«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԱՏՎԻԱ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՇՏՈՐԵՆ ԱՎԵԼԱՆԱԼ ՏԱՍՆ ԱՆԳԱՄ

Լատվիայի ԱԳ նախարարի այցը Երեւան

Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբրիքսի մեր տարածաշրջան այցելությունն առաջինն էր, որի վերջին` Երեւան այցի ընթացքում նախարարը հանդիպել է Հայաստանի ղեկավարության հետ: Երեկ Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբրիքսի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացման, գերատեսչությունների մակարդակով խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության, երկու երկրներում փոխադարձ ներկայություն ունենալու մասին` անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հարցերին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին:

Հատկանշական է, որ, ՀՀ ԱԳ նախարարի ներկայացմամբ, Լատվիան կարող է իր փորձով ուսանելի եւ օգտակար լինել Եվրոմիության ուղղությամբ ծրագրերում, մասնավորապես, հնարավոր է նաեւ 1-2 ծրագիր իրականացնել Լատվիայի հետ:

Արթիս Պաբրիքսն, իր հերթին, «գեղեցիկ բնություն ունեցող» Հայաստան իր այցելության մասին խոսելիս հիշատակեց Կովկասի եւ հայ ժողովրդի հանդեպ ընդհանրապես բալթյան երկրների բարեկամական մոտեցումը: Լատվիայի արտգործնախարարն ընդգծեց, որ արդեն Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի անդամ իր երկրի եւ Հայաստանի միջեւ խնդիրներ չկան եւ պետք է ուղղակի զարգացնել երկկողմ հարաբերությունները: Այս կտրվածքով, Արթիս Պաբրիքսի խոսքերով, օգտակար կլինի, եթե կարողանան բարելավել տրանսպորտային հաղորդակցությունը: «Կարճ ասած, Լատվիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ` նաեւ տարածաշրջանային, համաշխարհային առումով», ամփոփեց Պաբրիքսը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Լատվիա ապրանքաշրջանառությանը, ապա այս առնչությամբ Լատվիայի ԱԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ եղածը կարելի է հեշտորեն ավելացնել տասն անգամ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4