Էրեբունի համայնքի Ռոստովյան փողոցում կրակահերթին եւ մանրամասներին «Ազգը» անդրադարձել էր նախորդ համարում: Ապրիլի 20-ին այդ գործում որոշ բացահայտումներ են եղել: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ, քրեական հետախուզության գլխ. վարչություն (ՔՀԳ) են ներկայացել 1970 թ. ծնվ. Արսեն Գ-ն, 1970 թ. ծնվ. Գարի Հ-ն եւ 1981 թ. ծնվ. Բաբկեն Ղ-ն: Արսեն Գ-ն ներկայացրել է «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգըՙ պահունակով, հայտարարելով, որ դեպքի օրը գտնվելով Ռոստովյան փողոցի սկզբնամասում, նշված ինքնաձիգից կրակահերթ է արձակել: Երեկ Էրեբունու ոստիկանության բաժին է զանգահարել անհայտ մի քաղաքացի եւ հայտնել, ու Արցախի ու Ռոստովյան փողոցների խաչմերուկում («Վստրեչ» կոչվող հատվածում) տեղի ունեցած կրակոցների ժամանակ օգտագործված «ՏՏ» տիպի ատրճանակն ինքը թողնում է Գլինկայի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհի աջ կողմում: Նշված վայրից օպերատիվ խումբը հայտնաբերել է ատրճանակը, որը ՔՀԳ վարչություն ներկայացված ինքնաձիգի հետ ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն: Այս գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ