Բրիտանական «Պոպուլուս» կազմակերպությունը եւս ընտրություններից առաջ սոցիոլոգիական հարցում է անցկացրել հայ ընտրողների շրջանում: «Պոպուլուսն» իր հայրենիքում բավական հայտնի կազմակերպություն է եւ նույնիսկ 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների կանխատեսումներն իրականացրել է 0,5 տոկոսի ճշգրտությամբ: Սակայն դժվար է նրան վարկին համարժեք հավատ ընծայել, որովհետեւ հարցումներն, ի վերջո, անցկացվել են տեղացի մասնագետների անմիջական մասնակցությամբ, եւ պատվիրատուն էլ, ի դեպ, հայկական կազմակերպություն է: Իսկ մեզ մոտ գրեթե թեւավոր խոսք է դարձել այն արտահայտությունը, թե սոցիոլոգիան «ճշգրիտ» գիտություն է դարձել (որքան վճարում ես, այնքան ստանում ես), որովհետեւ ճշգրտորեն կատարվում է պատվիրատուի պատվերը:
Հետազոտությունն իրականացվել է «Արմենիա» հեռուստատեսության պատվերով, 2000 ընտրողների շրջանում: Երեկ, համենայն դեպս, «Պոպուլուս»-ի տնօրեն Էնդրյու Կուպերը հավատացնում էր, որ սխալի սահմանը կարող է լինել պլյուս, մինուս 2-ի սահմաններում, քանի որ իրենք օգտագործել են ամենաժամանակակից մեթոդներ եւ որեւէ կուսակցության հանդեպ շահագրգռություն չունեն:
Գլխավոր եզրահանգումը, որ արվել է սոցհարցումներից, այն է, որ ի տարբերություն օրինակ, ամերիկացիների կամ բրիտանացիների, հայերը շատ ավելի լավատես են: Այն հարցին, թե արդյոք նախորդ` 2003 թվականի ընտրություններից հետո երկրի վիճակը լավացե՞լ է, եւ ճիշտ ուղղությա՞մբ է ընթանում, 43 տոկոսը պատասխանել է, որ այո, երկիրը ճիշտ ընթացքով է գնում: «Նույն հարցին դրական կպատասխաներ բրիտանացիների 30 տոկոսից էլ պակաս քանակը, իսկ ամերիկացիների դեպքում` 40-ից պակասը», ասում է Էնդրյուն: Հայ ընտրողների մեծամասնությունը դրական է տրամադրված նաեւ ապագայի հանդեպ եւ գտնում է, որ նույնիսկ 1 տարի հետո Հայաստանում իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել: Եվ վերջապես այդ լավատեսության հայտանիշ է նաեւ այն հանգամանքը, որ ինչպես 2003 թվականի ընտրություններից առաջ, հիմա էլ հարցվողների 51-52 տոկոսն անպայման կգնա ընտրությունների: Ընդ որում, ամենից շատ նվիրվածություն արտահայտել են ՀՀԿ-ի երկրպագուները:
Նման արդյունքը զարմանալի է, նկատի առնելով, որ ընտրությունների կեղծման վերաբերյալ այնքան է խոսվել Հայաստանում, որ դրական վերաբերմունք պիտի որ այդքան էլ չպահպանվեր:
Ընտրություններին մասնակցության եւ ընտրությունների հանդեպ տրամադրվածության մակարդակները խիստ տարբեր են, նայած, թե ընտրողն ինչ կուսակցության է հարում կամ համակրում: Հարցվածների մեծ զանգվածը հակված է դեպի 2 խոշոր կուսակցությունները եւ ընտրությունների ավելի ազատ լինելու վերաբերյալ դրական պատասխանները շատ ավելին են կեղծելու վերաբերյալ մռայլ կանխատեսումներից: Մի հետաքրքրական եզրահանգում եւս. պարզվել է, որ մեր կուսակցություններն իզուր են իրենց կոտորում մարզերն ընկնելով, պլակատների ու բուկլետների վրա գումարներ ծախսելով: Ընտրողների մեծ մասի որոշումների վրա ընտրարշավները համարյա չեն ազդում: Գերակշռող պատասխանների համաձայն, ավելի շատ ներգործում են հեռուստատեսությունն ու կոնկրետ քաղաքական գործիչների հետ հանդիպումները:
Բրիտանական հարցման արդյունքների գործնական հատվածն առավել ուշագրավ է` այն հարցին, թե կուսակցություններից ո՞րը կարող է նպաստել գործազրկության խնդրի լուծմանը, առաջինը տրվել է «Բարգավաճ Հայաստանի» անունը (13 տոկոս), երկրորդ տեղում ՀՀԿ-ն է (12 տոկոս): Նույն տրամաբանությամբ, ըստ 36 տոկոս հարցվողների, «Բարգավաճ Հայաստանն» է այն կուսակցությունը, որ կարող է ամրապնդել մեր տնտեսությունը, իսկ 28 տոկոսը գտնում է, որ դա հիանալի կարող է իրականացնել Հանրապետական կուսակցությունը: Մնացածները ոչ մի կուսակցության չեն հավատում:
«Համարյա բոլոր հարցվողները համարում են, որ լավագույն կուսակցությունները ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն են: Բայց այս երկու կուսակցություններն ընտրողների ընկալումներում առաջատար են միանգամայն տարբեր խնդիրների լուծման հավանականություն նկատի առնելով: ՀՀԿ-ն ԲՀԿ-ից առաջ է ընթանում, երբ խոսքը վերաբերում է անվտանգության խնդիրներին, Ղարաբաղի հարցին ու երկրի պաշտպանունակությանը: ԲՀԿ-ի հետ մարդիկ հույսեր են կապում սոցիալական խնդիրների լուծման ոլորտում:
Բայց մարդկանց, այնուամենայնիվ, ամենից շատ հուզում են անվտանգության խնդիրները: Հարցվածների 42 տոկոսի համար առաջնային են հարեւան երկրների հետ ոչ բարյացակամ հարաբերությունների, պատերազմի վերսկսման վտանգի խնդիրները: Եվ մյուս հարցադրումը` «Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ու՞մ կընտրեիք». հարցվածների 31 տոկոսը պատասխանել է` ՀՀԿ-ին, 27 տոկոսը` ԲՀԿ-ին, 5 տոկոսից մի քիչ ավելի կստանան «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, ԺԿ-ն, ԱՄ-ն, մնացած 14 կուսակցություններն իրար մեջ կբաժանեն 11 տոկոսը:
Մի դիտարկում էլ մեր կողմից. հանրության շրջանում բավական ընդունելի ո՛չ «Ժառանգություն», ո՛չ ՀԺԿ կուսակցությունների վերաբերյալ հարցումը դրական կամ բացասական որեւէ փաստ չի արձանագրել: Նրանք չկան նույնիսկ 5 տոկոսը հաղթահարածների հավանական ցուցակում:
Այնպիսի առանցքային ու այս ընթացքում ե՛ւ թեկնածուներին, ե՛ւ ընտրողներին հուզող ընտրակաշառքի մասին որեւէ հարցադրում հետազոտության մեջ չի ներառվել: Ինչու՞: Բրիտանացին բավական դիվանագիտական պատասխան է տալիս` եթե հարցվողը ընտրակաշառք ընդունող է, նրա պատասխաններն էլ վստահելի լինել չեն կարող:
Այս հետազոտության արդյունքներից էլ, ինչպես նախորդներից, պետք չէ ոչ ոգեւորվել, ոչ վհատվել: Ինչպես ինքըՙ Էնդրյու Կուպերը խոստովանեց, իրենք ամենեւին վատ չեն զգա, եթե թանկ գնով իրականացված այս հարցախույզին միանգամայն հակառակ պատկեր ստացվի մայիսի 12-ին: Հարցումներն իրականացվել են ապրիլի 3-10: Դեռ մինչեւ մայիսի 12-ը բավական ժամանակ կա, եւ ընտրողների տրամադրություններն ամեն պահ կարող են փոխվել: Մանավանդ որ, ինչպես բրիտանացին ինքը բնորոշեց, ոչ միայն մեզ մոտ, այլեւ աշխարհում ընտրողների նախնական ու վերջնական գործողությունները ոչ մի տրամաբանության շրջանակում հաճախ չեն տեղավորվում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ