«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԹ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

«Վերջ հայկական ստին» նշանաբանով

Ապրիլի 21-ին, 22-ին եւ 24-ին ԱՄՆ-ի թուրքական միությունները, ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Վաշինգտոնում պատրաստվում են կազմակերպել բողոքի ցույցեր, որոնք կավարտվեն երթերով: «Վերջ հայկական ստին» նշանաբանով կազմակերպված ցույցերը նախաձեռնել է ԱՄՆ-ում գործող «Թուրքական ֆորումը», որը ապրիլի 19-ի հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ նախորդ տարիների պես այս տարի եւս ցույցերից առաջինը կկազմակերպվի ապրիլի 21-ին Նյու Յորքում: Դրա գլխավոր նպատակը միմիայն հայկական կողմի տեսակետներն ստացող ամերիկյան հասարակության իրազեկումն է ճշմարտության մասին: Ցույցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվելու նաեւ այն 37 թուրք հյուպատոսների հիշատակին, որոնք դարձել են «Հայ ահաբեկչական կազմակերպության զոհը»:

«Վերջ հայկական ստին» նշանաբանով ցույցերը ապրիլի 22-ին միաժամանակ կկազմակերպեն Նյու Յորքի կենտրոնական «Թայմ սքուեր» փողոցում, իսկ Վաշինգտոնումՙ Սպիտակ տան դիմաց, որոնց կհետեւեն ապրիլի 24-ի ցույցերը այս երկու քաղաքներում:

Ի դեպ, թուրքական ֆորումի հաղորդագրության մեջ նշվում է, որ անցյալ տարի ապրիլի 21-ին Նյու Յորքում նույն նշանաբանով կազմակերպված բողոքի ցույցին, հակառակ ենթադրությունների, 5 հազար մասնակցի փոխարեն անբարենպաստ եղանակի պատճառով մասնակցել է ընդամենը 100 մարդ: Այդ իսկ պատճառով ֆորումն ամեն ջանք գործադրում է լուրջ մասնակցություն ապահովելու համար, քանի որ այլապես ի չիք է դառնում ցույցին հաջորդող «թուրքական մեծ երթի» կազմակերպումը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4