունքներ անցկացնելու համար:
Հայաստանում գործում են բազմաթիվ պատանեկան խմբեր, անցկացվում են հանրապետական մրցաշարեր: Առաջիկայում նախատեսվում են մեր թիմերի եւ հավաքականների մասնակցությամբ արտագնա մրցումներ:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Ժան Ժակ Բոսը, մենեջեր Պատրիկ Օթամյանը եւ հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Պետրոս Ասլանյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ