Մեր հեռուստատեսությունը շատ հետաքրքրական դրսեւորումներ է ունենում: Նախընտրական այս տեսահոլովակներում ինչ ասես ցույց են տալիս, ու եթե մեր կուսակցապետները ցանկություններ են արտահայտում, մի մասնագետ չի՞ լինում հայրենական հեռուստաբիզնեսում, որ զգուշացնի, թե ինչ ազդեցություն կունենա իրար հետ ոչ մի կապ չունեցող կադրերի հավաքածուն հեռուստադիտողի վրա:
Մի խոր շունչ քաշելուց ու նյարդային համակարգն անգործության պարտադրելուց հետո հայացքս հառեցի հեռուստացույցին ու առաջին իսկ պահից զարմանքից քարացա. էս մեր խորհրդարանական կուսակցություններից մեկի, այսպես կոչված, քաղաքական գովազդն էր եթերում, որում ամենատպավորիչը խորհրդարանի դատարկ դահլիճն էր` զարդարված միայն այդ կուսակցության ներկայացուցիչների «հիանալի քառյակի» ներկայությամբ:
Այ քեզ հետաքրքրական բան. ուշքն ու միտքը, էլ չասած, եղած-չեղած միջոցները ծախսում են, որ Ազգային ժողովում հայտնվեն ու էդ դատարկ դահլիճում իրեն Միավորված աշխատանքային կուսակցություն ներկայացնող «հիանալի քառյակի» անդամներն ինքնագոհ նստած ժպտա՞ն... Հերիք չէ, առանց ամաչելու դատարկ խորհրդարանն են ցույց տալիս (ենթադրվում է` աշխատանքային ժամին, այլապես իրենք ի՞նչ են անում այդտեղ` դժվար կլինի հիմնավոր բացատրություն հնարել), մի բան էլ իրադարձությունների ու իրողությունների այնպիսի լայն մասշտաբ են վերցրել, որ եվրոպական կառույցների նախանձը կարող են շարժել:
Փաստորեն, «աշխատանքային» կուսակցությունը չաշխատելու կողմնակից է: Տխուր եզրակացություն է, որ ոչ մի կերպ չի տեղավորվում «Այն ենք ուզում, ինչ ամենը» կարգախոսի մեջ: Մի հարցնող լինի, թե այդ վերեւներում ընդհանրապես գիտե՞ն, թե մնացյալն ինչ են ուզում:
Ստացվում է, որ ներքեւների ցանկությունների մասին չեն իմացել նաեւ կոմունիստները, որ «արցունքի հովիտ Հայաստանը» ուզում են դարձնել «վարդերի հովիտ»: Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ռուսական ֆիլմերի նման Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ողջ Սովետի պատմությունը դարձրել է իրենը: Թե էդ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի հետ ներկայիս Կոմկուսը ներկայացնողներն ի՞նչ կապ ունեն, ոչ մի կերպ գլխի չընկա: Համ էլ, եթե կոմունիստական մոտեցմանը հավատանք, անկախությունն էլ, ինքնիշխանությունն էլ անպետք կատեգորիաներ են, ու ավելի լավ էր խորհրդային ժամանակների կյանքը:
Բա կարգախո՞սը... «Վերականգնենք մեր բարեկեցիկ կյանքը»: Մեկն ասում է, կառուցենք էդ բարեկեցությունը, մյուսն ասում է` վերականգնենք, մի երրորդն էլ ընդհանրապես արդեն, ըստ իրեն, կառուցել է, մնում է պահպանել (այդպիսիներն էլ կան, իրենց համար ամեն ինչ ստեղծել են, իհարկե, կուզենան պահպանել եղածը կամ էլ «վատագույն» դեպքում` ավելացնել բանկային սեփական հաշիվների զրոները): Հիմա որի՞ն հավատանք` այն էլ «սովետական ազատ աշխարհ (էդ ե՞րբ է եղել այդպիսին...) Հայաստան» երգի հոգեցունց ելեւէջների ունկնդրմամբ:
Այսքան ծանրամարս մտքերից հետո հեռուստաեթերում հայտնված «Կապիտալի» հեղինակի ու բոլշեւիկների կամոք դարասկզբի հեղափոխության «մասնակից» Մարքսի կերպարն ուղղակի փրկություն թվաց: Իսկ այն, ինչ հետո տեսա, ուղղակի «չորս տակ» լինելու պատճառ դարձավ. երկար ժամանակ է, որ ծիծաղից այդպիսի լիցքեր չէի ստացել:
Որ ընտրական գործընթացներից կաթված չստանալու համար պիտի ամեն ինչին հումորով մոտենալ, ինձ նման խեղճ արարածը հասկացավ իր «դիտորդական առաքելության» առաջին իսկ պահից: Բայց որ Հայաստանի համար մեկ ու, ըստ էության, միակ մարքսիստը սեփական կենսագրականով «գյուտարար» ու էլի մի շարք «նորարարությունների» հեղինակի կեցվածքով յուրօրինակ լրջությամբ է մատուցում այնպիսի «մտքեր», որոնք միայն հումորի պրիզմայով անցնելու դեպքում կարելի է մոտ թողնել սեփական գիտակցությանը, էլի կրկնեմ, ուղղակի փրկություն է ու հաստատ կաթվածի չի հասցնի:
Մարքսիզմի աշխարհում թերեւս միակը մնացած «ծանր հրետանու» խոսքի «հռետորական շառաչուն օկտավան» ուղղակի սպանում է ուզածս համեստ գլխի գորշ պարունակության աշխատունակ բջիջները` «ամենակործան լավայի նման»: Լեզվաբանական ու գրականագիտական կարողությունների գագաթնակետն էլ հայ միակ մարքսիստի գաղափարախոսության «գլուխգործոցն է», որ կենցաղի հարցերով ավելի շատ զբաղվող ինձ նման «քվեների» համար դժվարըմբռնելի կարգախոս է դարձել. «Ազգի գաղափարական ջահը»: Աշխարհին լույս չտված էդ ջահից ի՞նչ պիտի լուսավորվի մեր քաղաքական «ձորերի մութը»` ուզածդ էլեկտրիկը չի կարողանա պատասխանել:
Կարկուտի նման ականջ ծեծող այս հայտարարությունները դեռ չէին ավարտվել, որ ինչ-որ մեկն էկրանից իրեն իմ հին ընկերն անվանեց: Բայց դե, այդ մասին մյուս անգամ, չէ՞ որ խեղճ ու կրակ իմ ապաքաղաքական ուղեղն ու, առավել եւս, վաղուց քաղաքական բառապաշարին օտարացած ականջներս աչքերիս հետ հոգնեցին... Այո, մեր իրականությունից եւ էս բազմադեմ քաղաքական գործիչներից ու կուսակցություններից գլուխ հանելու համար մեկը քիչ է, ինչպես ասում են, «ֆազերը չգցելու համար»:
ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԱԾ ԴԻՏՈՐԴ