«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՆՅԱԿԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Հայաստանի խորհրդարանի ընտրությունները վերահսկող ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական խմբի մարտի 1-ից մեկնարկած աշխատանքին տեղեկանալու է եկել խմբի ղեկավար Ալեքսանդր Տորշինը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ԱԺ եւ ԿԸՀ նախագահների, գլխավոր դատախազի, 7 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ տպավորված է Հայաստանում տեսածից: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Տորշինը հայտարարել է, որ ընտրական գործընթացի վերաբերյալ դիտողությունների եզրեր չեն կարող գտնել. «Ընդհանուր առմամբ, ամենից գլխավորը, որ մեզ հաջողվեց շոշափել այս երկու օրերի ընթացքում, այն է, որ ամեն տեղ չէ, որ կհանդիպես, բայց այստեղ զգացինքՙ տարբեր ուժերի քաղաքական հակամարտությունը չի տեղափոխվում անձնական հակադրությունների դաշտ: Այսինքնՙ գնում է քաղաքական պայքար սահմանադրության շրջանակում: Չկան թշնամանքի, օտար դիրքորոշման լիակատար մերժում, կա ցանկություն մրցակցելու քաղաքական ասպարեզում»: ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական խմբի աշխատանքները կարգավորող Ստանիսլավ Չերնյավսկին էլ հայտարարել է. «Թեեւ մենք լինելու ենք ազնիվ դիտորդ, բայց բացարձակ անկողմնակալ դիտորդ մենք չենք կարող լինել, որովհետեւ մենք ծայրաստիճան հետաքրքրված ենք, որ այս ընտրությունները Հայաստանում բերեն պետության կայունության շարունակականություն, Հայաստանի բարգավաճման շարունակություն: Մենք դրանով ենք շահագրգռված»:

Մեր երկիրը, բնությունը, կոնյակն ու հյուրընկալությունն այնքան են հուզել ԱՊՀ մասնագետներին, որ Ալեքսանդր Տորշինի վկայությամբ, հերթ են կանգնել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում Հայաստանում կարճաժամկետ դիտորդություն իրականացնելու համար:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4