«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ԼՂ ՀԱՐՑԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ «ՋԱԽՋԱԽԻՉ» ՏՈԿՈՍԸ

Նախորդի համեմատ Բելգրադում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն, ըստ Վարդան Օսկանյանի, ավելի նորմալ է եղել, անցել բավականին հանգիստ պայմաններում: Չհամաձայնեցված հարցերի առնչությամբ էլ, ինչպես տեղեկացրեց Օսկանյանը, Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսի հետ համատեղ ասուլիսում համանախագահներն իրենք են հանդես եկել նոր մտքեր առաջարկելու նախաձեռնությամբՙ լսելով կողմերին: Ինչ վերաբերում է բանակցությունների հետագա ընթացքին, ապա նոր հանդիպման պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընտրություններից հետո կլինեն տարածաշրջանում` հավանաբար նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Մեկնաբանելով սեփական արտահայտությունը, թե «այնքան մոտ չենք եղել համաձայնությանը, որքան հիմա»` Վարդան Օսկանյանը նշեց, որ եթե համեմատելու լինենք ներկա եւ դրանից առաջ եղած փաստաթղթերի բովանդակությունը, ապա ներկայինն ավելի ռեալ է կողմերի ընդունման առումով, ունի ճիշտ հավասարակշռում: Ընդ որում, «համաձայնեցված է (սկզբունքների) ջախջախիչ մեծ տոկոս», հավելեց Օսկանյանը:

Պարզաբանելով բանակցային գործընթացի մեխանիզմը` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը բացատրեց, որ համանախագահների որոշ առաջարկությունները չքննարկելը նախարարների իրավասության հարցը չէ, թեեւ կարող են միանգամից մերժվել` առանց երկու երկրների նախագահներին փոխանցվելու: Բելգրադում համանախագահների առաջարկած մտքերն այնպիսին են եղել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները դրանք համաձայնել են փոխանցել նախագահներին:

Լատվիայի արտգործնախարարն իր երկրի` ԼՂ հարցում ունեցած դիրքորոշումն արտահայտելիս սահմանափակվեց ընդհանրական ձեւակերպումներով, ընդգծելով, որ աշխարհում չկան սահմանակից երկրներ, որ խնդիրներ չունենան: Եվ ամենակարեւորն այն է, որ այդ խնդիրները կարողանան լուծել խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4