Եվրոմիությունում 6 տարի տեւած բանակցություններից հետո միության անդամ պետություններն ընդունել են ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարելու ծրագիր: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանում է այն նվազագույն չափանիշները, որոնք պետք է հաստատվեն ազգային խորհրդարաններում:
Ընդունված ծրագրի համաձայն, ԵՄ երկրների կառավարությունները պետք է քրեական պատժամիջոցներ կիրառեն այն մարդկանց կամ խմբերի նկատմամբ, որոնք «հրապարակավ բռնության եւ ատելության կոչեր են անում» ըստ ռասայական, կրոնական, էթնիկական կամ ազգային պատկանելության:
Եվրոպական պետություններին առաջարկվում է բանտարկության եռամյա ժամկետ սահմանել ցեղասպանության ժխտման համար: Խոսքը մասնավորապես հրեաների ողջակիզման եւ Ռուանդայի 1990-ական թթ. ցեղասպանության մասին է: Տվյալ կանոնը վերաբերում է միայն Միջազգային քրեական դատարանի կողմից ցեղասպանություն ճանաչված ոճրագործություններին:
Իսրայելական «Յադ Վաշեմ» հուշահամալիրի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ընդունված որոշման առթիվ, միաժամանակ նշելով, որ ԵՄ երկրների կառավարությունները պարտավոր են իրենց քաղաքացիներին ավելի շատ բան պատմել տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Իսկ 600 ոչ պետական կազմակերպություններ միավորող հակառասիստական խմբավորումը ընդունված ծրագիրը «թույլ» է համարում, գտնելով, որ «առկա են մի շարք վերապահումներ, որոնք ԵՄ անդամներին թույլ են տալիս խուսափել իրենց պարտավորությունների կատարումից»:
Հարկ է նշել, որ նույնիսկ այս ծրագրի ընդունումը դյուրին չի եղել, քանի որ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում եւ Բելգիայում արդեն իսկ արգելված է Ողջակիզման ժխտումը, մինչդեռ Դանիայում օրենքը թույլ է տալիս հրատարակել անհանդուրժողականության կոչեր պարունակող գրականություն: