Տնտեսական աճը հունվար-մարտինՙ 11 տոկոս
Այս տարվա առաջին եռամսյակին, ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի տնտեսական աճը դարձյալ երկնիշ է դարձելՙ 11 տոկոս: Հիշեցնենք, որ տարվա առաջին երկու ամիսներին այդ ցուցանիշը 9 տոկոս էր: Սակայն առավել հուսադրողը արդյունաբերության ցուցանիշներում արձանագրված աճն է, քանի որ ամբողջ անցյալ տարին այստեղ աճ չարձանագրվեց: Իսկ այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին դրական տեղաշարժն աննշան էր: Եվ ահա մարտին նախորդ ամսվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճեցին ավելի քան 20 տոկոսով: Հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական ընդհանուր արտադրանքի աճը կազմել է 4,3 տոկոս:
Ինչպես հայտնի է, արդյունաբերության արտադրանքի ծավալները վիճակագրական ծառայության կողմից նշվում են նաեւ առանց էլեկտրաէներգիայի եւ առանց ադամանդի արտադրության: Առանց էլեկտրաէներգիայի արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 2,8 տոկոսով, իսկ առանց ադամանդի արտադրությանՙ 7,9 տոկոսով: Վերջին թիվը կարելի է բնութագրել ե՛ւ որպես դրական ցուցանիշ, ե՛ւ որպես բացասական: Դրականն այն է, որ շարունակվում են Հայաստանի արդյունաբերության դիվերսիֆիկացիան եւ կախվածությունը մեկ ճյուղից նվազում է: Բացասականն այն է, որ, այդուհանդերձ, այդ մեկ, շատ կարեւոր ճյուղումՙ ադամանդագործության մեջ անկումը չի դադարում: Մինչդեռ անգամ այդ պայմաններում այս ճյուղն ապահովում է արտահանման 16-17 տոկոսը:
Արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների մասին խոսելով, նշենք, որ ցանկալի կլիներ, որպեսզի մեկ այլ տողով էլ առանձին նշվեին արդյունաբերական արտադրանքի ծավալներնՙ առանց միասին վերցրած էլեկտրաէներգիայի եւ ադամանդի ծավալների: Դա հնարավորություն կտար առավել պարզորոշ պատկերելու արդյունաբերության վիճակը:
Տնտեսության մյուս ճյուղերից գյուղատնտեսության արտադրանքն աճել է 2,2 տոկոսով, մանրածախ առեւտրի շրջանառությունըՙ 8,1 տոկոսով: Դարձյալ աճի բարձր տեմպ է արձանագրվել ծառայությունների ոլորտումՙ 13,6 տոկոս: Շարունակվում է անցյալ տարի ամենաբարձր աճ արձանագրած ճյուղիՙ շինարարության ծավալների աճը: Եթե հունվարին եւ փետրվարին, սեզոնային գործոնով պայմանավորված աճի տեմպերն այստեղ դանդաղել էին, ապա մարտին դրանք կտրուկ ավելացել էինՙ 68,2 տոկոսով: Հունվար-մարտ ամիսներին, շինարարությունում արձանագրվել է 16,4 տոկոս աճ: Սպասելի է, որ այս ճյուղում աճի տեմպերն առաջիկա ամիսներին կավելանան:
Միջին ամսական աշխատավարձն այս տարվա առաջին եռամսյակում համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ ավելացել է 19,7 տոկոսով եւ կազմել 69900 դրամ: Բյուջետային ոլորտում այդ ցուցանիշը կազմել է 52 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 86 հազար դրամ: Այս տարվա առաջին երեք ամիսներին դեկտեմբերի նկատմամբ գներն աճել են 2 տոկոսով:
Ավելանում են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները: 2007 թ.-ի առաջին եռամսյակում աճն այստեղ կազմել է 44,4 տոկոս, գումարային առումով հասնելով 876 մլն դոլարի:
Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել են 231 մլն դոլարի ապրանքներ, որը 25 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում էր: Ներմուծել ենք 645 մլն դոլարի ապրանքներ կամ մոտ 53 տոկոսով ավելի, քան 2006 թ.-ի հունվար-մարտին: Հետաքրքրական է սակայն, որ մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է արտահանման 26,8 տոկոս (96 մլն դոլարի) եւ ներմուծման 5,1 տոկոս աճ: Այսինքն, միայն մարտ ամսին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպին: Այնուամենայնիվ, արտաքին առեւտրում շարունակում է պահպանվել բացասական հաշվեկշիռըՙ արտահանման եւ ներմուծման տարբերությունը հօգուտ ներմուծման կազմել է 414 մլն դոլար: Առանց ադամանդի արտադրանքի հաշվառման, արտահանումն ավելացել է 36,3 տոկոսով, իսկ ներմուծումըՙ 64 տոկոսով:
Հարկ ենք համարում հիշատակել, որ արտահանման ծավալների նման աճն արձանագրվել է ամբողջ անցյալ տարի եւ այս տարվա առաջին եռամսյակում, չնայած դրամի շարունակվող արժեւորմանը: Մասնավորապես առաջին եռամսյակում 1 դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամով կազմել է 359 դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ