Իրեն անկախ հռչակած սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի եւ հանրահայտ «Գելապ» սոցիլոգիական ընկերության հարցումների արդյունքների անհամապատասխանության պատճառն այն է, որ դրանք կատարվել են տարբեր ժամանակահատվածներում: Ադիբեկյանի սոցհարցման արդյունքների նկատմամբ անվստահությունը հավանաբար ցրելու համար երեկ «Հայացք» ակումբում նման հայտարարություն արեց Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանը` միաժամանակ մեկնաբանելով, որ քարոզարշավի այս օրերը շատ բան են փոխում քաղաքական ուժերի վարկանիշում: Օրինակ, որ Ադիբեկյանի տվյալներով վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցությունը, Սամվել Նիկոյանը համարում է կուսակցության գրագետ քարոզարշավի արդյունք:
Հնչեցնելով նախօրերին իր երիտասարդ գործընկեր, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի միտքը` նա նշեց, որ քարոզարշավն ընթանում է քաղաքակիրթ պայմաններում. «Չկա ատելություն, չկա դաժան մրցակցություն, շատ իրար վիրավորելու, ցեխոտելու բաներ»: ՀՀԿ խորհրդի անդամին քարոզարշավում ամենաշատն ուրախացնում է այն, որ բոլոր ուժերն ասում են, թե չեն թողնելու ընտրությունները կեղծվեն: Նրա համոզմամբ, ընտրությունների կեղծվելու մասին խոսող քաղաքական ուժերն իրենց այդ հայտարարություններով վանում էին հենց իրենց ընտրազանգվածին:
«Ազգի» հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբների պայթեցումներն է՞լ են տեղավորվում քաղաքակիրթ քարոզարշավի շրջանակներում, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «ԲՀԿ շտաբների պայթեցման պատճառները կցանկանայի, որ իրավապահները տային, բայց ԲՀԿ-ի նկատմամբ արարքն էլ չեմ ցանկանում քաղաքական տեսանկյունից դիտարկել: Դա շարքային հանցագործություններից մեկն է»: Մեր մյուս հարցին, թե նախօրեին Էրեբունի համայնքում հնչած կրակոցները կապ ունե՞ն ՀՀԿ-ի հետ, կուսակցության քաղխորհրդի անդամը պատասխանեց. «Այդ հարձակումը հարձակում չէր ՀՀԿ շտաբի կամ կուսակցության վրա»: Սամվել Նիկոյանը հակված է մտածելու, որ տեղի ունեցած դեպքերը շարքային հանցագործություններ են, որոնք սակայն ընտրությունների նախօրեին, երբ մարդիկ իրավացիորեն ավելի զգայուն են, քաղաքականացվում են. «Նախընտրական շրջանում նաեւ հանցագործությունները կարծես աճել են, որովհետեւ հետքերը թաքցնելու, ասենք կանխավարկածի առումով նախընտրական շրջանը բավականին հարմար պահ է հանցագործությունների համար, որովհետեւ միշտ կլինեն հասարակության մեջ մարդիկ, որ կփորձեն եւս մի քանի վարկած ավելացնել, եւ դա քաղաքական կուսակցությունների վարկածն է»:
Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե Էրեբունու հարձակման թիրախ եղած «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն Արամ Վարդանյանը, որոշ տեղեկություններով, ՀՀԿ անդամ է, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ, նա ոչ ՀՀԿ-ից է, ոչ էլ` ԲՀԿ-ից»: Ս. Նիկոյանի տեղեկությամբ, նման մարդ իրենց կուսակցությունում չկա: Լրագրողի պնդմանը, թե կարելի է ենթադրել, որ հիշյալ կուսակցությունների շարքերում հանցագործներ կան, պատգամավորն ասաց. «Ես բարոյական իրավունք չունեմ ասելու, որ որեւէ քաղաքական կուսակցության անդամները հանցագործներ են, բայց համաձայնեք նաեւ, բացառված չէ, որ որեւէ կուսակցության մեջ լինեն հանցագործներ: Կուսակցության անդամները հասարակության ներկայացուցիչներն են` արդյոք հասարակությունն ամբողջապես առո՞ղջ է»:
ՀՀԿ քաղխորհրդի անդամ Սամվել Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ նոր խորհրդարանում կլինեն 6, ամենաշատը 7 խմբակցություններ, «բայց ոչ նախկին ֆրակցիաները, այլ կլինեն թարմ ուժեր»: Նա չի բացառում, որ այդ թարմ ուժերից կարող է լինել «Ժառանգություն» կուսակցությունը, որը ընդդիմության գործելակերպի թարմություն կբերի Ազգային ժողով: «Այս ԱԺ-ն, ըստ էության, առանձնապես թարմություն չուներ եւ չէր տարբերվում նախորդ խորհրդարանից: ՄԱԿ-ն էլ առանձնապես թարմություն չբերեց, եւ նրա տեսակետները շատ չէին տարբերվում մեր տեսակետներից», ասաց քաղաքական գործիչը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ