Հայազգի Սերգեյ Պետրոսյանն էլ արժանացավ ոսկե մեդալի
Ստրասբուրգում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցչի առաջին իսկ ելույթը պսակվեց աննախադեպ հաջողությամբ: Մեր հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը: Նա պարզապես գերազանց հանդես եկավ` մեծ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ եւ արժանիորեն նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը: Մելինեն բոլոր մոտեցումների ժամանակ էլ վստահ բարձրացրեց ծանրաձողը:
Արդեն առաջին վարժությունից հետո հայ մարզուհին չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: Նա հաջորդաբար իրեն ենթարկեց 102,106 եւ 108 կգ ծանրությունը: Պոկում վարժությունում նրա ցույց տված 108 կգ արդյունքը Եվրոպայի երիտասարդական նոր ռեկորդ էր: Մելինեն 9 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղում ընթացող բելառուսցի Հաննա Բատյուշկայի արդյունքը:
Հայ մարզուհին իր հաղթարշավը շարունակեց նաեւ հրում վարժությունում` մեծ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ: Առաջին մոտեցմամբ բարձրացնելով 123 կգ, հաջորդ փորձով նա իր գլխավերեւում պահեց 135 կգ-անոց ծանրաձողը: Դա էլ բավարար էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին ժամկետից շուտ արժանանալու համար, ուստի Մելինեն հրաժարվեց 3-րդ մոտեցումից: Այսպիսով, երկամարտի 243 կգ (108+135) արդյունքով Մելինե Դալուզյանն ուժեղագույնը ճանաչվեց Եվրոպայում` միաժամանակ սահմանելով նաեւ աշխարհի երիտասարդական ռեկորդներ հրում վարժությունում եւ երկամարտում: Մելինեն 28 կգ-ով առաջ անցավ 2-3-րդ տեղերը գրաված թուրք Սիբել Շիմշեքից եւ բելառուսցի Հաննա Բատյուշկայից: Այսօր լրանում է Մելինեի 19-ամյակը եւ հայ մարզուհին ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց: Ինչ խոսք, մեր ծանրորդների մեկնարկը Ստրասբուրգում շատ հաջող ստացվեց: Հուսանք, որ այս հաջողությունը շարունակություն կունենա:
Մելինեից հետո հայ մարզիկներից երկրորդը մրցահարթակ դուրս եկավ Արսեն Թամրազյանը: Մինչեւ 62 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Արսենը համեստ արդյունք ցույց տվեց` երկամարտի 271 կգ (121+150) ցուցանիշով 23 մասնակիցների պայքարում գրավելով 14-րդ տեղը: Նա ավելի հաջող հանդես եկավ պոկում վարժությունում` 121 կգ-ով զբաղեցնելով 10-րդ տեղը: Իսկ հրումում Արսենը 150 կգ-ով 14-րդն էր:
Իսկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց մեր հայրենակից, Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Պետրոսյանը: 19-ամյա պատանին երկամարտում ցույց տվեց 289 կգ (130+159) արդյունք: Հայ ծանրորդը մեկ կգ-ով գերազանցեց արծաթե մեդալ նվաճած Գենադի Մախվենիային (Բելառուս): Բրոնզե մրցանակակիր դարձավ թուրք ծանրորդ Էրոլ Բիլգինը` 286 կգ (128+158):
ՌԴ հավաքականին մեկ ոսկե մեդալ էլ պարգեւեց Մարինա Շայնովան, որը Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ մինչեւ 58 կգ քաշայինների մրցավեճում: Նա երկամարտում ցույց տվեց 230 կգ (100+130) արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց ալբանուհի Ֆետի Կասայը` 214 կգ (91+123): Բրոնզե մեդալակիր դարձավ նորվեգուհի Ռութ Կասիրին` 210 կգ (93+117):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ