Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ առաջնորդարանի կազմակերպությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գլխավոր միջոցառումը, ինչպես ամեն տարի, կանցկացվի Մայնի Ֆրանկֆուրտի հանրահայտ Փաուլսքիրշեում (Ս. Պողոսի տաճար) ապրիլի 22-ին, ժամը 16 -ին։Մյուս խոշոր միջոցառումներն ապրիլի 24-ին կանցկացվեն Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինումՙ ժամը 18-ին, Ֆրանսիական Ֆրիդրիխշտադտ եկեղեցում եւ Քյոլնումՙ ժամը 19 -ին, Մեծ սուրբ Մարտին եկեղեցում ։
Նախՙ ֆրանկֆուրտյան գլխավոր հուշահանդեսի մասին. Հրավիրյալների թվում են Գերմանիայի քաղաքական, մշակույթի, գիտության ներկայացուցիչներ։ Հուշաճառով հանդես կգան Բունդեսթագի Դաշինք- 90 Կանաչներ խմբակցության նախագահ Ֆրից Քուհնը, ինչպես նաեւ Էսսենի մշակույթի գիտական ինստիտուտի նախագահ. պատմաբան Յորն Ռյուսենը։ Փաուլսքիրշեում ողջույնի ելույթով ներկաներին կդիմեն Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Շավարշ Հովասափյանը։ Հուշահանդեսն աղոթքով կեզրափակի գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանը։ Ինչպես ծանուցում է այս տարի Լեւոն Թութունջյանի 1930-ին վրձնած «Sans Titre 109» նկարը դիմերեսին տպագրած հրավիրատոմսը, հուշահանդեսին ելույթ կունենան ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, դերասաններ Հայնրիխ Գիսկեսը, Ռեգինե Ֆերգեենը։ Կհնչեն Յոհան Սեբաստան Բախի, Ֆրանց Շուբերտի, Սերգեյ Ռախմանինովի, Կոմիտասի ստեղծագործություններից, կընթերցվեն Գրիգոր Պլըտյանի «Ապրիլ» քերթվածը, նաեւՙ հատվածներ վերապրողների հուշերից։
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի Բեռլինում անցակցվող հուշահանդեսի գլխավոր բանախոսներն են Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը, ինչպես նաեւ Համբուրգի սոցիալ հետազոտական ինստիտուտի դոկ., պրոֆ. Յան Ֆիլիպ Ռեեմցման։ Ողջույնի խոսք կասեն Բեռլինի հայ համայնքից Վարդգես Ալյանաքը, Ֆրիդրիխշտադտ եկեղեցու ներկայացուցիչ Յուրգեն Կայզերը, ելույթով հանդես կգա ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը։ Հայկական երգերի կատարմամբ ելույթ կունենա Բեռլինի հայ համայնքի երգչախումբըՙ Մելինե Պոպովյան- Բյուլովի ղեկավարությամբ, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, դաշնակահար Սիլվա Շմեդդինգ-Ֆարմազյանը կկատարեն Գրիգոր Մագիստրոսի, Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի երգերից, դերասաններ Յուտա Լամփըն ու Վերներ Ռեհմը կընթերցեն վերապրողների հուշերից։ Նույն օրը, նույն վայրում, ժամը 15.30-ին կբացվի հայ նկարիչներիՙ Ավո Առաքելյանի, Անահիտ Մկրտչյանի, Արմինե Պետրոսյանի, Շավարշ Խաչատրյանի, Հրանտ Կոստանյանիՙ Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Մեծ սուրբ Մարտին եկեղեցում հավաքվածներին նախ կողջունի Քյոլնի հայ համայնքից Մադլեն Վարդյանը, այնուհետեւ Քյոլնի քաղաքապետ Յոզեֆ Մյուլլերը, իսկ գլխավոր բանախոսներն են Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի լանդթագի (երկրամասային խորհրդարանի) նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր. Թոմաս Շթերնբերգը, ինչպես նաեւ գրող, հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը։
Համերգային բաժնում ելույթ կունենա Քյոլնի եւ Ախենի երաժշտական բարձրագույն դպրոցների ուսանողների ուժերով 2004-ին կազմված Arcos լարային քառյակը (Հովհաննես Ղամբարյանՙ ջութակ, Մարինա Սարգսյանՙ ջութակ, Կարեն Յարազյանՙ ալտ, Հելոիզե Պիոլատՙ թավջութակ ), որը կներկայացնի Կոմիտասի «Անտունի», «Կռունկ», «Գարուն ա» ստեղծագործությունները ։ Դանիել Վարուժանի, Վահան Թեքեյանի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանությունները, ինչպես նաեւ վերապրողների հուշերից հատվածներ կընթերցեն դերասաններ Յուրգ Լյովը եւ Սուզաննե Բարտը։
Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում «Ընդդեմ ցեղասպանության» միությունը, թուրքական այլ կազմակերպությունների հետ ժամը 17-ից սկսյալ հսկում է անցկացնելուՙ ի հիշատակ Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների, ասորիների։ Շտուտգարդում եւ Գյոփփինգենում հիշատակի արարողություններ կանցկացվեն ապրիլի 24-ին եւ 28-ին։ Շտուտգարդի գերեզմանոցի հայկական մասում ծաղկեպսակ կդրվի եւ հոգեհանգստյան պաշտոն կկատարվի, իսկ Հայ տանը ելույթ կունենա Թեսա Հոֆմանը։
Իսկ այսօրՙ ապրիլի 21-ին, ժամը 14-19-ին ԳԿԽ-ի կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը եւ ազգայնամոլությունը Թուրքիայում. պատճառներն ու արդի հետեւանքները» թեմայով թուրքերեն լեզվով ծավալվելիք բանավեճ-քննարկմանը Համբուրգի համալսարանում կմասնակցեն հայ, ասորի, թուրք, քուրդ, գերմանացի գրողներՙ Թումա Չելիքը (գրող, Նիդեռլանդներ), Ռեջեփ Մարասլին (գրող), Ֆելեկնազ Ուչան ( ԵԽ պատգամավոր, Ձախերի, դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն), դոկ. Րաֆֆի Քանդյանը (գրող, հրապարակախոս), Քորրի Գուտտշտադտը (գրող), Դեմիր Կյուչյուքայդին (գրող)։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա