Սարգիս Ասլամազյանի հիշատակին
Կամերային երաժշտության հայ անվանի կատարողներ, մանկավարժներ, պետ. մրցանակների դափնեկիրներ Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անունները կրող պատանի ջութակահարների եւ թավջութակահարների հանրապետական մրցույթը անց է կացվում արդեն քսան տարի շարունակ, երեք տարին մեկ: Մրցույթի նախաձեռնողներն են Կոմիտասի անվան լարային քառյակը, որը 1924 թվականին հիմնվել է Ավետ Գաբրիելյանի ու Սարգիս Ասլամազյանի ջանքերով, եւ ինչպես նշեց քառյակի առաջին ջութակ, ՀՀ ժող. արտիստ Էդվարդ Թադեւոսյանը. «Մենք որպես նրանց գործի շարունակողներ, քառյակի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ նախաձեռնեցինք այս մրցույթի անցկացումը, ի հիշատակ նրանց հավերժացման»: Անցած 6 մրցույթների ընթացքում մի քանի տասնյակ հաղթողներ այսօր միջազգային բեմերում հաջողությամբ հանդես են գալիս եւ հաղթողներ ճանաչվում: Այսպես ներկայացրին նրանց երեկ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված ասուլիսին մրցույթի պատասխանատուներն ու ժյուրիի անդամները: Ժյուրիի նախագահ Էդվարդ Թադեւոսյանը նման մրցույթները կարեւորեց, քանզի այն նպատակ ունի շնորհալի, տաղանդավոր պատանի կատարողներին բացահայտելու, նրանց միջազգային մրցույթներին նախապատրաստելու, մանկավարժներին խրախուսելու եւ, որ ամենակարեւորն է` հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանն ու տարածմանն աջակցելու:
Մրցույթը անց է կացվում ապրիլի 20-ից մայիսի 4-ը: Մայիսի 6-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կկայանա մրցույթի հանդիսավոր փակումը եւ եզրափակիչ համերգը: Տեղեկացնենք, որ 1-ին տեղի համար մշակույթի նախարարությունը սահմանել է 90.000 դրամ, 2-րդ` 70.000 դրամ, 3-րդ` 60.000 դրամ խրախուսական մրցանակներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ